ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎՈՒՄ
Արխիվ 12-16| ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ |
Բնակչությունը ոչ մի տեղ նրանց չի աջակցել, եւ այսօր նրանք հեռանում են Սիրիայի քիչ բնակեցված լեռնային շրջաններ: Բանակը փակում է սահմանները հարեւան երկրների հետ, երկրի ներսում հսկողության տակ է վերցնում զենքի սեւ շուկան: Բացատրելով իրենց պարտությունները` ապստամբների պարագլուխները հայտարարում են, որ իրենց ՙնստելը՚ Հոմսում եւ Իդլիբում ՙռազմավարական սխալ էր՚, եւ այժմ իրենք անցնում են ՙպարտիզանական մարտավարության՚: Այսինքն` պայթյուններին եւ թաքուն անկյունից հրաձգությանը, ինչից սկսել էին մեկ տարի առաջ:
ՆԱՏՕ-ի ստրատեգները ժամանակին հասկացան, որ փլվում է զինված պետական հեղաշրջման սցենարը: Ապստամբությունը չհաջողվեց տեղափոխել պատերազմական փուլի: Մեկ կամ երկու ամիս անց զինյալների գործունեությունը կարող է վերածվել միայնակ ահաբեկչական գործողությունների, որը կհարուցի բնակչության բնական ատելությունը:
Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հասկանալ, որ միանալով Ռուսաստանի եւ Չինաստանի դիրքորոշմանը, որոնք պնդում են երկու կողմից էլ բռնությունների դադարեցման անհրաժեշտությունը, Արեւմուտքը հետապնդում է իր նպատակները: Առաջին հերթին` խաղաղ բանակցությունները կդադարեցնեն մարտական գործողությունները եւ թույլ կտան պահպանել ապստամբների ռազմական ներուժը: Երկրորդ, Սիրիայում խորհրդարանական ընտրություններից մնում է մեկուկես ամիս եւ հիմա հարկավոր է խաղադրույք կատարել ընտրությունների վրա:
Ընդդիմադիր ՍԱԽ-ը ՙխաղաղ փոխակերպման՚ դեպքում եւ այն պայմանով, որ Վաշինգտոնն ու Լոնդոնը չեն ժլատանա նրա ֆինանսական աջակցության հարցում, կարող է փորձել մրցակցել իշխող Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության հետ` խաղալով սիրիական հասարակության ներսում առկա հակասությունների վրա:
Ընտրություններին ընդառաջ Եվրամիությունը հիմա Սիրիայի դեմ ընդունում է լրացուցիչ պատժամիջոցներ: Իսկ պատժամիջոցների արդյունավետությունը միշտ մեկն է` իշխող ռեժիմի թուլացում, հանրության լայն շրջաններում դժգոհության տարածում եւ, բնականաբար, ընդդիմության հարձակման համար լրացուցիչ պայմանների ստեղծում: Այս անգամ Արեւմուտքը հրաժարվում է սիրիական նավթից, որն ապահովում է երկրի ազգային բյուջեի 20 տոկոսը: Իսկ Սիրիան նավթի իրացման այլընտրանքային շուկա չունի: Դամասկոսի առջեւ նշմարվում են պետական ապարատը, բանակը, անվտանգության ծառայությունները պահելու դժվարություններ...
Դրանով, սակայն, ընտրություններին նախապատրաստվելը չի սահմանափակվում: Մարտի 23-ին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը ընդունեց բանաձեւ Սիրիայի իրադրության վերաբերյալ, որտեղ խոսվում է իշխանության մեղքով բռնության սանձազերծման մասին եւ ամբողջովին լռության է մատնվում ընդդիմության դերը դրանում: Այդ բանաձեւում ոչ մի բառ չի ասված Human Rights Watch-ի զեկույցի մասին, Հոմսում, Իդլիբում եւ այլ քաղաքներում ապստամբների` արյունահեղություն կազմակերպելու մասին:
ՌԴ ԱԳՆ-ն արեց սուր հայտարարություն այդ առթիվ, որտեղ, մասնավորապես խոսվում է ՙմի շարք պետությունների անպատասխանատու դիրքորոշման մասին, որոնք հանդես են գալիս Սիրիայում ահաբեկչական գործողությունները դատապարտելու Ռուսաստանի առաջարկության դեմ, որոնք խլել են տասնյակ մարդկանց կյանք եւ բռնության դատապարտման դեմ, որը իրականացվում է զինյալների կողմից՚: Մնում է միայն գուշակել` ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի բանաձեւը նվիրված չէ±ր ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ հանձնակատար Քոֆի Անանի Մոսկվա այցին: Չէ± որ տվյալ բանաձեւը փաստորեն ի չիք է դարձնում բոլոր ջանքերը:
ՆԱՏՕ-ն շարունակում է առանց հոգնելու աշխատել սիրիական զինված ընդդիմության կողմում` ձգտելով հասնել Բաշար Ասադի ռեժիմի կրիտիկական թուլացմանը, եւ միաժամանակ լրջորեն մտածում է ՍԱԽ-ի` առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին: Ամենայն հավանականությամբ, որոշ ժամանակ անց Բուհան Գալյոնը ՙկիջնի՚ մինչեւ Դամասկոսի հետ բանակցությունների մակարդակի, այն բանի համար, որպեսզի ընտրություններին մասնակցելու հնարավորություն ստանա:
Քաղաքական պայքարում հաղթելու նրա շանսերը շատ չեն, բայց ընթացք կտրվեն ՙգունավոր հեղափոխության՚ մշակված տեխնոլոգիաներին. կեղծիքների վերաբերյալ մեղադրանքները, բողոքները եւ... հանգստացած, ուժեր հավաքած զինյալների` ընդհատակից դուրս գալը: ՙՈւղղորդվող՚ քաոսը նորից կվերադառնա Սիրիա:
Այնպես որ` հարց է ծագում` իսկ արժե±, որ Դամասկոսը հիմա ընդհանրապես սկսի բանակցությունները Սիրիայի Ազգային խորհրդի հետ: Թշնամին, ընկնելով թակարդը, գնում է բանակցությունների բոլորովին էլ ոչ նրա համար, որ պայմանավորվի խաղաղության մասին, այլ նրա համար, որպեսզի շունչ քաշի, փոխի մարտավարությունը եւ նորից հարված հասցնի:
Կա± կասկած այն բանում, որ հենց ՆԱՏՕ-ն Գալյոնի հետ հանդիսանում է Սիրիայի այդ թշնամին:
Պատրաստեց Գ. ԳԱԼՈՒՍՏՅԱՆԸ

