ՙՏԱՆԻՑ 5 ՀՈԳՈՒ ԲՌՆԵԼ ԵՆ՚, ԻՍԿ ԲՌՆՎԱԾՆԵՐԸ...
Արխիվ 12-16| ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ |
ՙՏԱՆԻՑ 5 ՀՈԳՈՒ ԲՌՆԵԼ ԵՆ՚, ԻՍԿ ԲՌՆՎԱԾՆԵՐԸ...
Իրավապահ մարմինների ՙակտիվ՚ գործողությունները կրկին պարտադրում են անդրադառնալ 2011թ. սեպտեմբերի 23-ին իրականացված ՙփայլուն՚ օպերացիային, որի արդյունքում, ըստ պաշտոնական վարկածի, վնասազերծվել էր վտանգավոր բանդան:Վեց ամսից ավել ընթացող նախաքննությունից հետո էլ հանրությունը տեղյակ չէ այն մասին, թե բանդայի գործողություններից տուժած անձանցից գոնե որեւէ մեկին ներկայացվել է ճանաչման գողացված որեւէ գույք, թե ոչ: Հարցը նրանում չէ, թե տուժածների սրտացավ հայրենակիցները առանձնապես ցավում են համաքաղաքացիների նյութական վնասների համար. հասարակությունը ցանկանում է համոզվել, որ բռնվել են հենց նրանք, ում բռնելու մասին հաղթականորեն հայտարարել էին ամիսներ առաջ...
Սակայն վերը նշվածը չի նշանակում, թե ոստիկանությունը ու իրավապահ այլ մարմինները չեն աշխատում: Հակառակը...
Ապրիլի առաջին 10-օրյակում կալանավորվել էին բանդայի գործով մեղադրյալ Արտյուշա Հակոբյանի քրոջ որդին` Հրաչյա Ալեքսանյանն ու քրոջ ամուսինը` Արթուր Ալեքսանյանը: Առաջինը` կողոպուտի կասկածանքով, երկրորդը` ՙզորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ լքելու համար՚:
ՙԳառնիի Սուրիկի Լավաշ՚ ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ այդ անձանց կալանավորումը« բանդայի գործի հետ կապ չունի: Նույնը ՙփաստել՚ էին կալանավորողները: Սակայն...
Ոստիկանության փաստարկները կլինեին արժանահավատ, եթե նրանք տեղեկացնեին, թե երբ եւ որտեղ էր Հրաչյա Ալեքսանյանը կատարել կողոպուտի իր փորձը: Այդպիսի տեղեկատվության պայմաններում լրագրողներն ու ընթերցողները ինքնուրույն կեզրակացնեին, թե որ թելը որ ասեղին է թելված:
Գոնե չափավոր վստահությունը ոստիկանության ու դատախազության կողմից հրամցվող տեղեկատվությանը անհրաժեշտ է անգամ մեր հասարակությունում: Հարց է ծագում. ինչպե±ս վստահես, եթե անգամ Սուրիկ Հակոբյանը, որը հայտարարել էր, թե վերը նշված իր երկու ազգականների կալանավորումը չի առնչվում բանդայի գործի հետ, միաժամանակ ՙխոստովանել՚ էր, որ չգիտի, թե նրանց ինչ պատճառաբանությամբ են կալանավորել: Ավելին, նա ասել էր. ՙՍուտ բաներ են ասում, որը չի եղել: Ոչ մի բողոք, ոչ մի տուժող չկա: Դե ասեք, ես ի±նչ անեմ: Տանից 5 հոգու բռնել են: Ես որ մեկին պերեդաչի տանեմ: Իսկ մյուս թոռներիս էլ աշխատանքից են ազատում՚: Կարճ ասած. Սուրիկ Հակոբյանը համոզված է, որ այդ ամենն արվում է Արտյուշա Հակոբյանի համառությունը կոտրելու ու նրանից խոստովանական ցուցմունք ստանալու նպատակով:
Եվ այսպես, բանդային բացահայտելուց եւ վնասազերծելուց հետո անցել է 6 ամիս: Քրեական այս գործը արժանացել է հանրային արտակարգ հետաքրքրությանը: Հետաքրքրությունը ոչ միայն չի նվազում, այլեւ առաջացնում է է°լ ավելի ՙհետաքրքիր՚ հարցեր եւ դրանցից ամենակարեւորն է, թե ո±վ եւ ապօրինի ի±նչ գործողության համար է հայտնվել ճաղավանդակի հետեւում: Այդ տեղեկատվությունը նախաքննության գաղտնիք կարող է համարվել բացառապես այն դեպքում, երբ վարույթ իրականացնողները իրենք էլ չգիտեն այդ հարցերի պատասխանները…
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

