ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ X-ԵՐԸ ԹԱՏՐՈՆ X-ՈՒՄ
Արխիվ 12-16| ՄՇԱԿՈՒՅԹ |
ՙԹատրոն-X՚ 5-րդ թատերական փառատոնի շրջանակներում առիթ ունեցանք դիտելու երիտասարդ բեմադրիչ Արփի Ասոյանի ՙՇամիրամ՚ (ըստ Լեւոն Մութաֆյանի) եւ Կամերային երաժշտության թատրոնի ՙՍեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում՚ (բեմադիչ` Դավիթ Հակոբյան) ներկայացումները: Ավանդույթի համաձայն, ներկայացումներին հաջորդած քննարկումներում քիչ չեն բանավեճերն ու բուռն լեզվակռիվները:
ՙՇամիրամ՚ մոնոդրաման պատմություն է Ասորեստանի աշխարհակալ թագուհի Շամիրամի կյանքի վերջին օրերի մասին: Միայնակ ու լքված Շամիրամը հայտնվել է հիշողությունների գրկում, խոսում է աշխարհի չափ սիրելի բաբելոնացիների, ամուսնու եւ հավերժորեն մտապատկերում բնակություն հաստատած Արայի հետ:
Լ. Մութաֆյանն անկեղծացավ, որ այս ներկայացումը ընտանեկան երանգ է ստացել, քանի որ պիեսն ինքն է գրել եւ խնդրեց բոլորին քննարկման ժամանակ լինել օբյեկտիվ. ՙԱմեն մի դիտողություն, ճշմարիտ եւ քննախույզ հայացք կարեւոր է մեզ համար՚:
Սեքսուալախառն ու կրքոտ Շամիրամի կերպարը մարմնավորած դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ ներկայացման ավարտից հետո ասաց, որ պատրաստ է լսել յուրաքանչյուր դիտարկում, քննադատություն. ՙԵթե վատն եմ, երեսիս ասեք, ոչ թե ժպտացեք ու հետո գնացեք, ուրիշ բան գրեք՚: Սակայն քննարկման ընթացքում ամեն մի քննդատական խոսքին նա ագրեսիվ արձագանքում էր, եւ Լ. Մութաֆյանն ու Կ. Խոդիկյանը հազիվ էին զսպում նրան:
Երբ խոսքի իրավունք տվեցին բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանին, վերջինս ասաց, որ Անահիտն իր ուսանողուհին է, իսկ Լ. Մութաֆյանն էլ իր ընկերը, վատ բաներ չի կարող ասել: Բայց ասաց. ՙՍա անձնական կարծիք է, ոչ մեկի վզին մի° փաթաթեք, ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ մոնոթատրոնը, որովհետեւ թատրոնն ինձ համար շփում է կենդանի մարդու հետ՚:
Լ. Մութաֆյանն էլ բացատրեց, որ պիեսը գրելիս իրեն Շամիրամը առանձնապես չի էլ հետաքրքրել. ՙԻնձ հետաքրքրել է կինը, որն ունի կենսագրություն, տառապանք, կռիվ: Կին, որը հասել է փառքի գագաթնակետին եւ հանկարծ գահավիժում է, կին, որն ունի սեր, որը դարձել է սիրո գերին եւ պատրաստ է ամբողջ աշխարհը գնել մի արտահայտության դիմացª կանացի երջանկություն: Ներկայացման անունը կարող էինք դնել ՙԿլեոպատրա՚, ՙՍիրուշ՚, քանի որ նպատակը կինն էր: Մոտեցա Շամիրամի պատմությանը, քանի որ այս կերպարում առավել առեղծվածայինը Շամիրամն է: Այսպես ես ուզեցի հասկանալ կնոջը, իսկ կնոջը հասկանալը շատ դժվար է՚:
ՙՍեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում՚ ներկայացումն ամենեւին էլ դուր չէր եկել Լ. Մութաֆյանին: ՙՈրքան շատ եմ սիրում իմ լավ ընկերներ Արա Դեղտրիկյանին (ով մարմնավորել էր գլխավոր հերոսին) ու Դավիթ Հակոբյանին, այդքան չսիրեցի այս ներկայացումը՚: Ըստ նրա, ներկայացումն աղքատիկ էր, բայց, անկախ այդ ամենից, թատերագետը հավանել էր դերասանների խաղը` բացառությամբ դերակատարուհիների, որոնք չէին հուզել նրան. ՙԱյս ներկայացումը հանդիսատես բերելու, զուտ դրամարկղի համար արված ներկայացում է լավ դերասանների, հատկապես Արա Դեղտրիկյանի խաղով՚: Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը նույնպես կարծում է, որ այն հանդիսատես բերելու համար արված ներկայացում է. ՙՀասկանում եմ, որ միայն լուրջ ներկայացումներով հանդիսատես չես բերի: Այս աստիճանն էլ պիտի անցնենք, որպեսզի այն հանդիսատեսը, որը առաջին անգամ է եկել, կուլ է տվել այս խայծը, հաջորդ անգամ գա ՙՍասունցի Դավիթը՚, ՙԱնուշը՚ եւ մյուս լուրջ ներկայացումները նայելու ու դառնա թատրոնի մշտական հանդիսատես: Ինչ արած, սա է իրականությունը: Այսօրվա սերիալային մտածողություն ունեցող սերնդին նաեւ այսպես պիտի բերենք թատրոն՚:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՙ

