ՆԱՏՕ-Ն ՍԻՐԻԱՅԻ ԴԵՄ.
Արխիվ 12-16| ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ |
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ)` Սիրիայի իրադրության շուրջ հայտարարությունը ոգեւորեց միջազգային հանրությանը: Վերջապես Արեւմուտքը փոխեց իր դիրքորոշումը եւ պահանջեց զինված հակամարտության բոլոր մասնակիցներից` դադարեցնել մարտական գործողությունները: Ու չնայած հայտարարությունը կատարման համար պարտադիր չէ, այնուամենայնիվ, դրանք որոշակի հույսեր արթնացրին:
Ճիշտ է, կողմերի վարքը ուշադիր ուսումնասիրելիս ուշադրություն է գրավում այն, որ, հայտարարությանը աջակցություն հայտնելով, Հիլարի Քլինթոնը Բաշար Ասադից պահանջում է դուրս բերել կառավարական զորքերը խոշոր քաղաքներից, սակայն ոչ մի բառ չի ասում ապստամբների զինված ջոկատների մասին: Նույն բանն արեց Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ու. Հեյգը: Այսպիսով, Վաշինգտոնի եւ Լոնդոնի խաղաղասիրական ջանքերում երկրորդ հասցեատերը, այսինքն` Սիրիայի Ազգային խորհուրդը (ՍԱԽ) եւ նրա նախագահ Բուրհան Գալյունը, բացակայում են: Նրանից պահանջ չկա:
Մինչ այդ Գալյունը արդեն մեկնաբանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը` անվանելով այն ՙլավը, բայց սիրիական ժողովրդի սպասելիքներին չհամապատասխանող՚: Ամենայն հավանականությամբ, սիրիական ժողովուրդ ասելով Գալյունը նկատի ունի իրեն եւ չի ցույց տալիս Դամասկոսի հետ բանակցությունների գնալու պատրաստակամությունը: Արեւմտյան հովանավորները չեն շտապում նրան մղել այդ քայլին:
Առայժմ սիրիական հարցում առկա է Արեւմուտքի հռետորաբանության փոփոխություն` անփոփոխ խնդիրների եւ նպատակների պայմաններում: Հռետորաբանության փոփոխությունը պետք եկավ այն պատճառով, որ Սիրիայում ապստամբության փչովի սուտը բավականին մերկացվեց: Զինված ընդդիմությունը ավելի ու ավելի է ցույց տալիս իրեն որպես ահաբեկչական ուժ, որը հեռու է ժողովրդի շահերից: Առանձնապես վառ դա ցույց տվեցին վերջին պայթյունները Դամասկոսում եւ Հալեպում, որոնք տասնյակ մարդկանց կյանք խլեցին: Այդ ի±նչ ժողովրդավարության համար պայքարի մարտիկներ են, եթե նրանց մեջ թաքնվում են հրեշներ, ովքեր պատրաստ են սպանել անպաշտպաններին: Այդ հարցն առաջ քաշեց ռուսական դիվանագիտությունը` կոչ անելով ՄԱԿ-ի ԱԽ-ին` դատապարտել վերջին ահաբեկչական գործողությունները Սիրիայի խաղաղ ժողովրդի նկատմամբ: Արեւմուտքը ՙպատասխանեց՚ լռությամբ:
Հիմա մամուլում հայտնվել է Human Rights Watch կազմակերպության Մերձավորարեւելյան տնօրեն Սառա Վիթսոնի բաց նամակը ՍԱԽ-ի նախագահ Բուրհան Գալյունին, որտեղ նա մեղադրում է սիրիական ընդդիմությանը մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ: Նամակում բերվում են օրինակներ, երբ ընդդիմադիրների կողմից գերված կառավարական զինվորները ենթարկվել են անմարդկային կտտանքների:
Կազմակերպության ձեռքն են ընկել նաեւ այն քաղաքացիական անձերի մահապատժի տեսագրությունները, ում ապստամբները կասկածում էին գաղտնի ոստիկանության անդամ լինելու մեջ: Դա քիչ է նման հանուն ազատության եւ ժողովրդավարության պայքարի մեթոդների: Որքան ժամանակ է անցնում, այնքան բացահայտ է դառնում, որ սիրիական զինված ընդդիմությունը արկածախնդիրների հավաքածու է, որը ցանկանում է դիակների վրայով հասնել իշխանության:
Սակայն այդ ՙընդդիմության՚ տիկնիկավարների մոտ այժմ բացահայտ տեղի է ունենում շեշտադրումների տեղափոխություն: Բոլորովին էլ ոչ թե այն պատճառով, որ նրանց հանկարծ սկսեց ամաչեցնել սիրիական ապստամբների գազանային վարքը: Դա սովորական բան է: Պատճառն այն է, որ ապստամբությունը շնչահեղձ է լինում: Արեւմուտքը չի հասկանում, եւ ցասում է առաջացնում այն փաստը, որ սիրիական բանակը շարունակում է հավատարիմ մնալ կառավարությանը: Ինչ-որ մեկը կանխատեսել էր, որ ՙօպերացիան՚ սկսելուց 2-3 ամիս անց սիրիական բանակը կփախչի, եւ Բաշար Ասադը կմնա անպաշտպան:
Սակայն անցավ մեկ տարի ապստամբության սկզբից, եւ, փոխանակ անցնեն ՙժողովրդավարության համար պայքարողների՚ կողմը, սիրիական զորքերը քայլ առ քայլ քշում են ապստամբներին նրանց զավթած բնակավայրերից եւ հենց ապստամբներն են փախչում:

