ՙՈՐԲԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍԿԱՆԴԱԼԻՑ ՄԻՆՉԵՎ ՙՉԱՐՎՈՂ՚ ՇՈՈՒՆԵՐ
Արխիվ 12-16| ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ |
Էլի եկան նախընտրական օրերը: Իսկ դա նշանակում է, որ գեղեցկագույն խոստումների, չքնաղ ապագայի եւ նման այլ բազում բաների մասին խոստումների պակաս չենք զգալու: Եվ արդեն իսկ քաղաքական ուժերը սկսում են ներկայացնել իրենց խոստումների շարանները, եւ դրանց թվում առաջիններից մեկն էլ ՀՅԴ-ն էր:
Իհարկե, առաջիկայում առիթ կունենանք հերթով անդրադառնալ բոլոր ուժերին, սակայն նախընտրեցինք ընտրել ընկեր դաշնակցականներին մեկ էական պատճառով: Այս կառույցը ՙհաշվետու ժամանակաշրջանի՚ ¥դեռ քոչարյանական տարիներն էլ մի կողմ թողած¤ մոտ կեսի ընթացքում բազմած էին իշխանությունում: Իսկ հետո, ելնելով բացառապես քաղաքական բնույթի հարցերից` հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված, դուրս եկան կոալիցիայից եւ իրենց հռչակեցին ընդդիմություն: Եվ, բնականաբար, նայելով պարոնայք դաշնակցականների ներկայիս խոստումներին, առաջ է գալիս այն հարցը, թե ձեր իշխանության եղած ժամանակ դրանցից ո±ր մասն էին գործնականում փորձել իրականացնել, որ հիմա էլ անցել են ՙկրկին փորձիր՚ սկզբունքին:
Առավել եւս հետեւյալ հանգամանքը հաշվի առնելով. դեռ մինչ ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրը պաշտոնապես շրջանառության մեջ դնելը դաշնակցական նախընտրական ցուցակն առաջնորդող, գործող ԱԺ-ում մի տեւական ժամանակահատված փոխխոսնակ հանդիսացած Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրն ունի ընդգծված սոցիալ-տնտեսական ուղղվածություն: Նկատենք, որ իշխանությունում գտնվելու ժամանակահատվածում հենց սոցիալական ոլորտն էր հանձնված կարկառուն դաշնակցական Աղվան Վարդանյանին: Իսկ տնտեսությունից էլ կարեւորագույն ոլորտներից մեկը` գյուղատնտեսությունն էր տարիներ շարունակ ղեկավարվում դաշնակցական նախարարի կողմից` այդ ամենից բխող կադրային բնույթի բոլոր հետեւանքներով հանդերձ: Ուրեմն այդ ի±նչ սոցիալական հարցեր էին, որ ժամանակին չլուծեցին եւ հիմա են խոստանում կարգավորել ընկեր դաշնակցականները...
Մեղմ ասած, կարելի է գերոգեւորիչ համարել նախկին սոցապ նախարար Աղվան Վարդանյանի խոսքը` ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրը ներկայացնելու ժամանակ. ՙՇոուներ, թատրոններ, պարեր չենք անում...՚: Լավ է: Բայց ամբողջ հարցը նրանում է, թե պարոն Վարդանյանի կողմից սոցապը ղեկավարելու ժամանակներում, ի վերջո, այդ ի±նչ խաղեր էին խաղում մանկատների սաների համար նախատեսված բնակարանների եւ այդ նպատակով պետության հատկացրած հսկայական գումարների գլխին: Գումարած դրան էլ` այն մյուս բոլոր չարաշահումները, որոնք կապված են թոշակառուների, նպաստառուների եւ, առհասարակ, սոցիալական նպատակով պետությունից փող ստացող մյուս բոլոր խմբերի հետ: Կարո±ղ էր իր ժամանակին պարոն Վարդանյանը նպաստել, որ այդ բոլոր կեղծարարություններն ու համատարած թալանը կանխվեր. համենայնդեպս, գոնե պետք է փորձեր եւ չստացվելու դեպքում կանգներ ու հրապարակավ ներկայացներ այդ ձախողման պատճառներն ու մեղավորներին: Ոչ մեկն է արվել, ոչ` մյուսը: Սոցիալական համակարգում էլ ուր նայում ես, մեղմ ասած, խայտառակություն է...
Բայց դե ՙշոուներից, թատրոններից, պարերից՚ անցնենք խոստումներին: Այսպես. սոցիալական ոլորտում ՀՅԴ-ն խոստանում է առաջիկա 5 տարիներին գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման եւ խմելու ջրի սակագները չբարձրացնել, ԱՊՊԱ-ի սակագները վերանայել եւ 10 հազար դրամով իջեցնել, բացել 200-225 հազար նոր աշխատատեղ: ՙՆվազագույն աշխատավարձը, մեր հաշվարկներով, կարող ենք ներկայիս 32500 դրամի փոխարեն հասցնել 63 հազար դրամի, այսինքն` կրկնակի բարձրացնել: Աղքատության շեմ է համարվելու կենսապահովման նվազագույն բյուջեի մեծությունը: Յուրաքանչյուր քաղաքացու` դրանից ոչ ցածր եկամուտ ստանալու իրավունքը կերաշխավորվի՚,- իր հերթին խոստանում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի աթոռին Ա. Վարդանյանին փոխարինած Արսեն Համբարձումյանը, հավելելով, թե ոստիկանների, բուժաշխատողների, ԱԱԾ եւ պաշտպանության համակարգերի աշխատակիցների միջին աշխատավարձը դարձնելու են 500 հազար դրամ: Գումարած դրան` ՀՅԴ-ն խոստանում է նաեւ 5 եւ ավելի երեխա ունեցողներին նվիրել անվճար բնակարան, ընտանեկան նպաստի համակարգը վերանայել, մինչեւ 7 տարեկան երեխաների ամենամսյա նպաստներն ավելացնել... Որ մեկն ասես, մեկը մյուսից գեղեցիկ ծրագրեր: Ընդհուպ մինչեւ խոստանում են լուծել ավանդների վերադարձման բազմաչարչար հարցն այսպես. թույլ տալ գումարի փոխարեն գոնե հայրենական արտադրության ապրանքներից կամ ծառայություններից օգտվել` որպես վճարման միջոց: Բայց հարց է ծագում, այդ ի±նչ մեխանիզմով մարդիկ պետք է մտնեն մասնավոր խանութ, թե տվեք հայրենական այս ապրանքը` մեր խորհրդային ավանդների հաշվին...
Բայց որ ամենակարեւորն է, սոցիալական եւ մյուս այս ՙբոլոր թվերը եւ տվյալները հիմնավոր հաշվարկների արդյունք են՚: Համենայնդեպս այդպես ընկեր դաշնակցականներն են ասում: Բնականաբար այդ բոլոր հաշվարկների արդյունքում վճարողը լինելու է պետական բյուջեն: Դրա ելքն էլ կա. մի շարք ոլորտներում, այդ թվում` հանքարդյունաբերման մեջ, դաշնակցականները խոստանում են, թե կկիրառվի գերշահույթի հարկման լիարժեք քաղաքականություն: Եվ արդյունքում, ըստ ՀՅԴ-ի, բյուջեն կեռապատկվի:
Անկեղծ ասած, միշտ էլ մենք էլ ենք պնդել, որ այն ամենը, ինչ խոստանում է ՀՅԴ-ն, դեռ մի բան էլ ավելին, Հայաստանում հնարավոր է իրականացնել: Բայց այլ հարց է, թե ով է դա ասում: Այսինքն` ինչքանո±վ են վստահելի ՀՅԴ-ի տված խոստումները: Արդեն խոսեցինք այս կառույցի ղեկավարման տակ տարիներ շարունակ գտնված ոլորտների մասին, որտեղ փաստացի շատ բան է ձախողվել: Դա արդեն առնվազն կասկածի տակ է առնում ՀՅԴ-ի ներկայիս խոստումների անկեղծությունը:
ՔԵՐՈԲ ՍՐԳՍՅԱՆ

