ՈՒՄ ԿՈՂՄԻՑ ԵՔ ՍՊԱՍՈՒՄ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐ
Արխիվ 12-16![]()
ՈՒՄ ԿՈՂՄԻՑ ԵՔ ՍՊԱՍՈՒՄ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐ
Օրերս ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ՙԺառանգություն՚ կուսակցությունը ՀԱԿ-ի հետ միասին ստեղծել են շտաբ, որպեսզի պայքարեն ընտրակեղծիքների դեմ: Աբսուրդ է, բայց փաստ, որ վերը նշված կուսակցությունները բոլորովին զերծ չեն մնացել եւ մնում ընտրակաշառքներ, եւ ինչու չէ, նաեւ ընտրակեղծիքներ կատարելու հարցում, իսկ հիմա մի անհասկանալի պայքար են մշակում` չհասկանալով, թե ում է դա ուղղված: ՙՈ±ւմ կողմից եւ ի±նչ ընտրակեղծիքներ եք սպասում այս ընտրություններին՚,- հարցով Z-S սոցհարցման կենտրոնն անց է կացրել հարցում 100 հոգու շրջանակում` Երեւան քաղաքում: Մինչ արդյունքները ներկայացնելը տեսնենք, թե ինչ կարծիք ունեն մեր քաղաքական գործիչները:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ. ՙՅուրաքանչյուր սուբյեկտ` քաղաքական գործունեության մեջ, երբ փորձում է մասնակցել ընտրական պրոցեսին, պետք է գիտակցի, որ յուրաքանչյուր գործողություն կանոնակարգված եւ ամրագրված է ընտրական օրենսգրքով եւ միայն ընտրական օրենսգիրքն է առաջին երաշխիքը:
Այնպես որ` շտաբ ստեղծեն, բրիգետ եւ թե դաշտային առաքելություն, միեւնույն է դա պետք է սահմանված լինի ընտրական օրենսգրքով, իսկ դրանից դուրս յուրաքանչյուր գործողություն համարվելու է ընտրական գործընթացը խոչընդոտող: Դրա համար կուսակցությունները տարածքներում ունենում են վստահված անձինք, գոյություն ունի հանձնաժողով եւ այլն: Այնպես որ այս ամենի պարագայում լրացուցիչ շտաբ ստեղծելը լրացուցիչ ձեւականություն է, որոնք պարզ չէ, թե որքանով օգտակար կլինեն՚:
Գրող, հրապարակախոս, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՙԻհարկե, ՀԱԿ-ից մի լավ ասացվածք կա, որ ասում է` ՙգողը գողանում է եւ առաջինն է գոռում, որ գողացան՚, այս ամենը եկել է հենց իրենցից: Ժամանակին, երբ կասեցրեցին Դաշնակցության գործունեությունը մի քանի ամիս, ՀՀ առաջին նախագահի օրոք, հնարավոր բոլոր ստուգումները արեցին, իսկ ես ՀՕՄ-ում ատենապետ էի այդ ժամանակ: Նրանք այդ կերպ ցանկանում էին ստուգել, թե ի±նչ ենք մենք գողանում, եւ այդպես էլ չգտան, որովհետեւ նրանք չէին պատկերացնում, որ կարելի է նաեւ չգողանալ: Ընտրակեղծիքներն այդ ժամանակ պարզապես սարսափելի էին, իսկ մեր ժողովուրդը կուրացած էր իր ազատության բանաստեղծությունից, Արցախի հարցից, Հայաստանի կանանց 90 տոկոսը խելագարի պես վազում էր դրանց հետեւից: Իսկ ինչ վերաբերվում է ՀՅԴ-ի` այս նախաձեռնության միանալուն, ապա կարող եմ ասել, որ իմ հարազատ կուսակցությունը մասնակցում է մի քաղաքական գործընթացի, որը շատ կարեւոր է իմ հարազատ կուսակցության համար, որովհետեւ մենք ընտրակաշառքներ չենք բաժանում՚:
ՀԿԿ առաջնորդ ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ. ՙԵս սպասում եմ այնպիսի ընտրակեղծիքներ, ինչը տեղի է ունեցել վերջին 20 տարիներին, այդ թվում` այնպիսի կեղծիքներ, որոնք անհարիր են մեր երկրի համար: Եթե այս ընտրությունները չկեղծվեն, ապա հայ ժողովուրդը անպայման սոցիալիստական գաղափարախոսության, Հայաստանի Կոմկուսի կողքը կկանգնի եւ կկանգնի վճռական՚: ՙԻսկ հատկապես ումի±ց եք սպասում կեղծիքներ եւ Ձեզ հրավիրե±լ են այդ շտաբին միանալու համար՚,- հարցին Ռ. Թովմասյանն ասաց. ՙՈվքեր զբաղվելու են ընտրության հարցով, գումարած` առանձին ռեսուրսներ, այցելություններ եւ այլն: Ինձ շտաբ չեն հրավիրել եւ ցանկանում եմ ձեր թերթի միջոցով հայտնել, որ այնտեղ հավաքվել են իբր քաղաքականություն կերտող, մշակող էլիտան, որոնք իբր պետք է պայքարեն ընտրակեղծիքների դեմ: Եթե ինձ հրավիրեին, ես չէի գնա, քանի որ դա անլուրջ է եւ պարզապես բառախաղ են անում ի ցույց ժողովրդի, թե իբրեւ նրանք զբաղվում եւ պայքարում են ընտրակեղծիքների դեմ՚:
Դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. ՙՄենք պետք է բոլոր հնարավոր միջոցները օգտագործենք, որպեսզի ընտրակեղծիքներ չլինեն: Իսկ այն, որ այդ կուսակցությունները սեպարատ ձեւով հավաքվել են` դա իրենց խնդիրն է, իսկ մենք հանդես կգանք առանձին հայտարարությամբ եւ կօգտագործենք մեր հնարավորությունները ընտրակեղծիքները կանխելու համար: Մենք ոչ թե սպասում են դրան, այլ ցանկանում ենք վերահսկել, որպեսզի դրանք չլինեն՚:
Իսկ հիմա տեսնենք, թե ո±ւմ կողմից են ամենաշատը սպասում ընտրակեղծիքներ մեր համաքաղաքացիները:
1. ՀԱԿ-58%
2. ԲՀԿ-28%
3. ՙԺառանգություն՚-21%
4. ՀՀԿ-19%
5. ՕԵԿ-17%
6. ՀՅԴ-13%
7. ՀԿԿ-8%
8. ՀԴԿ-3%
9. Միավորված Հայեր-0%
Ի±նչ տեսակի ընտրախախտումներ եք պատկերացնում` հարցին տրվել են հետեւյալ պատասխանները, սակայն ստորեւ նշված տեսակների տոկոսային հաշվարկները կներկայացնենք թերթի առաջիկա համարներից մեկում.
ա) ընտրակաշառք
բ) ադմինիստրատիվ ճնշում
գ) ֆինանսավորում արտասահմանից
դ) կրիմինալի ճնշում
ե) քվեարկություն` բացակաների փոխարեն
զ) լցոնումներ
է) կեղծ հաշվարկ
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

