ՙԺառանգություն՚ կուսակցության մամլո խոսնակ ՀՈՎՍԵՓ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ ՕԵԿ-ին նվիրված մուրաբային մեկնաբանություն է թողել իր ֆեյսբուքյան պատին, որտեղ մասնավորապես գրում է. ՙԻնձ այցելեցին երկու երիտասարդ: Դուռը բացելուն պես ասացին, որ իրենք ներկայացնում են ՕԵԿ-ի պայմանները` բջջայինի զեղչային քարտ: Ասացի` ՙՄի րոպե, բայց ինչի համար՚: Զարմացան, թե` ՙՕԵԿ-ին անդամագրվելու՚: Ասացի` ես ունեմ բջջային էլ, զեղչային քարտ էլ, եւ ՕԵԿ-ին պատրաստ եմ անդամագրվել միայն մուրաբայի դիմաց (դե ասեմ, որ քաղցրը իմ թույլ տեղն է): Ասացին, որ մուրաբա չկա:
Ես էլ թե` ՙԻնչ ապօրինություններ եք անում, մուրաբան ինքներդ ուտում եք, իսկ ինձ ընդամենը զեղչային քարտ եք առաջարկում. ես կբողոքեմ ձեր ղեկավարությանը` անհապաղ գնացեք եւ բերեք իմ մուրաբան՚: Խեղճերը փախան: Լավ էր, հասցրել էի գոնե ՕԵԿ-ի բուկլետը վերցնել՚: Թե ինչպես է վերաբերում այս պնդմանը ՕԵԿ-ը եւ որքանով է այն համապատասխանում իրականությանը` պարզեցինք ՕԵԿ փոխնախագահ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻՑ. ՙԲացարձակ սուտ է, չկա նման բան, իսկ պարոն Խուրշուդյանը պատասխան կտա նման ստեր տարածելու համար՚: Ի դեպ, Հ. Խուրշուդյանին գործնականում հնարավոր չէ գտնել հեռախոսով` ստանալու որեւէ հարցի պատասխան: Եվ եթե Հեղինե Բիշարյանի համար նա ՙստախոսնակ՚ է, ապա մեզ համար` ՙչխոսնակ՚: