ՄԵՐՕՐՅԱ ՖՈՒՆՏԸ
Արխիվ 12-16| ՔԱՂԱՔԱԿԱՆ |
ՄԵՐՕՐՅԱ ՖՈՒՆՏԸ
Մինչեւ բարգավաճելը ես եղել եմ ՀՅԴ-ում, եղել եմ Դեմիրճյանի ՀԺԿ-ում, եղել եմ ՙԿայունությունում՚, Ա. Գեղամյանի ՙՄիաբանությունում՚, Սամվել Բաբայանի ՙԴաշինքում՚:
ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ՖՐՈՆՏ
Եվ այսպես, ՀԱԿ-իստները իրենց մաշկի վրա ճաշակեցին իրենց իսկ սիրելի հնարքը` ՙժողովրդի ինքնաբուխ գործողությունները՚: 7-րդ ընտրատարածքում բակային հանդիպման ժամանակ բավականին պատկառելի բազմություն Նիկոլ Փաշինյանից պահանջեց հեռանալ:
Խոշոր հաշվով, հասկանալի դարձավ ՀԱԿ-ի մեծամասնական առաջադրումների մեծ մասի մարտավարությունը` տեղում հրահրումներով զբաղվել` հրապարակավ անպատվելով մյուս թեկնածուներին, ու այնուհետ ցանկացած հակազդեցություն ներկայացնել որպես ՙավազակապետության վայրագություններ՚:
Նման է, որ ՀԱԿ-ը` որպես այդպիսին, փորձում է գնալ վա-բանկ. այսպես, ըստ Լեւոն Զուրաբյանի` ՙՙԲարգավաճ Հայաստանը՚ դարձել է արդեն ինքնուրույն քաղաքական գործոն... Եվ դրանից չօգտվելը, ես կարծում եմ, մի շռայլություն է, որը մենք մեզ թույլ տալ չենք կարող... Եղել է ռեժիմից ԲՀԿ-ի սահմանազատման պարագայում օրինական ընտրությունների անցկացման շուրջ համագործակցության մասին քաղաքական վերլուծություն, եւ այժմ այդ վերլուծությունը իրականություն է դառնում՚: Բայց միաժամանակ Լեւոն Զուրաբյանը շեշտեց, որ ՀԱԿ-ը իր ոչ մի գնահատականից չի հրաժարվում, այսինքն` որ նաեւ ԲՀԿ-ին տրված նախկին կոշտ գնահատականներից չի հրաժարվում, բայց իրենց գերնպատակը Հանրապետական մեծամասնությունը կազմաքանդելն է. ՙԵթե մենք կարողանում ենք ստեղծել հակահանրապետական ֆրոնտ...՚: Այսինքն` ստացվում է, որ իրենք չեն էլ թաքցնում, որ ձգտում են պարզապես օգտագործել ԲՀԿ-ի ռեսուրսը` հակապետական ՙնարնջագույն՚ հեղաշրջում իրականացնելու համար, եւ հենց դրա համար է, այսպես կոչված, ՙմիասնական շտաբը՚. ՙԵթե հանձնաժողովներում նույն գործին լծված լինեն Դաշնակցության, ՙԺառանգության՚, ՙԲարգավաճ Հայաստանի՚ հանձնաժողովի անդամները եւ նրանց վստահված անձինք, ուրմեն` վստահ եղեք, որ ոչ մի ընտրակեղծիք հանրապետականները չեն կարողանալու իրագործել՚: Ստացվում է, որ ՀԱԿ-ականները ընդունում են, որ ընտրությունները լինելու են օրինական:
Սակայն ՙմիասնական շտաբ՚ կոչեցյալում գործերն այնքան էլ փայլուն չեն: Րաֆֆի Հովհաննիսյանը սկզբում առաջադրեց նախապայման, որ հռչակագիրը պետք է ստորագրեն առաջին դեմքերը, եւ պետք է ստեղծվի հանձնաժողով, որը ուսումնասիրում է բարեգործության անվան տակ իրագործվող ընտրակաշառքները, այնուհետ առաջ քաշեց պահանջ, որ ԲՀԿ-ն պետք է դուրս գա կոալիցիայից, իսկ ՙԱզատ դեմոկրատների՚ ներկայացուցիչ Ալիկ Արզումանյանը նույնիսկ կոալիցիոն հուշագիրն անվանեց ՙհաղորդում հանցագործության մասին՚: ՙԺառանգության՚ փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանն էլ, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց, որ ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը մասնակից են իշխանափոխության գործընթացին, որի արդյունքում իշխանության պետք է գա ԲՀԿ-ն:
Բայց, խոշոր հաշվով, նույն ԲՀԿ-ի առջեւ կողմնորոշվելու խնդիր կա` թե ջրբաժանի որ կողմում են` հակապետական ֆրոնտի մասնակի±ց են դառնում, թե± ոչ: Բնականաբար, ԲՀԿ-ում ՙնարնջագույն՚ գիծն առաջ է տանում Վարդան Օսկանյանը, իսկ դրան հակառակ կուսակցության ներսում կա եւ պետականամետ գիծ, գումարած դրան` նաեւ սպասողական դիրքորոշում ունեցողներ, որոնք սպասում են հարմար պահի, որպեսզի միանան առավել ուժեղ թեւին: Կմիանա±ն նրանք ստվերում գտնվող եւ դեպի ԱՄՆ վերակողմնորոշված Ռոբերտ Քոչարյանին ու բացահայտ գործող Վարդան Օսկանյանին, դա առաջիկա 20 օրերի, եթե ոչ պակաս ժամանակաշրջանի ընտրությունն է:
Ի դեպ, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը ենթադրություն է հայտնել, որ Վարդան Օսկանյանը ցանկանում է դառնալ ԲՀԿ ղեկավար, քանի որ նրա ելույթների տրամաբանությունն այդ է: Պատգամավորը նաեւ նշեց. ՙՎստահաբար կարող եմ ասել, որ Վարդան Օսկանյանի հետ պետք է զրուցեն հոգեբանները, միգուցե դրանից հետո նաեւ` հոգեբույժները եւ կարիք լինի լուրջ միջամտության: Մի մարդ, որը նախկինում 17 տարի պաշտոնավարելով եւ երբեմն խառնելով անձնական կարծիքը թիմի կարծիքի հետ, ասում էր, թե ունի որոշակի լեզվամտածողության խնդիրներ, դրա համար շփոթվում է: Միգուցե այստեղ էլ կա նման խնդիր: Ինքը անդամակցել է մի քաղաքական ուժի, որը հենց այս ոլորտներն է ղեկավարում, եւ կառավարությունում այդ ուժը հակառակ տեսակետներով աչքի չի ընկել՚: Դե ինչ, ժամանակին Ռոբերտ Քոչարյանն էր խորհուրդ տալիս դիմել ՙուրիշ մասնագետի՚, իսկ հիմա Քոչարյանի կադրին են ուղարկում Քոչարյանի մատնանշած ՙուրիշ մասնագետի՚ մոտ: Իրոք, որ քաղաքական կյանքը բումերանգի հատկություն ունի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

