ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՏՆՈՑԱԽԱՂԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16| ՔԱՂԱՔԱԿԱՆ |
Նախընտրական եռացող կրքերի ֆոնի վրա, այնուամենայնիվ, իրական ազգային միասնության մի դրսեւորում եղավ ՙհայրաքաղաք՚ Գյումրիում: Այդտեղ տխրահռչակ Գեորգի Վանյանի կողմից ՙԱսպարեզ՚ ակումբում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու փորձի դեմ հուժկու բողոքի ակցիայի կազմակերպմանն ու անցկացմանը մասնակցեցին գործնականում բոլոր կուսակցությունները, բազում հասարակական կազմակերպություններ, բացառությամբ` ՀՀՇ-ականների եւ ՙԺառանգության՚: Եվ արդյունքը առավել քան տեսանելի էր` Վանյանի մազապուրծ փախուստը Գյումրիից:
ԱՆԱԶՆԻՎ ԻՆՏՐԻԳՆԵՐ ՙՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՏԱԲՈՒՄ՚
ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ՙԺառանգության՚ եւ ԲՀԿ-ի ընտրությունների վերահսկման միասնական հանրային շտաբում արդեն առաջին տարաձայնություններն առկա են, եւ դրանք ի հայտ եկան ՙհմայականոցում՚ անցկացված հերթական նիստի ժամանակ: Եվ դրանք առաջացան ՙԺառանգության՚ կողմից ներկայացված պահանջներից հետո:
Մինչդեռ ցանկացած ընդդիմադիր կամ նույնիսկ թեթեւ ՙընդդիմադիրոտ՚ կառույցի պարագայում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությունները (որոնք ներկայացրեց Ռուբիկ Հակոբյանը) պետք է որ դիմադրություն կամ մերժում չառաջացնեին: Այսպես, առաջին նախապայմանը վերաբերում էր ՙմիասնական շտաբի՚ շրջանակում ձեւավորել հանձնաժողով, որն ուսումնասիրի բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանելու գործընթացներն ու փաստերը: Երկրորդ նախապայմանը` որ ՙմիասնական շտաբի՚ հռչակագիրը ստորագրեն քաղաքական ուժերի առաջին դեմքերը:
Առաջնորդների մակարդակով հռչակագիրը ստորագրելը թեեւ ներկաների կողմից բնութագրվեց որպես ՙանհասկանալի՚ պահանջ, բայց, այնուամենայնիվ, ՀՅԴ-ի պարագայում Արմեն Ռուստամյանը հենց բարձրագույն լիազորություն ունեցող անձ է, իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա, ի պատասխան Ռուբիկ Հակոբյանի պնդումների, Լեւոն Զուրաբյանն ասաց. ՙԵթե քեզ անհրաժեշտ է Լեւոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, ես կարող եմ գնալ, բերել՚,- եւ հավելեց, որ իրենք սկզբունքորեն դեմ չեն, որ առաջնորդների կողմից ստորագրվի հռչակագիրը:
Ամենակատաղի դիմադրությունը ցույց էր տալիս Վարդան Օսկանյանը: Նախ` նա հայտարարեց, որ ինքը լիազորված է Գագիկ Ծառուկյանի կողմից, իսկ հետո նաեւ սկսեց շանտաժի ենթարկել գործընկերներին. ՙԴուք բավարարված կլինե±ք, եթե մենք ձեզ հետ չլինենք... Մենք կարող ենք դուրս գալ կազմից եւ օգնել ձեզ՚:
Հիմա ինչո±ւ իրականում ՙԺառանգության՚ առաջարկած նախապայմանները այդ աստիճանի անընդունելի են Վարդան Օսկանյանի համար: Նախ` բարեգործության անվան տակ ընտրակաշառքներ բաժանելը նա անմիջապես ենթադրեց, որ նկատի ունեն հենց ԲՀԿ-ին, քանզի հենց ԲՀԿ-ն է հենց ամենալայնածավալ բարեգործություններն անում: Այսինքն` որեւէ ցանկություն, իրոք, ռեալ պայքարելու ընտրությունների ազատության համար չկա, կա ընդամենը ցանկություն` ամեն կերպ ՀՀԿ-ին մեղադրել ընտրազեղծարարության եւ խախտումների մեջ, բայց, միաժամանակ, ոչնչով չսահմանափակել սեփական գործողությունները այդպիսի տեխնոլոգիաներ կիրառելու հարցում: Չէ± որ հենց ընտրությունների արդարության ապահովման սկզբունքից է, որ օրենքով սահմանափակված է նախընտրական ծախսերի ծավալը, եւ բարեգործության միջոցով այդ սահմանափակումը շրջանցելը նշանակում է հարվածել հենց արդար ընտրությունների սկզբունքին:
Սակայն անցնենք առաջնորդների մակարդակով ստորագրելու կամ գոնե առաջնորդներից լիազորագիր վերցնելու պահին: Թվում է, թե եթե Օսկանյանն, իրոք, լիազորված է Գագիկ Ծառուկյանի կողմից, ապա լիազորագիր բերելը կամ հռչակագիրը Գագիկ Ծառուկյանի մոտ տանելը ընդամենը տեխնիկական հարց է: Եվ, եթե իրոք լիներ անկեղծ շահագրգռվածություն, ապա հենց այդպես էլ պետք է վարվեին: Սակայն Օսկանյանը եւ նրա թեւը ԲՀԿ-ում ներկայացնողները ամեն կերպ վարկաբեկում են ՙԺառանգությանը՚, մեղադրում ԲՀԿ-ի դեմ պատվեր կատարելու մեջ, ծախված լինելու մեջ եւ այլն` միայն թե կանխեն ՙմիասնական շտաբում՚ ՙԺառանգության՚ առաջարկների ընդունումը: Ո±ր դեպքում դա կարող է լինել` թերեւս այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանը ոչ ինքը պատրաստ է ստորագրել այդ հռչակագիրը, ոչ էլ Օսկանյանին տրամադրել ստորագրելու լիազորագիր:
Իսկ կասկածներ, որ Օսկանյանի դիրքորոշումներն ու հայտարարությունները չեն բխում ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետից եւ չեն արտացոլում Գագիկ Ծառուկյանի մոտեցումները, շատ կան: Չէ± որ քանիցս այս կամ այն օսկանյանական ՙմտքի գոհարի՚ կամ ավանտյուրային գործողության մասին ասվել է, որ դա Օսկանյանի անձնական տեսակետն է, ու Օսկանյանը որպես անձ է նախաձեռնել: Եվ ամենակարեւոր կետի վերաբերյալ` արդյոք ԲՀԿ-ն ձեւականորե±ն է գտնվում կոալիցիայում, պարզաբանում է տվել հենց Գագիկ Ծառուկյանը. ՙԿոալիցիան ձեւական չի եղել: Հիմնական կոալիցիան, որ պարոն Օսկանյանն ասել էր, դա ասում է կոալիցիան ստեղծվում է այն ժամանակահատվածում, որ մեկ ուժը չի կարողանում 50+1 հավաքել, իսկ քանի որ Հանրապետականը հավաքել է 50+1, եւ նա, ասենք թե, հրավիրել է 2-3 կուսակցությունների` միասնական աշխատելու, դրա համար է ինքն ասել... Այսօր լրագրողները տարբեր ձեւի են մեկնաբանում: Կարո±ղ է Ծառուկյանը ձեւական մարդ է, ձեւական կոալիցիա լիներ՚:
Ի±նչ է բխում Ծառուկյանի ասածից: Նախ` որ կոալիցիան իրական է, եւ երկրորդը` որ Սերժ Սարգսյանը բարի կամք է դրսեւորել եւ հրավիրել այլ կուսակցություններին, այդ թվում` ԲՀԿ-ին, կազմելու կոալիցիա, ու այդ կուսակցությունները օժտվել են շատ ռեալ լծակներով ե°ւ խորհրդարանում, ե°ւ կառավարությունում, ե°ւ տարածքային կառավարման մարմիններում:
ԽԱՌՆԱՇՓՈԹ ԲՀԿ-ՈՒՄ
Այո°, Օսկանյանը, իրոք, լիազորություն ունի, բայց ոչ թե Գագիկ Ծառուկյանից, այլ միանգամայն այլ մարդուց` Ռոբերտ Քոչարյանից, դե, գումարած նաեւ` իր ծննդավայր Ամերիկայի ազդեցությունը: ԲՀԿ-ի ավանդական (կոալիցիոն) թեւի ներկայացուցիչները, պարզապես հայտնվելով փաստի առաջ, ստիպված են լինում հանդես գալ Վարդան Օսկանյանի խոսքերի մեկնաբանի ոչ այնքան հաճելի դերում, ու ստացվում է, որ նույնիսկ երբեմն Գագիկ Ծառուկյանն է հարկադրված լինում փաստացի հանդես գալ որպես Օսկանյանի խոսնակ:
Ու հիմա արդեն ԲՀԿ-ի ներսում ոչ միայն ավանդական ու օսկանյանական թեւերը կան, այլեւ կա շփոթության մեջ գտնվողների, չկողմնորոշվողների թեւը: Դրա վառ ներկայացուցիչը ցուցակում 22-րդ Ռուստամ Գասպարյանն է, որը իր վերջին հարցազրույցում այնպիսի շիլա սարքեց, որ դրանից չես հասկանա` ԲՀԿ-ն իշխանակա±ն ուժ է, թե± ՙնարնջագույն՚: Նա պնդում է, որ ընտրարշավի մեկնարկից հետո կոալիցիան լուծարվել է, սակայն չի պարզաբանում` ի±նչ են անում ԲՀԿ-ի նախարարները կառավարությունում:
Իսկ ի±նչ են ասում Օսկանյանի պաշտպանները: Այսպես, Նաիրա Զոհրաբյանը ՙԺառանգությանը՚ մեղադրում է, որ իրագործում է ՙԲՀԿ-ի դեմ ելույթներ ունենալու պետպատվերները՚, սակայն այդպես էլ հրաժարվում է հստակ ասել, թե կոալիցիայի որ կուսակցության կամ որ պաշտոնատար անձանց ՙպետպատվերի՚ մասին է խոսքը: Իսկ դա արդեն ավելի շուտ նմանվում է ինտրիգի, քան բաց քաղաքական գործունեության: Նույն Նաիրա Զոհրաբյանն ասում է. ՙՄենք կարգապահ կուսակցություն ենք, եւ եթե Վարդան Օսկանյանը ստորագրել է համաձայնագրի տակ` միանշանակ ուներ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորությունը՚:
Իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը այսպես արձագանքեց. ՙՀաշվի առնելով այն, որ, ըստ տիկին Զոհրաբյանի, ԲՀԿ-ն ՙկարգապահ՚ կուսակցություն է, կարելի է ենթադրել, որ նաեւ նախկինում ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ տեղում հանգրվանած Վարդան Օսկանյանի հայտարարությունները, այդ թվում` ԲՀԿ-ի` կոալիցիայի կազմում ձեւական լինելու մասին, ինքնագլուխ չի հնչեցվել՚:
Այսինքն` ինչ է ստացվում: Ստացվում է, որ խաղարկվում է դասական մատնոցախաղ: Զուտ բանավոր մակարդակով աջակցություն է տրվում Օսկանյանի ավանտյուրաներին, որպեսզի դրանց հաջողության դեպքում, ասենք, ընտրություններից հետո, արդեն պաշտոնապես հաստատվի, իսկ ձախողման դեպքում հնարավոր լինի սահմանազատվել ու նահանջել` ամեն ինչ բարդելով Օսկանյանի ՙանձնական կարծիքի՚ վրա:
Անշուշտ, այդպիսի ՙշուստրիությունը՚ ավելի վայել է Կարապետիչի սիրած կայարանամերձ տարածքում, քան քաղաքական դաշտում` քաղաքական լուրջ ուժերի կողմից, այն էլ` նախընտրական շրջանում: Ու անգամ ՙկայարանամերձ՚ միջավայրում այդպիսի մատնոցախաղերը բավականին հաճախ ունենում են ոչ այնքան լավ վերջաբան, հատկապես` ոչ միայն կատարողների, այլեւ ստվերից այդ ամենը կազմակերպողների համար: Խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է, որի ՙականջները՚ երեւում են թե° ԲՀԿ-ի հետեւից, թե° նրա հաճախորդ լրատվամիջոցներում (օրինակ` ՙ7 օր՚ կայքում) ՀՀԿ-ի դեմ ծավալած անմակարդակ արշավում:
ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆՆԵՐԻ՚ ՆՈՐ ԽԱՂԵՐԸ
Օսկանյանի ՙնարնջագույն՚ մատնոցախաղերի մասին արդեն շատ է խոսվել, ուստի անցնենք մյուսներին: Դաշնակները, մասնավորապես` ի դեմս Արմեն Ռուստամյանի, պարզապես ընդօրինակել են բոլշեւիկյան բառապաշարը եւ դրանով կարող են արդեն մրցել ՀԱԿ-ի հետ: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա գրեթե բոլոր ընտրատարածքներում մեծամասնական թույլիկ թեկնածուներ ունենալը չի կարող հետապնդել ինչ-ինչ հաղթական նպատակներ: Կա ընդամենը երկու ընտրատարածք, ուր ՀԱԿ-ը կարող է ռեալ, զրոյից տարբերվող շանսեր ունենալ հաղթելու: Մեկը` Հրազդանի ընտրատարածքն է, ուր Սասուն Միքայելյանի հետ մրցում է բավականին թույլ ԲՀԿ-ական թեկնածու ու չկա ՀՀԿ-ի կողմից պաշտպանվող թեկնածու, մյուսը` այն ընտրատարածքը, ուր առաջադրված է Սարիբեկ Սուքիասյանը: Մնացյալ ընտրատարածքներում համատարած խայտառակ պարտություն են կրելու ՀԱԿ-ի թեկնածուները, պարզպես այդ պարտությունը վերածվելու է շոուի, ու դրա վրա աղմուկ է բարձրացվելու ՙանասելի կեղծիքների՚ մասին:
Սակայն ՀԱԿ-ը որոշել է ինչ-որ չափով բարձրացնել ՙկոնսենսուս մինուս ՀՀԿ՚ ձեւաչափի արդյունավետությունը, ու հենց դրանից ելնելով երեկ Աբովյանում ԼՏՊ-ն հայտարարեց հետեւյալը. ՙԱկտիվորեն մասնակցել ընտրությունների վերահսկողությանն ու օրինականության պահպանմանն ուղղված բոլոր անկեղծ նախաձեռնություններին, ասում եմ անկեղծ նախաձեռնություններին, որովհետեւ կան նաեւ թատերական նախաձեռնություններ, որոնք արվել են Նիկոյանի, Դավիթ Հարությունյանի կողմից: Սրանց հետ մենք գործ չունենք: Մասնավորապես, անկեղծ նախաձեռնություն ասելով` ես նկատի ունեմ Հ. Յ. Դաշնակցության, ՙԺառանգության՚ ՙԲարգավաճ Հայաստան՚-ի եւ Կոնգրեսի կողմից ձեւավորված միասնական շտաբի գործունեությունը: Սա շատ կարեւոր փաստ է:
Քննադատության հիմնական թիրախ դարձնել սարգսյանական վարչախմբի գլխավոր հենասյուները` Հայաստանի Հանրապետական կուսակցությանը եւ նրա կույր աղիքը հանդիսացող ՙՕրինաց երկրին՚:
Հակաքարոզչությամբ չզբաղվել, առավել եւս` անձնական բնույթի որակումներով հանդես չգալ մյուս քաղաքական ուժերի, մասնավորապես` միասնական շտաբում մեր գործընկերները հանդիսացող ՀՅԴ, ՙԺառանգության՚ եւ ՙԲարգավաճ Հայաստանի՚ ու նրանց թեկնածուների դեմ:
Միեւնույն ընտրատարածքներում Կոնգրեսը եւ նշված կուսակցությունները ներկայացնող թեկնածուների առկայության պարագայում առաջնորդվել բացառապես փոխադարձ հարգանքի, ազնիվ մրցակցության եւ արդար ընտրությունների անցկացման շուրջ համագործակցության սկզբունքներով: Անկախ այն բանից` մեր գործընկերներր կհարգեն, թե կխախտեն այս կանոնները Հայ ազգային կոնգրեսը հաստատակամ է որեւէ պարագայում չշեղվել դրանցից՚: Ապշել կարելի է, թե հանկարծ որտեղից ԼՏՊ-ի մոտ գոյացավ մեծահոգության նոպան այնպիսի ատելի ուժերի նկատմամբ, ինչպիսիք են ՀՅԴ-ն եւ ՙԺառանգությունը՚, ում հետ ավանդաբար հարաբերությունները թշնամական էին կամ չափազանց կասկածամիտ: Եվ հանկարծ իշխանական ԲՀԿ-ն դարձավ ՙգործընկեր՚ ու ՙավազակապետության՚ հետ կապ չունեցող, գաղափարական թշնամի դաշնակները դարձան շատ սիրելի, ՙԺառանգությունն՚ էլ մի վայրկյանում մաքրվեց ՙավազակապետությանը ծախվածի՚ պիտակից: Բրավո, թերեւս հեռու չի նաեւ այն օրը, երբ ԼՏՊ-ն ոչ միայն ստվերում օգնելու է Ռոբերտ Քոչարյանին, որին պատրաստվում էր դատել Հաագայի դատարանում (իսկ ստվերային օգնությունն այսօր էլ կա), այլ նաեւ հրապարակավ կհռչակի, թե ինչպիսի դրական կերպար է ՀՀ երկրորդ նախագահը:
Կարճ ասած` նպատակն արդարացնում է միջոցները, իսկ միջոցների խտրություն ակնկալել ԼՏՊ-ի կողմից միամտություն է դեռեւս 1988-90 թվականներից, երբ առատորեն զոհաբերվում էին յուրայինները` հանուն իշխանության գալու գերնպատակի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

