ԻՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ՕԵԿ-ԱԿԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՏԱԿ
Արխիվ 12-16| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ |
ԻՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ՕԵԿ-ԱԿԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՏԱԿ
Մեր անցած համարում խոսեցինք Հայ Հեղափոխական Դաշնակցության նախընտրական ծրագրից, ավելի ճիշտ` այն խոստումներից, որոնք տալիս է ՀՅԴ-ն իր ընտրողին, ու եզրակացությունը, թերեւս, մեկն է. մինչ այդ բոլոր խոստումները վստահելի դառնալը, նախ` ՀՅԴ-ն պետք է բարի լիներ ու մեկնաբաներ իր այն անդամների գործունեությունը, ովքեր տեւական ժամանակահատված, երբ ՀՅԴ-ն մեկ տասնամյակից ավելի իշխանության կազմում էր, վարել են բարձր պաշտոններ ու թույլ են տվել բազմաթիվ կոպիտ ու սկանդալային չարաշահումներ: Դաշնակցությունից զատ, տարիներ շարունակ, չհաշված մեկ-մեկ ՙբռնող օպոզիցիոն նոպաները՚, իշխանության մեջ է եղել ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունը եւս: ՀՅԴ-ի հետ ՕԵԿ-ի տարբերությունն այն է, որ վերջինս մինչ օրս էլ իշխանական ուժ է, ղեկավարում է մի շարք նախարարություններ (այդ թվում` տնտեսական ոլորտում առանցքային նշանակություն ունեցող), գումարած դրան` Ազգային անվտանգության խորհուրդը: Այսինքն` ինչ էլ այսօր խոստանում է ՕԵԿ-ը, պետք է նայել հենց այս պրիզմայով. ունենալով փաստացի լծակներ` ձեր այդ խոստումները ինչքանո±վ եք փորձել իրականացնել:
ՈՉ ԹԵ ԽՈՍՔԻՆ, ԱՅԼ ԳՈՐԾԻՆ ՊԵՏՔ Է ՆԱՅԵԼ
Նկատենք, որ այն պահից սկսած, երբ ՕԵԿ-ը պաշտոնապես ներկայացրեց իրենց համախմբված խոստումները` նախընտրական ծրագիրը, պերճախոսության պակաս չի զգացվում: Իհարկե, դրանք` խոստումների այդ հեղեղի բաղադրիչները մեկը մյուսից լավն են: Բայց ի սկզբանե էլ որեւէ կերպ գլուխ չես հանում, թե ՕԵԿ-ն ինչպե±ս է պատրաստվում տեր կանգնել իր այդ խոստումներին ու դրանք կյանքի կոչել: Բանն այն է, որ ընտրողների հետ հենց առաջին հանդիպման ժամանակ կարկառուն ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը հայտարարեց. ՙՄեր որոշ սոցիալական հարցումներ ցույց են տալիս, որ գալիք խորհրդարանում կարող ենք ներկայացված լինել 10 տոկոսի սահմանում...՚: Այսինքն` էս գլխից էլ ՕԵԿ-ն իրեն ղեկավարող ուժի կարգավիճակով չի տեսնում: Այսինքն` եթե ցանկանում է ինչ-որ բան անել, պետք է գնա ու մեծամասնությանը դիմի, թե` այս-այս հարցում մեզ աջակցեք: Իսկ նման ձեւով նախընտրական ծրագիր կյանքի կոչելն արդեն աբսուրդի է նմանվում: Հետեւաբար, դեռ նախընտրական փուլում դա հասկանալով խոստումներ տալը` ընդամենը մի տեսակ ձայներ կորզելու պես բան է դառնում:
Իսկ ահա խոստումները, անկեղծ ասած, քիչ բանով են տարբերվում մյուս ուժերի ծրագրային դրույթներից, չնայած որ ՕԵԿ-ը խոսում էր ինչ-որ նորամուծությունների մասին: ՙՈրն է մեր նորարարությունը, որ առաջարկում ենք: Գնալ առաջ ոչ թե իրավիճակային լուծումներով, այլ գնալ առաջ հստակ ռազմավարական ծրագրերով՚: Ու սա էլ եղավ նորությո±ւն. Հայաստանի անկախացումից հետո այնքան ամենատարբեր ռազմավարական ծրագրերից է խոսվել ու ներկայացվել, որ թիվ ու քանակն էլ ենք մոռացել: Եվ այսօր, երբ ասում են, թե ռազմավարական ծրագիր կոչվածը նորարարություն է, ապա դա արդեն նույնիսկ տարօրինակ է: Բայց մեկ է` չնայած խոստացվող ՙնորարարությանը՚, ՕԵԿ-ի ծրագրի դեպքում էլ ամեն ինչ պտտվում է այն խնդրի շուրջ, թե` եթե մեզ վստահեք, ապա սոցիալական ծանր վիճակում գտնվող խմբերի համար այս-այս խնդիրները կկարգավորենք, երկիրն այս-այս ուղղություններով թռիչքներ կունենա: Խոստանում են կրթության ոլորտը գերարդիականացնել... Մի խոսքով, որ երկիրը վերածվելու է համարյա դրախտի, ինչը որ պնդում են մյուս նախընտրական ուժերը եւս: Այդ դեպում շարքային ընտրողն ինչո±ւ պետք է հավատա ՕԵԿ-ին եւ ոչ, ասենք` ՀՅԴ-ին կամ ԲՀԿ-ին: Կողմնորոշվելու հարցում ելքը, թերեւս, մեկն է ու շատ պարզ. խոստումներին հավատ ընծայելուց առաջ նախ` պետք է պատասխանել այն հարցին, թե մինչ օրս ունենալով համապատասխան լծակներ, ինչպե±ս եք դրանք կիրառել: Փորձենք գտնել այդ հարցի պատասխանը, հետեւելով, թե այս ժամանակահատվածում ՕԵԿ-ն իրեն վերապահված մասնավորապես տնտեսական ոլորտներում ինչքանո±վ է այդ նույն շարքային քաղաքացիների մատից մի փուշ հանել, կամ ինչպե±ս է իրեն դրսեւորել:
ՙԿԵՐՎԱԾ՚ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
Տարիներ շարունակ, մասնավորապես` տնտեսական ուղղությամբ ՕԵԿ-ը ղեկավարել են երկու կարեւորագույն նախարարություններ (համեմատաբար մանր-մունր մյուս պաշտոնները թողնենք մի կողմ)` Տրանսպորտի եւ կապի ու Գյուղատնտեսության:
Սկսենք տրանսպորտից. այս ուղղությամբ ՕԵԿ-ի նախարարների գործունեության մասին խոսելով` բավական է հիշեցնել այն սկանդալային պատմությունը, որը մեյդան եկավ մեկ-երկու տարի առաջ: Հիշեցնենք, որ այս նախարարության միջոցով իրականացվող շինարարական տարբեր խոշոր նախագծերում հայտնաբերվեց այն կարգի աղաղակող չարաշահումների ու բացահայտ թալանի փաստ, որ այն ժամանակվա նախարար Գուրգեն Սարգսյանին շտապեցին օր առաջ փոխարինել մեկ ուրիշով: Հաջորդ նախարարի ճանապարհաշինական գործունեության մասին դեռ պաշտոնական ուսումնասիրություններ կարծես թե չկան: Սակայն մեկ փաստ բավականին պերճախոս է. մինչ հունվարի սկզբները, այսինքն` առատ ձյան սկիզբը, Հայաստանի միջքաղաքային ճանապարհները կարծես թե քիչ թե շատ տանելի վիճակում էին: Բայց ահա, մի քանի անգամ ձյուն եկավ եւ նույնիսկ այնպիսի կենտրոնական ճանապարհահատված, ինչպիսին է Երեւան-Գյումրին, հասել է, մեղմ ասած, խայտառակ վիճակի: Պատկերացրեք, եթե մեկ-երկու անգամ ձյուն գալուց մեր ճանապարհների ամեն մի քայլափոխին մեկ փոս է բացվում, ապա այստեղ առհասարակ կարելի± է օգտագործել ՙորակ՚ տերմինը: Եվ եթե որակ չկա, ուրեն դա, պատկերավոր ասած, չի± խոսում այն մասին, որ ասֆալտի մի մասը պարզապես ՙկերել՚ են...
ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԿԵՂԾԻՔՆԵՐԻ ԱՀՌԵԼԻ ՑԱՆԿ
Բայց անցնենք շատ ավելի էական մեկ ոլորտի, որն իր ուղղակի ազդեցությունն ունի հանրապետության յուրաքանչյուր բնակչի լավ ու վատ ապրելու վրա: Խոսքը գյուղատնտեսության մասին է:
Իհարկե, կարելի է այստեղ հիշեցնել երկու-երեք տարի առաջվա ՙվատ եղանակները՚, որոնց ՙպատճառով՚ գյուղատնտեսությունը հասավ այնպիսի խայտառակ վիճակի, որ այստեղ էլ առանց նախարարին` կարկառուն ՕԵԿ-ական Գերասիմ Ալավերդյանին ՙփախցնելու՚, լուծման տարբերակ չկար: Թե ինչքանո±վ է նրան փոխարինած նորաթուխ ՕԵԿ-ական Սերգո Կարապետյանը ոլորտը կարողանում կարգի բերել, այս մասին խոսելու առիթներ շատ ենք ունեցել ու չկրկնենք: Բայցեւայնպես, գյուղատնտեսությունում տիրող վիճակը շատ ավելի առարկայականորեն պատկերացնելու համար ներկայացնենք այն բացահայտումները, որոնք մինչ անցած տարեվերջ այս նախարարության մի շարք կառույցների ու բազում ծրագրերի հետ կապված արեց ՀՀ Վերահսկիչ պալատը:
Ճիշտն ասած, այդ բացահայտումների ամեն մի դրվագի հարկ էր առանձին անդրադառնալ: Ընդ որում, խոսքը նաեւ այնպիսի կարեւոր ուղղությունների մասին է, ինչպիսիք են` անասնաբուծության ու բուսաբուծության տարբեր ուղղություններին միտված բյուջետային միջոցների օգտագործումը, հակակարկտային կայանների ծրագիրը, եւ այլն, եւ այլն: Ընդհուպ` մինչեւ վերջին տարիներին դրսերից ներկրված սերմացուների բաշխման պատկերը, եւ պատկերացրեք, որ այստեղ եւս կան աղաղակող խախտումներ: Մի խոսքով, որ ուղղությամբ նայել են, խախտումների, չարաշահումների ու նույնիսկ բացահայտ թալանի փաստերի պակաս չի զգացվում: Ավելի ճիշտ` միայն այն դրվագների հակիրճ շարադրումը, որոնց արդյունքում հայտնաբերվել են ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա գումարներ, ծավալի պատճառով ենթակա չէ թերթում ներկայացնելուն: Բայց դրանց մի քանի օրինակներ, թերեւս, պետք է ներկայացնել, ընդգծելով, որ այս ամեն մի փաստը մի առանձին հրապարակման թեմա է:
Օրինակ. ՙՀակակարկտային կայանների տեղակայման աշխատանքներում թույլ է տրվել 15 558,3 հազ. դրամի ծավալային հավելագրում (2009թ.-ին` 5 590,6 հազ. դրամ եւ 2010թ.-ին` 9 967,7 հազ. դրամ՚,- ներկայացնում է ՎՊ-ն: Մինչդեռ, թե ինչքան է խոսվել հակակարկտային այդ կայանների անհրաժեշտության մասին, այդ նույն տարիներին կարկուտի պատճառով թե ինչ հսկայական վնասներ է կրել հայաստանյան գյուղացին, հնարավոր չէ ասել: Ընդ որում, այստեղ բացի գումարայինից` կան բազում այլ էական խախտումներ, որոնք գալիս են ապացուցելու, որ նման ղեկավարման ու վարվելակերպի պարագայում կարկտահարության վնասներից դեռ տարիներ շարունակ խոսելու ենք:
Կամ խոսենք սերմերի մասին: ՙ2011թ.-ին ՙՍերմերի գործակալություն՚ ՊՈԱԿ-ի կողմից գարնանացան գարու սերմացու տեղափոխող վարորդներին փաստացի կատարած աշխատանքներից ավելի է վճարվել 280,5 հազ. դրամ:
ՙՍերմերի գործակալություն՚ ՊՈԱԿ-ի կողմից 2010թ.-ին ՌԴ-ից ներկրված աշնանացան ցորենի պահեստավորման համար վարձակալած տարածքի համար վճարվել է պայմանագրով նախատեսված գումարից ավելի 500,0 հազ.դրամ£
2010թ.-ին ՌԴ-ից ներկրված աշնանացան ցորենի վագոններ բեռնաթափող բանվորներին բեռնաթափման համար ավելի է վճարվել 424,0 հազ. դրամ£
2010թ.-ին ՌԴ-ից ներկրված աշնանացան ցորենի վագոնների բեռնաթափման, սերմացուն ՀՀ մարզկենտրոններ տեղափոխելու ծառայությունների դիմաց պայմանագրային գներից ավելի է վճարվել 2 299,0 հազ. դրամ...՚,- պնդում է ՎՊ-ն£ Մինչդեռ քանի¯ վերահսկող աչք կար այդ ծրագրի վրա:
Սերմերի հետ կապված այս մի դրվագն էլ է շատ հետաքրքիր. ՙԲուժականի տարածաշրջանում անտառապատված տարածքներից 18 հա-ում սերմնաբուսակներ ընդհանրապես չկան, հետեւաբար, այդ աշխատանքների համար վճարված 9 467,0 հազ. դրամը ենթակա է հետ վերադարձման պետական բյուջե՚£
Տարբեր խախտումներ են արձանագրվել ՙԲույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության ծառայություն՚ ՊՈԱԿ-ի, Անտառավերականգնման աշխատանքների հետ կապված: Բայց շարունակենք նշել կոնկրետ փաստերը:
ՙՙԱնասնաբուժության եւ անասնաբուծության գիտական կենտրոն՚ ՊՈԱԿ-ի կողմից ՙԱգրո Միքս՚ ՍՊ ընկերությանը 2010թ.-ին վարձակալության է հանձնվել Կոտայքի մարզի Նոր գյուղ համայնքում տեղակայված ինստիտուտից 4892,4քմ. մակերեսով տարածք մեկ տարի ժամկետով` 8 627,2 հազ. դրամ տարեկան վարձավճարով, սակայն մինչ օրս վարձակալած գույքի համար ոչ մի դրամ վարձավճար չի գանձվել՚:
ՙԳյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում եւ ինժեներական կառուցվածքների վերականգնում ծրագրով իրականացրած գետերի հուների մաքրման եւ ափերի ամրացման եւ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցների հաշվին կատարված շինարարական աշխատանքների նախահաշիվները սահմանված կարգի խախտմամբ հաշվարկելու արդյունքում նախահաշվային արժեքները ավելի են հաշվարկվել 146 944,3 հազ. դրամով՚...
ՙԱնտառապատման եւ անտառվերականգնման աշխատանքներում օգտագործվել են 292 563 հատ տնկման համար ոչ պիտանի սերմնաբուսակներ՚:
ՙՀՀ գյուղատնտեսության նախարարության ՙԳԲԱ՚ ԾԻԳ՚ ՊՀ-ի կողմից ՙՍերմերի գործակալություն՚ ՊՈԱԿ-ի հատկացված 19 159,9 հազ. դրամը չի ծախսվել ծրագրով նախատեսված նոր սորտերի ստացման, սերմերի լաբորատոր հետազոտություններում մեծ թվով սերմարտադրող տնտեսվարող սուբյեկտների ներգրավման եւ հավաստագրված սերմերի բազմատեսակի ընդլայնման աշխատանքների կատարման համար, եւ չի ապահովվել ծրագրով նախատեսված արդյունքների ստացումը՚:
ՙԱրմավիրի մարզի Գայի գյուղական համայնքի տարածքում 2009թ.-ին հայտարարված բույսերի կարանտին միջոցառումների իրականացնելու համար հատկացված 12 663,2 հազ. դրամից 4 625,4 հազ. դրամը ծախսվել է կարանտին միջոցառումներ չհանդիսացող միջոցառումների համար՚£
Սա, կրկնում ենք, միայն համառոտ թվարկումն է, եւ նկատեք, որ այս ամենը տեղի է ունեցել ՕԵԿ-ական նախարարների օրոք: Ուրեմն, եթե այսպես են մարդիկ աշխատել, էլ հանուն ինչի± շարքային ընտրողը պետք է վստահի նոր խոստումներին: Չէ± որ այս ամենը նախորդ ընտրությունների ժամանակ տրված ոչ պակաս ճոխ խոստումների կատարողականն է...
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

