ԹԱԼԱՆ` ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ
Արխիվ 12-16| ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ |
ՙԹԱԼԱՆ` ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ
ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից բացահայտված աղաղակող թալանի մասին փաստերն արդեն այն աստիճանի են շատացել, որ հերթական բացահայտումն արդեն քիչ բանով է զարմացնում: Եվ ամենավրդովեցուցիչն այն է, որ չնայած քանի տարի է, որ մասնավորապես ՎՊ-ի միջոցով հիմնավորվում է պետական բյուջեի փողերի, կամ, որ ավելի վատ է` դրսից վերցված վարկային միջոցների թալանի բացահայտված փաստերն այդքան շատ են, սակայն գնալով դրանց թիվն այդպես էլ չի պակասում:
Իսկ դա, ավելի շատ, խոսում է այն մասին, որ նախորդ բացահայտումների արդյունքում քչերն են, որ պատասխանատվության են ենթարկվում, եւ մյուսներն էլ հանգիստ մտածում են` ի±նչ կա որ` բռնվեցինք, թալանի մի մասը կվերադարձնենք, ու վերջ...
ՎԱՐԿԵՐԻ ԽԺՌՎԱԾ ԿՈՂՄԸ
Ինչեւէ, մեր նախորդ համարում առիթ ունեցել էինք խոսել հանքարդյունաբերության ոլորտը համակարգող կառույցներում ՎՊ-ի աղաղակող բացահայտումներից, եւ պարզ է, որ այս դեպքում եւս հազիվ թե որեւէ մեկը լրջորեն պատժվի: Բայց, ամեն դեպքում, շարունակենք խոսել հերթական բացահայտումների մասին: Այս անգամ ներկայացնելով ՀՀ առողջապահության նախարարությունում, ավելի կոնկրետ` նախարարության ՙԱռողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ՚ պետական հիմնարկում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Ընդ որում, այս անգամ ուսումնասիրվել են ծրագրեր, որոնք իրականացվել են ՙօտարերկրյա պետությունների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային եւ դրամաշնորհային՚ միջոցների հաշվին: Ասել է թե` տվյալ դեպքում իրականացված թալանի համար պետությունը ոչ թե ՙփոխհատուցելու՚ է միանվագ ձեւով, այլ` վարկային տոկոսներով հանդերձ:
Իսկ ավելի կոնկրետ` ուսումնասիրվել է ՙՀամաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ՙԱռողջապահական համակարգի արդիականացում՚, ՙԱռողջապահական համակարգի արդիականացում՚ երկրորդ փուլ եւ ՙԹռչնագրիպին հակազդելու՚՚ ծրագրերը` 2009թ. հունվարի 1-ից մինչեւ անցած տարեվերջ ժամանակահատվածում: Ընդ որում, ուսումնասիրությունները կարճ են տեւել` մոտ մեկ ամիս: Չնայած դրան` արձանագրվել են այն կարգի խոշոր խախտումներ, բացահայտ թալանի փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ ավելի երկարատեւ ուսումնասիրությունները կարող էին եւ մի իսկական խայտառակ պատկեր ի հայտ բերել:
Սակայն անցնենք բուն փաստերին:
ՙԱռողջապահական համակարգի արդիականացում՚ ծրագիրը մի շարք կարեւորագույն նպատակներ է հետապնդում: Մասնավորապես` ընտանեկան բժշկության համակարգի զարգացում, հիվանդանոցային ցանցերի արդիականացում, բժշկական սարքավորումների արդիականացում, շենքային ու նմանատիպ պայմանների բարելավում եւ այլն: Այսինքն` ի վերջո, գնում-հասնում ենք շինարարական աշխատանքներին, ինչը, ինչպես հայտնի է, թալանի լավագույն ուղղություններից մեկն է: Եվ ահա, դրա հետ կապված էլ ՎՊ-ն ընտրանքային կարգով ուսումնասիրել է ՙՀիվանդանոցների վերակազմավորման եւ բարելավման փորձարարական ծրագրով՚ ՙԳորիսի բժշկական կենտրոնի՚ եւ ՙԱպարանի բժշկական կենտրոնի՚ շինարարական աշխատանքները: Հայտնաբերված փաստերը ներկայացնենք այնպես, ինչպես նկարագրել է ՎՊ-ն.
Կատարողական ակտերով վճարված աշխատանքներում թույլ է տրվել 2 329,0 հազ. դրամի հավելագրում, որից.
ՙԱրարիչ՚ ՍՊԸ-ի կողմից ՙԳորիսի բժշկական կենտրոն՚ ՓԲԸ-ի շենքի վերանորոգման աշխատանքներում 2 059,0 հազ. դրամ (պողպատե խողովակների միջով հաղորդալարերի մոնտաժման աշխատանքների ծավալը նվազեցվել է, սակայն այդ խողովակների մոնտաժման աշխատանքների ծավալը չի նվազեցվել)£ ՙՌուստիկա Լենդ՚ ՍՊԸ-ի կողմից ՙԱպարանի բժշկական կենտրոն՚ ՓԲԸ-ի շենքի վերանորոգման աշխատանքներում 270,0 հազ. դրամ (խրամուղում 540 գծմ մալուխի փռման պարագայում հաշվարկվել է խրամուղում 620 գծմ մալուխի ծածկումը աղյուսով)£
ՙԱրարիչ՚ ՍՊԸ-ի կողմից ՙԳորիսի բժշկական կենտրոն՚ ՓԲԸ-ի շենքի վերանորոգման աշխատանքներում արտաքին պատերի ներկման լրացուցիչ կատարված աշխատանքները պայմանագրում առկա 1քմ-ն 2,0 հազ. դրամ գնով վճարելու փոխարեն` վճարվել են 1քմ-ն 7,0 հազ. դրամով, ինչի արդյունքում ավելի է վճարվել 10 218,0 հազ. դրամ:
Աշխատանքների սխալ կազմակերպման արդյունքում թույլ է տրվել 2 268,0 հազ. դրամի անարդյունավետ ծախս, մասնավորապեսª ՙԱպարանի բժշկական կենտրոն՚ ՓԲԸ-ի շենքի վերանորոգման աշխատանքներում պատերի ամբողջ մակերեսով գաջով սվաղի աշխատանքներն ավարտելուց ու վճարելուց հետո, եւս 2100 գծմ հաղորդալարերի անցկացման համար վճարվել է նոր սվաղված մակերեւույթներում ակոսների բացման եւ վերականգնման աշխատանքներ 2 268,0 հազ. դրամի£
ՙԱպարանի բժշկական կենտրոն՚ ՓԲԸ-ի շենքի վերանորոգման լրացուցիչ աշխատանքների կատարման համար ՙՌուստիկա Լենդ՚ ՍՊԸ-ի հետ կնքված համաձայնագրերում լրացուցիչ աշխատանքների միավորի գները բարձր են ընդունվել նախագծողի առաջարկած գներից 20 230,0 հազ. դրամի չափով (շինաղբի բարձման եւ տեղափոխման գինը առաջարկվել է 3,6 հազ. դրամ, վճարվել է 13,0 հազ. դրամով, տանիքի ծածկույթի կառուցման 1քմ-ի գինը առաջարկվել է 9,42 հազ. դրամ, կիրառվել է 1քմ-ն 16,9 հազ. դրամ)£
Լրացուցիչ աշխատանքների համար նախագծողի առաջարկած գները գերազանցում են ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից սահմանված կարգով հաշվարկի դեպքում ստացվող նախահաշվային արժեքը 19 979,0 հազ. դրամով, մասնավորապեսª
ՙԱրարիչ՚ ՍՊԸ-ի կողմից ՙԳորիսի բժշկական կենտրոն՚ ՓԲԸ շենքի վերանորոգման աշխատանքներում 7 358,0 հազ. դրամ (բետոնի մեխի, ալյումինե ճոճվող դռների, ծեփամածկման աշխատանքների եւ ցուցանակների միավոր գները)£ ՙՌուստիկա Լենդ՚ ՍՊԸ-ի կողմից ՙԱպարանի բժշկական կենտրոն՚ ՓԲԸ շենքի վերանորոգման աշխատանքներում 12 621,0 հազ. դրամ (պատուհանագոգի, շեպերի գաջի սվաղի, ջրի բաքի, 20 սմ լայնությամբ լամինատե ժապավենների, տաշտակի սալվածքի նախապատրաստական շերտի միավորի գները, եւ այլն)£
ՙԱրարիչ՚ ՍՊԸ-ի կողմից ՙԳորիսի բժշկական կենտրոն՚ ՓԲԸ-ի շենքի վերանորոգման աշխատանքներում թանկ աշխատանքները փոխարինվել են էժան աշխատանքներով, սակայն պայմանագրային գինը նվազեցնելու փոխարեն` ավելացվել է 636,0 հազ. դրամով (500 մմ բարձրությամբ ալյումինե ջեռուցման մարտկոցը, որի 1 սեկցիայի գինը սահմանված է եղել 3,0 հազ. դրամ, փոխարինվել է 400 մմ բարձրությամբ մարտկոցով, սակայն վճարվել է 1 սեկցիան 4,2 հազ. դրամով եւ այլն)£
Խախտումներ դեռ էլի կան, սակայն դժվար չէ նկարագրված դրվագներով չարաշահումների չափերը գումարել ու տեսնել, թե կոնկրետ այս երկու բուժհաստատությունների մի սովորական նորոգման արդյունքում ինչ հսկայական փողեր են ՙանհետացել՚: Իսկ դրանից հետո, եթե փորձենք այդ ՙանհետացումն՚ էլ ավելի ընդհանրացնել` կապելով նմանատիպ բոլոր շինարարական աշխատանքների հետ, նոր միայն, այն էլ` մոտավոր պատկերացում կկազմենք թալանային իրական ծավալների մասին: Իսկ արդյունքում` համոզված ենք, որ ոչ մի պատասխանատվության ենթարկված չկա...
ԳԵՐԹԱՆԿԱՐԺԵՔ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ` ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ
Ուսումնասիրությունների մի մասն էլ, ինչպես նշեցինք, թռչնագրիպի մասին էր: Հիշեցնենք, որ ժամանակին, երբ ակտիվորեն եւ, որ ամենակարեւորն է` արհեստական կերպով թեժացվում էր թռչնագրիպից սպասվող մահացու վտանգի թեման, Հայաստանում եւս բավականին պատկառելի միջոցներ ներդրվեցին դրա դեմ պայքարելու համար: Հասկանալի է, խոշոր հաշվով, այդ գումարները դեռ էն գլխից պետք էր համարել կորած: Բայց, այնուամենայնիվ, ծրագիրը, լավ թե վատ, արեցին, եւ ահա ՎՊ-ն էլ ուսումնասիրել է դրա դրվագներից մեկը: Ավելի կոնկրետ, թե այդ ծրագրի շրջանակներում ինչպե±ս են իրականացրել, այսպես կոչված, ՙխորհրդատվական ծառայությունները՚: Եվ ահա, այդ բավականին մասնակի ուսումնասիրության արդյունքում եզրակացությունը հետեւյալն է. ՙՇինարարական աշխատանքների իրականացման ընթացքում բոլոր օբյեկտներում կատարվել են աշխատանքների սկզբնական նախագծային ծավալների զգալի փոփոխություններ, առանձին օբյեկտներում` մինչեւ 35%-ի չափով, ինչը վկայում է բավականին թերի իրականացված նախագծային աշխատանքների (խորհրդատվական ծառայության) մասին: Բացի այդ, նախագծային կազմակերպության (խորհրդատու) կողմից թույլ տրված սխալ նախագծային լուծումների արդյունքում տեղի է ունեցել աշխատանքների չհիմնավորված թանկացումներ, մասնավորապեսª ՙԷլեկտրոննախագիծ՚ ՓԲԸ-ի կողմից կազմված ՙԱպարանի բժշկական կենտրոն՚ ՓԲԸ-ի շենքի վերանորոգման աշխատանքների նախագծում, արտաքին պատերի մաքրումը ավազաշթով նախատեսելու փոխարեն` նախատեսվել է իրականացնել հղկաքարով հղկմամբ, ինչի արդյունքում տեղի է ունեցել աշխատանքների թանկացում 13 395,0 հազ. դրամի չափով՚£
Իհարկե, ՎՊ-ն մի փոքր ՙհամեստություն՚ է անում` այս ամենը համարելով ՙթերի իրականացված խորհրդատվական ծառայություն՚: Եթե նախագծային ու փաստացի աշխատանքների մեջ կա ընդհուպ մինչեւ 35տոկոսանոց տարբերություն, ապա գաղտնիք չէ, որ նման բաները հենց միայն ՙսիրուն աչքերի՚ համար չեն արվում: Այսինքն` մի կողմից` մեր պետությունը տարիներ շարունակ վարկային միջոցների պատկառելի մասը ծախսել է այդ ՙխորհրդատվական ծառայություն՚ կոչված անպետքության համար, մյուս կողմից էլ` շատ հաճախ այդ ՙխորհրդատուների՚ գործողությունները նպաստել են, որ վարկերի մի մասն էլ այլ ձեւով թալանվի: Եվ սա, ցավոք, համատարած բնույթի է: Իսկ կոնկրետ դեպքում ամեն ինչ շատ ավելի վատ է, քանի որ նկարագրված այս բոլոր խախտումները, չարաշահումներն ու թալանը, վերջին հաշվով, առողջապահության, ասել է թե` մարդկանց առողջության հաշվին է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

