ՙՀԱՑԻ ԽՆԴԻՐԸ՚` ՀԱՄԱԶԳԱՅԻՆՈՒՄ
Արխիվ 12-16| ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ |
Շուտով Համազգային թատրոնի խաղացանկը` շնորհիվ ՙԳրանդ Քենդի՚ ընկերության, Վարդանյաններ ընտանիքի ֆինանսավորմամբ կհամալրի եւս մեկ դասական ներկայացում` Պերճ Պռոշյանի ՙՀացի խնդիրը՚:
Երեկ կայացած ասուլիսում ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ նշեց, որ անձամբ է գնացել թատրոն եւ առաջարկել Սոս Սարգսյանին բեմադրել որեւէ դասական գործ. ՙԴա մեր նվերն էր թատրոնի 20-ամյակի առթիվ: Անցյալ տարի Վարպետին առաջարկեցի հովանավորել որեւէ հայ դասականի բեմադրություն: Վարդանյան ընտանիքը շարունակում է հովանավորել մշակութային նախագծեր, ուստի միասին ընտրեցինք Պերճ Պռոշյանի ՙՀացի խնդիր՚ վեպը. այն այսօր էլ արդիական է: Ինչպես այսօր, այն ժամանակ էլ հացի խնդիր լուծելու համար ոտնահարվում էին բարոյական արժեքները: 160 տարի, ցավոք, չսովորեցինք մեր սխալների վրա: Կոռուպցիան եւ անօրինականությունը շարունակվում են մեր առօրյա կյանքում: Կարծում եմ, այս բեմադրությունը ինչ-որ չափով կունենա դաստիարակչական բնույթ՚:
Թատրոնի տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ խոսքերով. ՙՍա մեր իրականության մեջ բացառիկ դեպք է, բայց հուսանք, որ այն բացառիկ չի մնա, սրանից ՙկվարակվեն՚ այլ հնարավորություններ ունեցող մարդիկ: Սա է ճանապարհը, որի միջոցով հայ արվեստագետը կարող է դրսեւորվել երկրի ներսում եւ երկրից դուրս՚:
Տնօրենի հավաստմամբ, Սոս Սարգսյանի գեղարվեստական ղեկավարությամբ եւ Վիգեն Ստեփանյանի բեմականացմամբ ներկայացումը հանդիսատեսի դատին կհանձնվի սեպտեմբեր-հոկտեմբերին, ավելին` թատրոնի 21-րդ թատերաշրջանը կբացի ՙՀացի խնդիրը՚: Ներկայացման բեմականացման համար ՙԳրանդ Քենդի՚ ընկերությունը հատկացրել է մոտ 18 մլն դրամ:
ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ խոստովանեց, որ երիտասարդ ժամանակ էր կարդացել վեպը, բայց. ՙԱյս անգամ, երբ մուշտարու աչքով կարդացի, տեսա, որ բավական մեծ գրող է, շատ խորը դատողություններ ունի: Զարմանալին այն է, որ 160 տարի չենք փոխվում. նույն խաբեությունն է, կաշառակերությունը, փոխհարաբերությունը, ինչը մեզ տանում է դեպի կործանում: Չեմ կարծում, որ ներկայացումն առանձնապես հեղափոխական դեր կխաղա, բայց Վիգենի հետ կփորձենք մի ապտակ տալ ոմանց... Ներկայացումը անկտրել ձմերուկ է, մինչեւ չկտրես չես տեսնի` հասե±լ է, թե± ոչ: Կարծես թե` ինչպես, ասենք, Մանթաշովի ժամանակ էր, հիմա էլ սկսում է ծնվել այն գաղափարը, որ արվեստին պետք է տեր կանգնել, որ արվեստը պետք է ֆինանսավորել: Եկեք անկեղծ լինենք` կինոն` փող է, թատրոնն էլ, չի լինում այլ կերպ: Կարելի է յոլա տանել, յոլա տանելով էլ կդառնաս շարքային գավառական անհետաքրքիր թատրոն: Չափանիշները պիտի բարձր լինեն: Այս իմաստով շնորհակալ եմ ՙԳրանդ Քենդի՚-ին: Ներքուստ հպարտանում եմ, որ Կարենը մեր տղեն է, տեսնենք` ինչ դուրս կգա: Մյուս թատրոններն էլ կարիք ունեն: Լավ կլինի, որ, այսպես ասած, օլիգարխները տեր կանգնեն, հասկանան, որ մենակ հո քյաբաբ ուտելով չի...՚:
Այս ասելով` Վարպետը հիշեց Վարդան Պետրոսյանի մի բեմադրություն, որտեղ նա առաջարկում է դրամի անունը յան դնել, եւ կատակով հավելեց. ՙՀիմա մի քիչ յան տվեք, թող թատրոնները ապրեն՚:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

