Հայաստան երկիրը հայտնի է իր դարավոր պատմությունով, մշակույթով, իսկ վերջին տարիներին նաեւ աշխարհին ցույց տվեց ամենահին շորն ու կոշիկը, որոնք այնպիսի թարմությամբ էին պահպանվել, որ կարծես երեկ էին կարվել: Օրերը գնալով տաքանում են եւ մեր հնէաբանները մեզ այս տարի, հուսով ենք, էլի անակնկալներ կմատուցեն: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Տաթեւի վանքի տարածքում` հողի տակ մի հին քաղաք կա, որը սակայն դեռ չի ուսումնասիրվում, եւ որի համար հատուկ ՌԴ-ից պետք է հնէաբաններ գան Հայաստան, իսկ թե ինչու` հարցով դիմեցինք հնէագիտության ինստիտուտի ավագ մասնագետ ԲՈՐԻՍ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ, ով ասաց.
ՙԱյնտեղ կա բնակավայր, իսկ թե ինչ` դա դեռ ոչ մեկ չի պեղել, որ հասկանալի լինի: Ամբողջ հարցը նրանում է, որ երբ մեզ մոտ եկեղեցի են վերականգնում, պետք է նախապես շրջապատը պեղվի, որ բացահայտվի դրա շուրջ եղած տնտեսական կյանքը, չէ± որ վանական համալիրը դա միայն եկեղեցական կառույց չէ, այլ նրա շրջապատում բնակվում են, տնտեսական գործունեություն են ծավալում եւ այլն: Եվ դրա պատճառներից մեկն այն է, որ դա թանկ հաճույք է եւ երկար ժամանակ է պահանջվում: Ինչ վերաբերվում է Ռուսաստանից հնէաբաններ հրավիրելուն, ապա ասեմ, որ ըստ ՀՀ օրենքի, դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե դրա թույլտվությունը տա մեր հնէագիտական հանձնաժողովը, իսկ մեր տնօրենը այդ հանձնաժողովի փոխտնօրենն է, եւ եթե նման բան լիներ, մենք կիմանայինք: Արտասահմանյան ոչ մի արշավախումբ առանց հայերի մասնակցության չի կարող որեւէ գործողություն կատարել Հայաստանում՚: