ՙՕՇԱԿԱՆԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՙԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ՚
Արխիվ 12-16| ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ |
ՕՇԱԿԱՆԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՙԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ՚
ՙ
Իրավունքի՚ նախորդ համարում մենք հերթական անգամ կարեւորեցինք այն իրողությունը, որ համագործակցությունը շահավետ է թե° զանգվածային լրատվամիջոցների, թե° իրավապահ համակարգի համար, եւ որպես օրինակ` ներկայացրեցինք Օշական գյուղում ապրիլի 8-ին տեղի ունեցած հանցագործության մասին տարաբնույթ, անգամ` իրարամերժ տեղեկատվության փաստերը: Այդ դեպքի վերաբերյալ իր տրամադրութան տակ ունենալով սեփական աղբյուրներից ստացված տեղեկություններ, թերթն, այնուամենայնիվ, գերադասեց փոքր-ինչ հապաղել, եւ, արդյունքում, ընթերցողին ներկայացվեցին կատարվածի առավել ստույգ հանգամանքները:
Դրան հաջորդող օրը Աշտարակի ոստիկանության բաժին գործուղվեց լրագրողը, որպեսզի պարզի դեռ ՙմութ՚ մնացած մի հարց. օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկվելո±ւ է, արդյոք, Օշականի` ակնհայտ կեղծ տեղեկատվություն տարածած գյուղապետը: Ի պաշտոնե հայտարարելով, թե` ՙԿրակոց գյուղում չի եղել՚, համայնքի ղեկավարը, ըստ մեզ, փաստորեն փորձել էր պարտակել հանցագործությունը: Քննիչն ասաց, որ ինքը տեղյակ չէ գյուղապետի այդ հայտարարությանը: Լրագրողը հայտնեց իր գոհունակությունը, որ քրեական գործը վարողին տեղեկացրեց` 3 օր լրատվական դաշտում լուսաբանվող փաստի մասին: Նկատի ունենալով, որ րոպեներ առաջ ինքը ՙծառայություն՚ էր մատուցել նաեւ նույն բաժնի մեկ այլ քննիչի եւ տեղեկացրել էր, որ ոստիկանության կողմից ամիսներ փնտրվող անձը ՙֆռֆռում՚ է տարածքում, լրագրողը, հասկանալի է, իրավապահներից ակնկալում էր փոխըմբռնում…
Սակայն լրագրողն իր հարցի պատասխանը չստացավ, քանի որ հանրահայտ դարձած այն հանգամանքը, որի մասին քննիչը, իր իսկ խոսքով, տեղյակ չէր, անմիջապես որակվեց` որպես ՙնախաքննության գաղտնիք՚: Լրագրողի համառությունը կասեցրեց քննիչի աշխատասենյակ մտած բաժնի պետի տեղակալը: Նա ներկայացավ` որպես բաժնի պետ, սակայն այն բանից հետո, երբ լրագրողը ցանկացավ ճշտել նրա պաշտոնը` ՙուղղվեց՚ եւ ինքն իրեն նշանակեց ՙպետի պաշտոնակատար՚: Սենյակում այդ պահին ներկա 3-4 քննիչների ներկայությամբ ՙպաշտոնակատարը՚ լրագրողին հիշեցրեց էթիկայի կանոնների մասին եւ հրամայեց ազատել սենյակը: Համոզված լինելով, որ քննիչը` իր իրավասության սահմաններում, ինքնուրույն է եւ անցանկալի անձին կարող է իր աշխատասենյակից դուրս հրավիրել առանց ՙդաստիարակի՚ միջամտության, լրագրողը եզրակացրեց, որ ՙպաշտոնակատարը՚ ինքն է խախտում էթիկայի նորմերը եւ անհարմար վիճակի մեջ է դնում քննիչին` իր գործընկերների ներկայությամբ: Իր այդ կարծիքը լրագրողը, այնուամենայնիվ, բարձրաձայնեց, կռահելով, որ իր հարցը այնքան էլ ՙմիամիտ՚ չէր, եթե այդչափ նյարդայնացրել է քննչական բաժնի պետին: Ինչ վերաբերում է գյուղի պետի անտեղյակ լինելու պատճառներին, ապա հուսանք, որ դրանց կտեղեկանանք հանցագործության մասին ՀՀՈ լրատվական ծառայության պաշտոնական տեղեկատվությունից:
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

