ԲԵՆԶԻՆԻ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐՆ ԻՆՉՔԱՆՈՎ ԵՆ ԳԵՐՇԱՀՈՒԹԱԲԵՐ
Արխիվ 12-16| ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ |
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով գտնվում է արձակուրդում: Ուստիեւ, հանձնաժողովում այս ժամանակահատվածում ընթացող աշխատանքների հետ կապված զրուցեցինք հանձնաժողովի նախագահի տեղակալ ՊԱՎԵԼ ՂԱԼԹԱԽՉՅԱՆԻ հետ, ով ներկայումս կատարում է նախագահի պարտականությունները: Եվ հասկանալի է, որ զրույցը սկսեցինք վերջին ժամանակներիս ամենաաղմկահարույց թանկացումներից մեկի` բենզինի եւ դիզելային վառելիքի թեմայից:
- Ինչո±ւ է բենզինը հա մի գլուխ թանկանում:
- Հիմնական պատճառներից մեկը, թերեւս, շատերին է տեսանելի. դա նավթամթերքների ու առանձնապես բենզինի միջազգային գների թանկացումն է: Մենք գնային այդ տեղաշարժերին հետեւում ենք միջազգային բորսաներով եւ անգամ կոնկրետ այն նավթավերամշակման գործարանների գներով, որտեղից նավթամթերք են ձեռք բերում մեր տնտեսվարողները: Դրանք հիմնականում երկու երկրից են: Նախնական տվյալներով, համենայնդեպս, վերջին ձեռքբերումների հետ կապված, դրսի եւ ներսի գների թանկացումները համարժեք են:
Ամեն դեպքում, մենք այս շուկան մշտական մոնիտորինգի տակ ենք պահում, հաշվի առնելով, որ այստեղ ունենք գերիշխող դիրք ունեցող երկու սուբյեկտներ: Եվ եթե այդ պարբերական հսկողության արդյունքում հիմք առաջանա, մենք, բնականաբար, վարույթ կհարուցենք: Առայժմ բացահայտ տատանումներ միջազգային գների հետ կապված չկան, ու դեռեւս վարույթ չի հարուցվել:
- Այդ պատճառը իրոք բավարա±ր է թանկացումները բացատրելու համար, թե±, այնուամենայնիվ, այլ գործոններ եւս կան:
- Մեր ներքին շուկայում նավթամթերքի գների թանկացման առաջին պատճառը համաշխարհային գների աճն է: Երկրորդը` դոլարի փոխարժեքի տատանումներն են, որ ամեն դեպքում իր ազդեցությունն ունենում է ներկրվող ապրանքների գների վրա: Կա երրորդ պատճառը եւս. ինչպես հայտնի է, մասնավորապես` վառելիքի հետ կապված, փոխվել են հարկային մեխանիզմները: Առաջ, եթե հաստատագրված վճարով էր հարկվում, ապա ներկայումս հարկումը կապված է ներկրման ծավալների հետ: Բայց այս բոլոր գործոններից հիմնականը, կրկնում եմ, միջազգային գների աճն է:
- Պարոն Ղալթախչյան, նման բացատրություն, մասնավորապես` բենզինի հետ կապված, տարիների ընթացքում շատ է եղել: Այսպիսի մի պատկեր է. դրսում գները բարձրանում են, մեզ մոտ` նույնպես: Ապա դրսում գներն իջնում են, իսկ մեզ մոտ մնում նույն մակարդակին: Հետո նորից ու նորից. տարիների ընթացքում քանիցս նման պահեր նկատվել են: Միգուցե այս վերջին դեպքում, ինչպես ասում եք, մեր ներքին թանկացումները համապատասխանում են միջազգային գների աճին կամ Ձեր թվարկած մյուս բոլոր պատճառներին: Բայց ի±նչ պատկեր կստացվի, եթե փորձենք նայել գնագոյացումը, միգուցե ժամանակին այդ թանկացումների ու չէժանանալու պատճառով այսօր մեր շուկայում պետք է որ ավելի ցածր գի±ն լիներ:
- Ես համաձայն եմ, մենք առհասարակ նման դեպքեր ունեցել ենք. կոնկրետ բենզինի մասով դժվարանում եմ ասել, բայց այլ ապրանքատեսակների հետ կապված ունեցել ենք: Ու այդպիսի դեպքերը` գնի պահպանումը չհիմնավորված մակարդակի վրա, նույնպես չարաշահում է: Սակայն բենզինի հետ կապված նման դեպքեր, համենայնդեպս, մեր կողմից դեռեւս չեն արձանագրվել: Ամեն դեպքում, ինչպես նշեցի, ոլորտը մշտական վերահսկողության տակ է, եւ եթե նմանատիպ իրավիճակ լինի, մենք անպայմանորեն կարձագանքենք:
- Հարցը նաեւ այս ամիսն էր, թե ներկայիս գնագոյացումը օբյեկտի±վ եք համարում:
- Օբյեկտիվ ասելն այստեղ մի փոքր հարաբերական հասկացություն է: Վերջին հաշվով, շուկա է, պետք է հաշվի առնել նաեւ պահաջարկը, բազում այլ նման գործոններ...
- Խոսքը ներկրողների շահութաբերության մակարդակի մասին է: Այսինքն` պետք է ոլորտը գերշահութաբե±ր համարել, թե± համեմատաբար նորմալ շահույթներ են ձեւավորվում ներկայիս գներով:
- Ներկայիս գներով, շահույթի հետ կապված` կարող եմ վստահաբար ասել, որ մեր երկրում շատ ավելի մեծ շահույթներով բիզնեսներ ունենք. այստեղ մի արտառոց շահութաբերություն, համենայնդեպս, մեր հաշվարկներով չենք ստացել:
- Դիզելային վառելիքի հետ կապված, ինչպես հայտնի է, կա նաեւ պետական սուբսիդավորման ծրագիր: Դա, վերջին հաշվով, պետք է որ կոնկրետ տնտեսվարողի շահութաբերությունն ավելացնի: Խոսքը մեծ ծրագրերի մասին է, եւ այդ գործոնները հաշվի առնո±ւմ եք:
- Մենք ուսումնասիրում ենք կոնկրետ շուկաները, եւ վերահսկողություն տանել այսպես, թե տնտեսվարողն այլ ուղղություններով աշխատանքներ է տանում, եւ կոնկրետ շուկայում պետք է սահմանափակումներ մտցնել, ապա մենք նման գործառույթներ չունենք: Ի վերջո, հիշատակված ծրագիրը Գյուղնախարարության առաջարկով է արված եւ երեւի կոնկրետ հաշվարկներ արվել են:
- Գների աճի հետ կապված նման վարկած էլ է շրջանառվում. վերջերս գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներից մեկին տուգանեցիք 100 մլն դրամով, եւ ահա կան խոսակցություններ, թե թանկացումների պատճառը կարող է լինել նաեւ այն, որ տուգանվողը փորձում է կորցրած փողերը ետ բերել:
- Նման խոսակցությունները կհամարեի շահարկումներ: Ժամանակին մեղադրում էին, թե տեսեք` խոշոր տնտեսվարողը շուկայից դուրս է հանում մանրերին: Երբ պատժեցինք դրա համար, հիմա հակառակ կողմից են քննադատում: Ավելին, նաեւ ասում են, թե առհասարակ տուգանքներն օգուտ չեն տալիս, քանի որ հետո տնտեսվարողները դա իրենց ապրանքի գնի մեջ են մտցնում եւ այլն: Բայց տեսակետը սա է. եթե կա խախտում, ուրեմն պետք է տուգանել, եւ տուգանվում են: Երկրորդ անգամ կանի` երկրորդ անգամ կտուգանենք:
- Եվ նման մի հարց. այս անգամ էլ հայաստանյան գրեթե բոլոր բենզալցակայաններում բենզինն ու դիզվառելիքը թանկացան նույն օրը եւ նույն չափով: Դա արդեն իսկ չի± ստիպում մտածել հակամրցակցային համաձայնության մասին: Ի±նչ է ստացվում. ենթադրենք` ինչ-որ մեկը ներկրել է թանկ գնով, դրա պատճառով իր ապրանքը թանկացնում է: Մյուսն էլ ունի հին ու էժան պաշար, բայց առաջինի օրինակով ինքն էլ է թանկացնում ու գերշահույթ ստանում: Դա արդեն գերիշխող դիրքի չարաշահում չէ±, ի վերջո, խոսքը մոնոպոլիստի մասին է:
- Ընդամենը կարելի է նման բան ենթադրել, կասկածել, բայց դա փաստ չէ: Բանն այն է, որ նավթամթերքի թանկացումը, այսպես ասած, տեսանելի է, ինչը ցույց է տալիս այլ երկրների փորձը եւս: Փորձեմ դա բացատրել այս կերպ. առավոտյան ինչ-որ լցակայան ունեցողը տեսնում է, որ մյուսները թանկացրել են, ու անմիջապես հետեւում է նրանց օրինակին: Այսինքն` այստեղ պայմանավորվածության մի առանձնահատուկ պատճառ էլ չկա, քանի որ դա տեսանելի դաշտ է:
- Միգուցե փոքրերն այդպես վարվեն: Բայց փաստ է նաեւ, որ բենզալցակայանների մի զգալի մասը պատկանում է 2-3 խոշորների: Այսինքն` նրանք կարող են պայմանավորվել, եւ փոքրերն էլ, ուզած-չուզած, կհետեւեն նրանց օրինակին:
- Հասկանալի է, բայց նախ պետք է ապացուցվի, որ այդ 2-3-ը պայմանավորված են:
- Դե, դա էլ հենց հանձնաժողովի գործն է:
- Իհարկե: Սակայն, կրկնում եմ, որ նույն օրը թանկացնելը լրիվ կարող է պայմանավորված լինել եւ շուկայական գործոններով: Եթե խոշորներից մեկը թանկացրել է, մյուսն ինչո±ւ պետք է նրա օրինակին չհետեւի: Իհարկե, միգուցեեւ նա փորձի ավելի խելացի մոտենալ, այսինքն` նախընտրի աշխատել ավելի փոքր շահույթով ու վաճառքի ծավալներ մեծացնել: Բայց դա նրանց բիզնեսն է, եւ չեմ կարծում, որ պետք է գնալ ու նրանց խորհուրդներ տալ, թե` բիզնեսդ այսպես արա: Իսկ մեզ պետք են փաստեր. հակամրցակցային դիրքի չարաշահման մասին փաստերը, ապացույցները, բոլորը կարող են թղթային տեսքով լինել: Ընդ որում, հարկավոր է կոնկրետ փաստը ֆիքսել, թե նրանք իրար հետ պայմանավորվել են, ինչը շատ ծանր խնդիր է:
- Բենզինից բացի, ներկայումս ի±նչ այլ շուկաներում եք աշխատանքներ տանում:
- Այս տարեսկզբից սկսած մի շարք նոր շուկաներ ենք սկսել ուսումնասիրել: Օրինակ` քաղցրավենիքի, ջրերի, երշիկեղենի, պահածոների, եւ այլն: Փորձում ենք այս պահին դեռ պատկերացնել, թե այս ուղղություններով ի±նչ կառուցվածք կա: Վերջին հաշվով, այդ կարգի շուկաներում էլ ունենք գերիշխողներ: Օրինակ, պարզ է, չէ±, որ գարեջրի ոլորտում կա գերիշխող: Մի խոսքով, դեռ փորձում ենք հասկանալ այդ շուկաները եւ ոչ թե` միայն այստեղ տիրող գները: Այսինքն` ի±նչ վիճակ է, կա±ն մրցակցությանը խոչընդոտող գործոններ ու նման բաներ: Վերջին հաշվով, չպետք է սեւեռվել միայն գների վրա, ավելի կարեւոր է մրցակցային խոչընդոտները վերացնել այն առումով, որ մի տնտեսվարող սուբյեկտը ուրիշներին շուկա մուտք գործելու հարցում խոչընդոտներ չստեղծի: Քանի որ հենց այդ խոչընդոտներ ստեղծելու արդյունքում է, որ առաջանում են օլիգոպոլիաներ, մենաշնորհ:
- Իսկ սուպերմարկետների մասով դեռ մոնոպոլիստական վիճակ չկա±:
- Սուպերմարկետների հարցով առաջին քայլը կատարեցինք. առաջարկեցինք օրենսդրական փոփոխություններ, որոնք սահմանում են, որ 2 խանութից ավելի ունեցողները կհամարվեն ցանց, իսկ 4 խանութից ավելի ունեցողները, անկախ ծավալներից` գերիշխող դիրք ունեցող: Այսինքն` նրանց գործողությունները, եթե հիմնավորված չեն, արդեն իսկ պատժելի են: Բայց խնդիրն այն է, որ բողոքներ շատ քիչ ենք ստանում: Իհարկե, շատերն են ընդհանրացված խոսում, թե` այս ի±նչ է կատարվում: Բայց առարկայական, կոնկրետ բողոքները շատ քիչ են: Ընդ որում, մեր ստացած բողոքների մեծ մասով ապացուցվել է, որ բողոքողները ճիշտ են, եւ համապատասխան պատիժներ ենք սահմանել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

