ՙՙԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՙՍԱԼՅՈՒՏԸ՚ ԴՐՍԻՑ
Արխիվ 12-16| ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ |
Երեկ, ՀՀ Աժ ընտրություններին մասնակցող ուժերը թափով մտան քարոզարշավի մեջ: Մեկն էլ ՀՅԴ-ն էր, որն իր քարոզարշավը որոշել էր սկսել մայրաքաղաքի բուն սրտից` Ազատության հրապարակից:
Թերեւս իմաստ էլ չունի հիշատակել այն գերիմաստուն եւ ոգեւորիչ մտքերը, որոնք հեղեղի պես թափվում էին հարթակից: Իմաստը, ըստ էության, պտտվում էր այն մտքի շուրջ, թե ինչքան ծանր է երկրի վիճակը, ու եթե հանկարծ դաշնակցականները չգան իշխանության` լրիվ ձեռքից կգնա:
Բայց ամենահետաքրքիր մասը այդ ելույթներից հետո տեղի ունեցածն էր: Նախ` հրապարակում տեղադրված հսկայական էկրանի միջոցով ցուցադրվում էր ամեն ինչ` այդ թվում եւ բավական ծանրակշիռ հետմիտինգյան համերգը: Վերջում էլ մի այնպիսի շքեղ հրավառություն էր, որ հրապարակը երկար ժամանակ չէր տեսել: Եվ ամենահամեստ հաշվարկներով միտինգի կազմակերպչական ծախսերը հրավառությունն ու նմանատիպ մյուս բաները պետք է, որ մի քանի տասնյակ հազարավոր դոլարներ արժենան: Եվ ի±նչ էր դրանով ուզում ասել ՀՅԴ-ն, թե երկրի վիճակը շատ ծանր է, բայց մենք կարող ենք հազարավոր դոլարներ օդի մեջ հենց այնպես գմփացնե±լ: Լավ, եթե վիճակն այդքան ծանր է, այդ դեպքում առաջ է գալիս հաջորդ տրամաբանական հարցը. այդ բավական զգալի միջոցները տեսնես ՀՅԴ-ն որտեղի±ց էր հայթայթել, որ պատրաստ էր ընդամենը մեկ հանրահավաքի համար հենց այնպես քոռուփուչ անել: Իհարկե, հայաստանյան ՀՅԴ-ի կազմում կան լավ էլ ապահովված ընկերներ: Բայց, ճիշտն ասած, կասկածելի է, որ այդ փողերը նրանց նվիրատվության հաշվին է: Հայտնի է նաեւ, որ դրսում էլ ՀՅԴ-ն շատ հարուստ կազմակերպություն է համարվում: Սակայն, թարսի պես, ՀՀ օրենսդրությունը արգելում է դրսի փողերով ընտրությունների մեջ մտնել ու դեռ մի բան էլ շքեղ հրավառություններ սարքել: Մի խոսքով, մի տեսակ լավ չի ստացվում. մի կողմից` հա մի գլուխ խոսում ու ստորագրում է ազատ ու արդար ընտրություններ անելու օգտին, բայց մյուս կողմից էլ կատարում են այնպիսի ծախսեր, որոնց ծագումնաբանության մեջ եթե խորանանք, հաստատ արդար ընտրության մասին դաշնակցական ճառերին պետք է լրիվ հրաժեշտ տալ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻՆ ԲԵՐԵԻՔ ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ՚ ՑՈՒՑԱԿ
Որքան էլ նախընտրական քարոզարշավն ընթանում է լարված մթնոլորտում եւ անզիջում պայքարով, բայց մեր գործիչները չեն կորցնում իրենց հումորի զգացումը ու առիթը բաց չեն թողնում հանրության առաջ ցույց տալու իրենց իրական դեմքերը:
Այսպես, հերթական անգամ այցելեցինք ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ֆեյսբուքյան էջ: Վերջինս հետեւյալ հղումով անկեղծացել էր հանրության հետ. ՙԹեպետ Ստյոպա Սաֆարյանը առաջադրվել է Հայաստանի ՖՈՒՏԲՈԼԻ ֆեդերացիայի նախագահի դեմ, նա պարտվելու է բասկետբոլային հաշվով՚: Չուշացավ նաեւ տվյալ հղման վերաբերյալ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ մեկնաբանությունը. ՙԲա Ձեզ չեն ասե±լ, որ ես բլոտի ֆեդերացիայի նախագահն եմ: Հազար եմ ասել, խոր գիշերներով ստատուս մի գրի, խաբուսիկ երազ տեսնելու հավանականությունը մեծ է՚: Իսկ Ա.Աշոտյանը եղբայրաբար խորհուրդ է տալիս Ս.Սաֆարյանին. ՙՔիմին (Քիմ Քարդաշյանին) բերում էիք ցուցակ ու ամբողջ գուգլով հիմա ձեզ էինք ման գալիս՚:
Ամեն դեպքում Քիմ Քարդաշյանը նույնիսկ ՙԺառանգության՚ ֆոնի վրա լավ կնայվեր, իսկ Ա.Աշոտյանի ֆեյսբուքյան կատակները շարունակում են մնալ նախընտրական լիցքաթափման լավ միջոց:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

