ԳՅՈՒՄՐԻԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Արխիվ 12-16| ՔԱՂԱՔԱԿԱՆ |
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` 27-ամյա Կարեն Եսայանի` կիրակի օրը տեղի ունեցած հուղարկավորումից գրեթե անմիջապես հետո, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ կայացվեց որոշում` երկամսյա ժամկետով կալանավորել այս պահին սպանության հիմնական կասկածյալին` 29-ամյա Հարություն Սամվելի Սարգսյանին: Ըստ մեր աղբյուրների` այս պահին քննությունը վարող իրավապահները համոզված են, որ իրոք սպանությունը Հարությունի ձեռքի գործն է: Ավելին, կան տվյալներ, որ հայտնաբերված է նաեւ սպանության զենքը: Կան տվյալներ, որ ավտոլվացման կետի տեսախցիկը (առավոտյան այստեղ է եղել Կ. Եսայանը` նախօրեին թողած մեքենան վերցնելու համար) ֆիքսել է նաեւ, թե ինչպես է մեկը մոտեցել, նստել Կ. Եսայանի մեքենան, ու նրանք միասին հեռացել են: Մի խոսքով, տեխնիկապես այս սպանությունը բացահայտելը առանձնապես բարդություն չէր ներկայացնում ու շատ հավանական է, որ մոտ օրերս պաշտոնապես եւս կհայտարարվի այս աղմկալից պատմությունը բացահայտված լինելու մասին, ու կսկսվի հետագա ընթացքը` քննությունը պաշտոնապես ավարտել, դատարան եւ այլն: Բայց մեկ է` ինչ-որ բան կարծես թե դեռ այն չէ: Այսինքն` այնքան էլ հասկանալի չէ, թե, ի վերջո, ո±րն էր սպանության պատճառը...
Սպանության հենց հաջորդ օրը ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը մի ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ` խոստանալով, որ գործն արագ կբացահայտվի. նա այնուհետեւ միանշանակ հայտարարեց, թե սա քաղաքական բնույթի սպանություն չէ: Ո±րն էր պարոն Գասպարյանի այդ համոզվածության պատճառը, առավել եւս, որ այդ պահին նոր-նոր ընդամենը վարկածներ էին առաջ քաշվում, եւ միայն ժամանակը պետք է ցույց տար, թե դրանցից որն է տանում դեպի իրականություն: Մյուս կողմից էլ կարելի է հասկանալ տեղի ունեցածը չքաղաքականացնելու, ավելի ճիշտ` քաղաքականացվելուց հեռու պահելու ոստիկանապետի մտավախությունը. Հայաստանում, առանց այդ էլ կապված ընտրությունների հետ, իրավիճակը եռում է. Գյումրիում էլ, թերեւս, էլ ավելի մեծ չափով:
Եվ այս դեպքում հիմնական կասկածյալը` Հարություն Սարգսյանը` Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին, նաեւ ինչպես ի սկզբանե պնդում էին բոլոր ԶԼՄ-ները, Գյումրիում ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առանցքային ներկայացուցիչներից մեկն է` ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի սանիկն է: Եվ, առհասարակ, հայտնի է նաեւ, թե ինչ հին պատմություն է Վարդան Ղուկասյան-Մարտուն Գրիգորյան հակամարտությունը: Ընդ որում, ինչպես քաղաքական, այնպես էլ ոչ քաղաքական ուղղություններով այդ հակամարտությունը քանիցս բուռն վերելքներ է ունեցել, եւ այսօր էլ բավականին սրված էր ԱԺ ընտրությունների համատեքստում: Դե, պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե այս սպանությունն էլ ինչ-որ անտեսանելի թելերով գար ու էլ ավելի թեժացներ նախընտրական կրքերը: Եվ ավելին, կան տվյալներ, որ Կարեն Եսայանի դին հայտնաբերելուց շատ չանցած, արդեն իսկ ընդհուպ մինչեւ հնչում էին վրեժի կոչեր, եւ այդ առաջին շոկային պահին հնարավոր միանգամայն անկանխատեսելի հետեւանքներով հղի բավականին զանգվածային գործողությունները Վ. Ղուկասյանին որոշ դժվարություններով է հաջողվել կանգնեցնել: Ու, թերեւս, դրանից հետո ոստիկանապետին մնում էր միայն նախաքննությունից առաջ ընկնելով հայտարարել, թե սպանության դրդապատճառի վարկածները քաղաքական չեն:
Բայց հետո ի±նչ կլինի, դա արդեն մեդալի մյուս երեսն է: Բանն այն է, որ այս պահին շրջանառվող վարկածներն ամենեւին էլ միանշանակ հետեւությունների տեղիք չեն տալիս: ԱՌԱՋԻՆ ՎԱՐԿԱԾԸ շրջանառության մեջ դրվեց դեպքից` կարելի է ասել նույնիսկ հաշված ժամեր անց: Խոսքը ՙսպանություն խանդի հողի վրա՚ վարկածի մասին է: Ըստ այդ վարկածի` Վ. Ղուկասյանի դստեր հետ ցանկանում էր ամուսնանալ նաեւ Հարություն Սարգսյանը եւ այդ պատճառով էլ նշանադրությունից անմիջապես առաջ սպանել է Կարեն Եսայանին: Բայց...
Այս վարկածի հետ կապված մի շարք ՙբայցեր՚ կան: Մեր աղբյուրները, փոխանցելով անմիջապես Վ. Ղուկասյանից ստացված տվյալները, նրա դստեր ձեռքը խնդրելու Հ. Սարգսյանի ՙդեպքը՚ ներկայացնում են այսպես. մի երկու ամիս առաջ Հարությունի հայրը` Սամվել Սարգսյանը, այցելել է Վ. Ղուկասյանի տուն: Նպատակը եղել է, այսպես ասած, աղջիկ տեսնելը: Վ. Ղուկասյանը նրան ընդունել է շատ նորմալ, լսել այցի նպատակը ու տեղեկացրել, թե իր աղջիկն արդեն իսկ փեսացու ունի եւ առաջիկայում պետք է տեղի ունենա նշանադրությունը: Ս. Սարգսյանն էլ շատ հանգիստ աղջկան բարի բախտ է մաղթել ու հեռացել: Այսինքն` ըստ այս տարբերակի, Հարությունն ու Վ. Ղուկասյանի դուստրը` Անին, նույնիսկ ծանոթներ էլ չեն եղել, էլ ուր մնաց` մտերիմներ: Այս այցելությունից հետո ԱՄՆ-ից վերադարձել է փեսացուն` Կ. Եսայանը, սակայն որեւէ կերպ Հ. Սարգսյանն իրեն զգացնել չի տվել մինչ դեպքի օրը:
Գյումրին փոքր քաղաք է, այստեղ տղայի եւ աղջկա ընկերության մասին շատերն են իմանում: Սակայն քաղաքի մեր մի շարք աղբյուրները եւս միանշանակ այն են պնդում, թե Հարությունի եւ Անիի ընկեր-ընկերուհի լինելու մասին երբեւիցե ծպտուն անգամ չի եղել: Եվ այս իրավիճակում ասել, թե խանդի հողի վրա Հարությունը, առանց Կարենի հետ խոսելու, ինչ-որ պահանջներ ներկայացնելու նշանադրության շեմին սպանել է նրան, մի տեսակ խելքին մոտ չի թվում: Համենայնդեպս, այստեղ կան բազում ու բազում հարցականներ ... Իրոք, մի կողմից անհասկանալի է, թե ինչպե±ս կարելի է հանուն քիչ ծանոթ աղջկա հանդեպ խանդի հողի վրա սպանություն կատարել` թերեւս գիտակցելով, որ եթե նույնիսկ սպանես փեսացուին, ապա հազիվ թե նրա տեղը գրավես:
ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿԱԾԸ. սպանությունը, այնուամենայնիվ, ինչ-որ տեղ կապվում է քաղաքականության հետ: Ընդ որում, դեպքի հենց հաջորդ օրը Վ. Ղուկասյանն էլ իր հերթին բավականին թափանցիկ ակնարկեց, որ ավելի շատ այդ վարկածի կողմանկիցն է: Խոսելով ՙխանդի հողի վրա սպանության՚ վարկածի մասին` նա նման մի հայտարարություն արեց. ՙՈ°չ, նման բան չկա... ո°չ անձնական, ո°չ խանդի հողի վրա ոչ մի բան չկա: Այդ թելն ամբողջությամբ տանում է դեպի ԲՀԿ-ի թեւերը: Այսինքն` այն մարդիկ, ովքեր հիմա բանտարկված են, դրանք ՙԲարգավաճ՚ կուսակցության կարկառուն դեմքերից են՚:
Իհարկե, այստեղ թելը տանում է դեպի Հ. Սարգսյանի քավոր-սանիկային հետքով` դեպի Մարտուն Գրիգորյան ¥չնայած, որ վերջինս հերքում է, թե կա քավոր-սանիկային կապ եւ այս ամբողջ պատմությունն իր հետ կապելը համարում է պատվեր, բայց այդպես էլ չմեկնաբանելով, թե կոնկրետ ում կողմից եւ ինչ նպատակով տրված պատվերի մասին է խոսքը¤, ով էլ, բնականաբար, չհապաղեց հերքել սպանության քաղաքական վարկածը` պնդելով, թե սպանվողի հարազատների հետ էլ լավ հարաբերությունների մեջ է եղել եւ որ առհասարակ. ՙԳնում ենք ընտրությունների, յուրաքանչյուր խելացի մարդ հասկանում է, որ այս օրերին իրեն նմանատիպ բաները ո°չ պետք է, ո°չ էլ դրա կարիքը կամ անհրաժեշտությունը կա...՚:
Մյուս կողմից էլ իրոք անհասկանալի է, թե քաղաքական առումով Մարտուն Գրիգորյանին ի±նչ օգուտ կարող էր տալ այս սպանությունը (իսկ վնասները բազմաթիվ են), եթե հակվենք սպանության քաղաքական վարկածի օգտին: Բոլոր դեպքերում, անկախ այս վարկածի հիմնավոր կամ անորոշ լինելուց, մի քաղաքական եզրակացության հանգելն այս պատմությունից կարելի է. պետք է պարզ գիտակցել, թե ինչպիսի ՙկադրերով՚ է համալրված Գյումրիում ԲՀԿ-ն եւ ինչ կլինի, եթե նմանատիպ կադրերը գան իշխանության:
ԵՐՐՈՐԴ ՎԱՐԿԱԾԸ. այս ամենով հանդերձ, Գյումրիի քաջատեղյակ որոշ շրջանակներում շրջանառվում է մեկ այլ վարկած եւս: Ըստ դրա` Հ. Սարգսյանի գործողությունների հետեւում, այնուամենայնիվ, ինչ-որ անձինք գոյություն ունեն: Ավելի շատ քննարկվում է այն տարբերակը, թե Հարությունին պարզապես ՙթասիբի՚ գցող է եղել: Ասենք այսպես` տե°ս, թե ամերիկաներից եկած ինչ-որ մեկն ինչպես աղջկան ձեռքիցդ տարավ, զրկեց Վ. Ղուկասյանի փեսան դառնալու հնարավորությունից եւ այլն: Ընդ որում, այս վարկածի կողմանկիցներն ամենեւին էլ միանշանակ հետքը չեն տանում դեպի Մ. Գրիգորյանը, սակայն չեն էլ բացառում, որ հնարավոր է եւ նրա ՙմարդկանցից՚ մեկն է նման հիմարություն արել` առանց հետեւանքների մասին մտածելու: Բայց ոչ պակաս հավանական են համարում այն տարբերակը, որ կարող է եւ կա, այսպես ասած, երրորդ շահագրգռված կողմ, ով այս քայլով փորձում է իրար նկատմամբ ծայրահեղ թշնամական վիճակի հասցնել Վարդան Ղուկասյանին ու Մարտուն Գրիգորյանին` դրանից սպասվող բոլոր ծայրահեղ հետեւանքներով եւ քաղաքական ՙդիվիդենտրով՚ հանդերձ: Կարելի է ենթադրել, թե ո±ւմ կարող է ձեռք տալ անհանդուրժողական հակադրվածություն առաջացնել ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ երկրի երկրորդ քաղաքում ընտրությունների նախաշեմին: Մի խոսքով, սպասենք իրադարձությունների զարգացումներին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

