ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ԱՌԻԹԻՑ-2
Արխիվ 12-16| ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ԱՌԻԹԻՑ-2
Երեւանի Ալյումինի գործարանի շուրջ 100 աշխատակիցների դժգոհություններին անդրադառնալու առիթներ ունեցել ենք: Եվ, առհասարակ, գործարանի ռուսաստանյան սեփականատերերի եւ աշխատակիցների մի պատկառելի խմբի միջեւ ժամանակին եւս նմանատիպ վեճ կար: Ժամանակին այն նույնիսկ անցավ դատարանով, լուծվեց հօգուտ բանվորների: Եվ ահա հերթական բողոքը...
Օրերս ՍԻՄ ՙԱզդակ՚ ակումբում ՙԱրմենալի՚ աշխատավորական կոլեկտիվի մի խումբ եւ նրանց ներկայացուցիչ` ՙԼեւ Գրուպ՚ իրավաբանական գրասենյակի ղեկավար Լեւոն Բաղդասարյանը ներկայացրեցին պատմության զարգացումները:
Սկսելով իր խոսքը` Լ. Բաղդասարյանը նախ ներկայացրեց բանվորների հայտարարությունը. ՙՄենք` ՙՌուսալ-Արմենիա՚ ՓԲԸ գործարանի գլանման արտադրամասի աշխատակիցներս` թվով հարյուր հոգի, հայտարարում ենք. տարիներ շարունակ աշխատում ենք վնասակար պայմաններում, աշխատանքի ընթացքում շփվում ենք թունավոր, առողջությանը վնաս պատճառող նյութերի հետ, չնայած մեր արտադրամասից, որպես վնասակար պայմաններում աշխատողների, թոշակավորում են սահմանված ժամկետից ավելի շուտ, սակայն մինչեւ հիմա չենք ստանում վնասակարության համար օրենքով նախատեսված հավելավճար:
Դիմում ենք հանրապետության նախագահին, վարչապետին, բոլոր շահագրգիռ անձանց, կազմակերպություններին: Հարյուր աշխատակցի ետեւում կանգնած են ընտանիքի հարյուրավոր անդամներ: Մենք չենք ցանկանում բռնել օտար-ամայի ճանապարհները: Մենք պահանջում ենք հավասար պայմաններ, ինչը, որ նույն գործարանի Ռուսաստանի մեր գործընկերներինն է, պահանջում ենք մեզ հասանելիք` վնասակարության համար նախատեսված աշխատավարձը՚:
Պարոն Բաղդասարյանը հավելեց նաեւ, որ վերջիններիս անունից հայցադիմում է պատրաստվել եւ դիմել են դատարան չվճարված հավելավճարը բռնագանձելու պահանջով:
Անցկացնելով զուգահեռներ` Լ. Բաղդասարյանը հիշեց նաեւ ժամանակին այս ձեռնարկության հետ կապված աշխատակիցների հիշատակված վեճն ու նկատեց. ՙԴա այլ արտադրամասի խնդիր էր եւ կրկին վերաբերում էր վնասակարության հետ կապված հավելավճարներին: Այն ժամանակ էլ դիմեցինք դատական պաշտպանության, եւ դատաքննության փուլում կնքվեց հաշտության համաձայնություն՚: Չնայած դրան` առաջացավ հերթական խնդիրը, եւ այս անգամ մի ամբողջ արտադրամաս է նույն հարցով բողոքում: Պարոն Բաղդասարյանը վստահեցրեց, որ ձեռնարկության ղեկավարությունը, թեեւ տեղյակ է խնդիրն, սակայն ՙլուծման հետ կապված դրական ոչ մի պատասխան չկա՚: Եվ դրանից հետո արդեն նա կարծում է, որ ՙսա գլոբալ խնդիր է եւ` տվյալ դեպքում, կարծում եմ, որ գլոբալ լուծում է պետք տալ: Այսինքն` տեղին կլիներ, որ պետական լիազոր մարմինը եւս դրան անդրադառնար եւ օրենքով սահմանված կարգով հանգուցալուծեր խնդիրը: Վերջին հաշվով, խոսքը ՀՀ քաղաքացիների մասին է, աշխատավորների: Եվ օրենքի ուժով նրանք թոշակավորվում են ավելի շուտ, քանի որ վնասակար պայմաններում են աշխատում: Բայց, չգիտես ինչու, այդ վնասակար պայմանների համար նախատեսված հավելավճարը նրանք չեն ստանում՚:
Արդյունքում, աշխատելով նման վտանգավոր պայմաններում, շարքային բանվորը ստանում է 130 հազար դրամի կարգի աշխատավարձ, ինչը, նկատենք, որ ծիծաղելի գումար կլիներ ռուսաստանյան սեփականատերերի ռուսական գործարաններում աշխատող բանվորների համար: ՙԱմիսներ առաջ, երբ հանրապետության վարչապետը գտնվում էր այդ ձեռնարկությունում, հայտարարվեց, որ գործարանի միջին աշխատավարձը կազմում է 260 հազար դրամ: Բնականաբար` միջին աշխատավարձը ստացվում է բարձր եւ ցածր աշխատավարձերի միջինացման արդյունքում: Միգուցե ղեկավար կազմի աշխատավարձերը բա±րձր են, մի քանի հազար դոլա±ր. դժվարանում եմ ասել: Բայց բանվորների միջին աշխատավարձը 130 հազար դրամի կարգի է՚,- նկատեց Լ. Բաղդասարյանը:
Եվ, պատկերացրեք, այս խնդրի հետ կապված արդեն ՙՌուսալ-Արմենիա՚ ՓԲԸ-ի արձագանքը չհապաղեց. ընկերությունից հակադարձեցին, թե օրենսդրությամբ գլանման արտադրամասում աշխատելու համար արտոնություններ սահմանված չեն, հետեւաբար` իրավական հիմքեր չկան աշխատողներին վնասակարության համար գերավճարներ տալու: Իսկ դա արդեն նշանակում է, որ խնդրի կարգավորումը պետք է ակնկալել դատարանից, եթե, իհարկե, պետական պատկան կառույցները չփորձեն վերջապես պարզել, թե այդ ինչպե±ս է ստացվում, որ նույն ձեռնարկությունում պարբերաբար մարդիկ նման բողոքներ են ներկայացնում:
Դրա հետ մեկտեղ էլ, գործարանի ղեկավարությունը պնդում է, թե գլանման արտադրամասի աշխատողների միջին ամսական աշխատավարձը կազմել է ոչ թե 130, այլ 2011թ.-ին` 208,6 հազ. դրամ, իսկ այս տարվա հունվար-մարտ ամիսներին` 203,7-254,6 հազար կարգի: Բայց դե, նույն արտադրամասի աշխատակիցներն էլ իրենց խոսքին են, թե 130 հազար միջին աշխատավարձ են ստանում, եւ, անկեղծ ասած, հիմքեր չենք տեսնում նրանց չհավատալու:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

