ՙՙԻնչ կարծիքի են ընթերցողները...
Արխիվ 12-16| ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ |
ԶԱՐՄԱՆՔ
Ինչ կարծիքի են ընթերցողները` աշխարհում ի±նչ անսահման բան կա: Երեւի թե կասեք` միայն տիեզերքը իր տարածությամբ եւ ժամանակով ու ուրիշ ոչինչ: Մենք էլ էինք այդ կարծիքին, սակայն պարզվեց, որ չարաչար սխալվում էինք, զի ՙոեւէ՚ անսահման բան ստեղծելու ունակություն ունի եւ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ: Ինչպես ճիշտ նկատեց Էդուարդ Շարմազանովը. ՙԱռիթ ունեցա ըմբոշխնելու պաշտոնաթող արտգործնախարարի մտքի գոհարները եւ եւս մեկ անգամ համոզվեցի, որ քաղաքական դեմագոգիան կարող է սահմաններ չունենալ՚:
Դե ինչ, իրոք, որ Օսկանյանի դեմագոգիայի նմուշները պետք է անպայման ձայնագրել, տեսագրել, գրի առնել, պահեստավորել համակարգիչներում եւ համացանցում: Քանզի եթե այդ ամենը կորավ, ապագայում քաղաքագիտության եւ քաղաքական կեղտոտ հնարքների պատմությունն ուսումնասիրողները ահագին փաստական նյութից կզրկվեն:
ՙՍարերի քամի, որտեղից ես գալիս եւ ուր ես գնում՚` հենց այդ երգը դարձավ ՙԺառանգության՚ նախընտրական հոլովակի հիմքը: Եվ, ի դեպ, այդ կուսակցության նախընտրական ավտոբուսների վրա գրված է. ՙԳալի°ս ենք...՚: Թե ուր են ՙգալիս՚` բացատրեց ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հենց Զատիկի պայծառ օրով. ՙԳալիս ենք Հայաստանի Հանրապետության, Արցախի, հայ մարդու, սփյուռքի, մեր միասնության, մեր արժանապատվության համար: Գալիս ենք: Դուք գալի±ս եք: Քրիստոս հարյավ ի մեռելոց՚: Եթե որեւէ մեկը այդ զարմանալի բառախաղից բան հասկացավ, թող բացատրի, հատկապես` թե ինչ կապ ունի այդտեղ Քրիստոսի հարությունը: Արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանին եւ ՙժառանգականներին՚ թվո±ւմ է, որ եթե չլինի իրենց ընտրական գալուստը, ապա տեղի չի ունենա նաեւ Քրիստոսի հարությունը: Չնայած, երեւի թե, Րաֆֆու խոսքերը մեկնաբանելու համար կպահանջվի ավելի շատ մեկնիչներ, քան վերջին 2000 տարվա ընթացքում պահանջվել է աստվածաբաններ` Սուրբ գիրքը մեկնաբանելու համար:
Իսկ ՙյեղափոխական՚ մտքի աննախադեպ թռիչք է ի ցույց հանում Դաշնակցության (այն, որ հայ յեղափոխական է) ներկայացուցիչ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ. ՙՄենք մինչեւ հիմա չենք ունեցել իշխանություն, որը լիարժեքորեն ծառայի ժողովրդին՚: Զարմանալիորեն այնպես է խոսում, կարծես նոր է իջել երկնքից եւ ոտքերն ամպոտ են: Ախր, 1998-ից սկսած այդ ձեր կուսակցությունը չէ±ր, որ մշտապես եղել է իշխանության մաս, եւ լքել է իշխող կոալիցիան ընդամենը երկու տարի առաջ, այն էլ` ոչ թե ժողովրդին չծառայելու, այլ հայ-թուրքական արձանագրությունների պատճառով: Զարմանալի է, ո±վ էր խանգարում այդքան երկար ու ձիգ տարիներ նույն դաշնակ նախարարներին, մարզպետներին, այլ պաշտոնյաներին լիարժեքորեն ծառայել ժողովրդին: Ո±վ էր ՀՅԴ-ի ձեռքը բռնում եւ ինչպե±ս էր պատահել, որ հենց ՀՅԴ-ն էր հաջողացրել ունենալ ամենաապաշնորհ եւ տարատեսակ սկանդալների մեջ խրված նախարարներ:
Սակայն, բացի նախընտրական զարմանահրաշ իրադարձություններից, մեր երկրում տեղի են ունենում նաեւ կրիմինալ իրադարձություններ, որոնք, ինչքան էլ զարմանալի լինի, որեւէ կապ չունեն ընտրությունների հետ: Այսպես, ՙԱյսբերգ՚ ակումբից հիվանդանոց են բերել երկու երիտասարդի` գլխի վնասվածքներով: Եվ պարզվում է, որ վնասվածք հասցնելու ՙզենքը՚ սովորական ԲԱԺԱԿՆԵՐՆ են: Նույն ակումբում տեղի էր ունեցել այդ երիտասարդների կոնֆլիկտը մի խմբի հետ, որի ներկայացուցիչներից մեկին պատահմամբ ուսով դիպչել էին, եւ ի պատասխան` նա սկսել էր ՙախոյանների՚ գլխին շատ հմտորեն բաժակներ կոտրել: Դե ինչ, մեզանում պատահում են հազվագյուտ նմուշներ:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

