ՙԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻՑ ՄԱՐԶԻԿՆԵՐ ԵՆ ԳՆՈՒՄ
Արխիվ 12-16| ՍՊՈՐՏ |
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻՑ ՄԱՐԶԻԿՆԵՐ ԵՆ ԳՆՈՒՄ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՙՀետաքննություն՚ հավելվածի վերջին համարում, Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերում մեր հիմնական հույսը Հայաստանի ծանրորդներն են, քանի որ հենց նրանք են ամենաշատ օլիմպիական ուղեգրերը նվաճել. Անգլիա են մեկնելու 4 ծանրորդ եւ 2 ծանրորդուհի: Քանի որ ապրիլի 6-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնությունը օլիմպիական վարկանիշային չէ, մեր երկիրն այնտեղ ներկայացնում է երեք ծանրորդ` Սամվել Գրիգորյանը, Վանիկ Ավետիսյանը (երկուսն էլ` 69 կգ) եւ գերծանր քաշային Հայկ Հակոբյանը:
Անթալիայում արդեն մեկնարկած առաջնությունում առաջին ոսկե մեդալը երկամարտում նվաճեց Ադրբեջանը ներկայացնող բուլղարացի Վալենտին Սնեժեւ Խրիստովը:
Ապրիլի 11-ին 69 կգ քաշային կարգում հանդես եկան Սամվել Գրիգորյանն ու Վանիկ Ավետիսյանը: Այս քաշային կարգում հաղթողի գլխավոր հավակնորդներն էին ռուսաստանցի Օլեգ Չենը եւ ֆրանսիացի Վենսելես Դաբայան:
26-ամյա Ս. Գրիգորյանը ու 25-ամյա Վ. Ավետիսյանը, ցավոք, չկարողացան հայտնվել մրցանակակիրների թվում: Պոկում վարժությունում Գրիգորյանը 140կգ-ով 10-րդն էր, իսկ Ավետիսյանը 144կգ-ով` 5-րդը:
Հրում վարժությունում 2 ծանրորդներ (այդ թվում` պոկում վարժության բացահայտ հաղթող Օլեգ Չենը) 0 ստացան, ինչի արդյունքում Վանիկ Ավետիսյանը երկամարտի 316կգ արդյունքով գրավեց 4-րդ հորիզոնականը: Գրիգորյանը 305կգ-ով եզրափակեց լավագույն տասնյակը: Չեմպիոնի կոչումը նվաճեց Ադրբեջանը ներկայացնող երկրորդ ծանրամարտիկը` Աֆղան Բայրամովը, որին հաջորդեցին ֆրանսիացի Վենսելես Դաբայան ու նրա հայրենակից Բեռնարդ Կինգը:
Ապրիլի 15-ին գերծանր քաշային կարգում (+105 կգ) մրցահարթակ դուրս կգա Հայկ Հակոբյանը: Ֆավորիտներն են ռուսաստանցիներ Անդրեյ Կոզլովն ու Ռուսլան Ալբեգովը, հունգարացի Պետեր Նագին եւ վրացի Իրակլի Թուրմանիձեն:
Իսկ մինչ այդ զրուցեցինք աշխարհահռչակ ծանրամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն եւ ռեկորդակիր, Օլիմպիական խաղերի հաղթող, ՀՀ նախագահի խորհրդական ՅՈՒՐԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:
- Մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ Անթալիա է մեկնելու չորս հայ ծանրամարտիկ, այդ թվում` նաեւ Ձեր որդին` Նորայրը, ով հանդես էր գալու 94 կգ քաշային կարգում, սակայն պարզվեց, որ նա չի մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Ո±րն էր դրա պատճառը:
- Աբովյանում տեղի ունեցած Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի այդ հանդիպմանը ես էլ էի մասնակցում: Եվ իրենք այդպիսի որոշում ընդունեցին, որ մեկնելու է երեք ծանրամարտիկ: Դուք լավ գիտեք, որ տարին օլիմպիական է, եւ մեր գերխնդիրը այդ ստուգատեսում հաջող հանդես գալն է: Եվ ֆեդերացիայում որոշեցին, որ ավելի ճիշտ է ուժեղագույններին պահել օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար: Մենք օլիմպիադայում տղաների չորս տեղ ունենք, եւ ավելին չի էլ կարող լինել. այս Եվրոպայի առաջնությունն էլ վարկանիշային չէր, չէինք կարող ուղեգիր ավելացնել, իհարկե, ոչ էլ պակասեցնել: Ես մի անգամ ասել եւ կրկնում եմ, որ լավ կլիներ, եթե այդ չորս տեղի համար այսօր մենք ունենայինք, ասենք, 24 հոգի, որ մրցակցություն լիներ: Բայց, ցավոք սրտի, մենք քիչ ունենք` 7-8 հոգի, ովքեր հավակնում են այդ տեղերին, որոնցից մեկը, ինչու չէ, իմ տղան է: Սակայն ոչ մեկն այս պահին հարյուր տոկոսով չի ապահովել իր տեղը հավաքականում, իսկ դա հայտնի կդառնա օլիմպիական խաղերից մեկ-մեկուկես ամիս առաջ, երբ այնտեղ ցուցադրական ելույթներ կկազմակերպվեն: Կորոշվեն տղամարդկանց հավաքականի չորս ուժեղագույնները այդ ութից, ավելի ճիշտ` նույնիսկ յոթից, որոնց թվում նաեւ Նորայրն է: Գուցե լավ կլիներ, որ Նորայրը մեկ անգամ եւս փորձեր հարթակում իրեն դրսեւորել... Դա ամեն դեպքում ֆեդերացիայի որոշումն էր, եւ ես էլ, ճիշտն ասած, համակարծիք եղա իրենց որոշմանը:
- Ի±նչ տպավորություն ստացաք 69 կգ քաշային կարգում հանդես եկած մեր մարզիկների ելույթից: Ի±նչ սպասելիք ունեք ծանրքաշային հայ ծանրամարտիկից:
- Կարելի է ասել` մեծ ակնկալիքներ չկան: Իսկ երեկ, կարելի է ասել, մի քիչ ձախողում եղավ: Հատկապես դա վերաբերում է Սամվել Գրիգորյանին, ումից ավելին էինք սպասում: Իսկ եթե Վանիկը երրորդ մոտեցումը կարողանար հաղթահարել (իսկ դա իր հնարավորությունների սահմանում էր), երկրորդ տեղն էր զբաղեցնելու:
- Չգիտես ինչու, առաջին մոտեցումից առաջ նյարդայնացած էր, գուցե մարզիչները, ըստ նրա, ճիշտ քաշ չէի±ն պատվիրել:
- Քանի որ ես այնտեղ չեմ եղել, մի քիչ դժվար է որեւէ բան ասելը, բայց, ամեն դեպքում, չեմ կարծում, որ դա մարզիչի մեղքն էր... Հիմնական պայքարը, կարելի է ասել, հարթակի վրա չէ, այլ կուլիսների ետեւում: Եվ ակնհայտ երեւում էր ձեռքի այդ շարժումից, դժգոհ դեմքից, որ ինչ-որ մի բան այն չէր:
- Ադրբեջանցիներն արդեն երկու չեմպիոն ունեն, կարելի± է ասել, որ նրանց մոտ ծանրամարտը զարգացել է: Չնայած մենք ենք միշտ ավանդաբար այդ մարզաձեւում ուժեղ եղել:
- Նրանցից մեկը մեր տեսադաշտում կար, եւ գիտեինք, որ նա պետք է չեմպիոն դառնար: Սակայն երկրորդի մասին նման կարծիք չունեինք, նա չկար մեր, այսպես ասած, ծրագրի մեջ: Բայց պետք է ասեմ, որ իրեն վատ չդրսեւորեց, մեջներից ամենալավը իրեն եմ համարում:
- Ռուս ծանրամարտիկն էլ երկրորդ ձեւում ձախողեց իր բոլոր երեք մոտեցումները...
- Ճիշտն ասած, ռուսը վատ ծանրամարտիկ չէր երեւում, բայց թե միայն պոկում վարժությունով հնարավոր չէ հաղթել, իսկ հրումում... Նրան հակառակ` ադրբեջանցին իրեն լավ դրսեւորեց: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանում ծանրամարտի զարգանալու վերաբերյալ հարցին, ապա ադրբեջանցիները սերտ կապերի մեջ են Բուլղարիայի հետ եւ այնտեղից պարզապես մարզիկներ են գնում փողով: Եվ ուզում են զարգացնել ծանրամարտը:
Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

