ՎԱՆՅԱՆՆԵՐԸ ՙՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԵԼ ԱՆԱՄՈԹԱԲԱՐ՚
Արխիվ 12-16| ՀԱՆԴԻՊՈՒՄ |
ՎԱՆՅԱՆՆԵՐԸ ՙՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԵԼ ԱՆԱՄՈԹԱԲԱՐ՚
Երեւի մեր ընթերցողը կհիշի, թե ինչպիսի ջերմեռանդ նպատակասլացությամբ մոտ մեկուկես տարի առաջ ՙԽաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը՚, ի դեմս (այս բառը վերջին շրջանում անչափ նորաձեւ է դարձել) Գեորգի Վանյանի, ցանկանում էր մայրաքաղաքում անցկացնել ադրբեջանական ֆիլմերի փառատոն: Այդ փորձը ձախողվեց, քանի որ, թե° մեր թերթը, թե° այլ լրատվամիջոցներ, երիտասարդական կազմակերպություններ, երիտասարդներ ամեն կերպ խանգարեցին այդ ազգադավ քայլի իրականացմանը: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, ավելի վաղ Գեորգի Վանյանը նույնիսկ Ադրբեջանից ներողություն է հայցել Խոջալուի դեպքերի համար:Ամենայն հավանականությամբ, գրանտածիծ ընկերությունն արդեն հասցրել էր ստանալ դրամաշնորհը կամ էլ նորն էր ՙկպցրել՚, ուստի ամեն կերպ ձգտում է իրականություն դարձնել իր այդ սեւեռուն գաղափարը: Ու Երեւանում հաջողության չհասնելուց հետո նա չհուսահատվեց, մեկնեց մարզեր, ու, ինչպես տեղեկանում ենք, ադրբեջանական ֆիլմերի փառատոնը ապրիլի 12-ին կայանալու է Գյումրիում:
Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ ՙԽաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնին՚ Հայաստանի տարածքում այս նախաձեռնությունն իրագործելու հարցում աջակցում են Հայաստանում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատները: Նույնիսկ այնքան շահագրգռված են, որ (այդ մասին տեղեկացնում է Slaq.am-ը) մասնակցել ցանկացողների համար Երեւանից Գյումրի գնալու համար տրանսպորտային միջոցներով են ապահովում:
Դե, իսկ ԳԵՈՐԳԻ ՎԱՆՅԱՆՆ էլ համոզված է, որ փառատոնը հաջող կանցնի: Դրա մասին է վկայում թեկուզ նրանց Կենտրոնի հայտարարությունը, որտեղ մասնավորապես նշված է, որ կցուցադրվեն չորս կարճամետրաժ, մեկ վավերագրական եւ երեք գեղարվեստական կինոնկարներ, որոնք ստեղծվել են 2007-2008 թվականներին` Ադրբեջանում: Քվեարկության արդյունքում կորոշվի փառատոնի մրցանակակիրը միակ` ՙՀանդիսատեսի համակրանք՚ անվանակարգում: Իսկ ՙԽաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի՚ հայտարարության մեջբերվող հատվածը պարզապես ցնցող է. ՙՄարդասիրական գաղափարների այլասերման եւ խելամիտ մտածելակերպի ժխտման պայմաններում Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնը ուղղակի, անմիջական շփման տարածք է: Փառատոնը Ադրբեջանի ժամանակակից կինոարվեստի լավագույն նմուշների հետ ծանոթանալու հազվագյուտ հնարավորություն է ընձեռում՚: Ահա այսպես: Ոչ ավել, ոչ պակաս: Եվ այս ամենն ասվում ու արվում է վերջերս Բաքվում կայացած ՙԵվրանեսթի՚ նիստերից մեկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ֆաշիստական ելույթից գրեթե անմիջապես հետո: Մի±թե կարելի է այդքան անինքնասեր լինել, հանուն երեսուն արծաթի ծախել ազգային արժանապատվությունը: Կարծես թե օրեցօր ծաղկող աղանդավորական շարժումները, համասեռամոլների եւ, իբր, հայ կանանց շահերը պաշտպանող զանազան կազմակերպությունները քիչ էին մի փոքրիկ երկրի համար, դրանց էլ դավաճանությունն է գումարվում: Մայրաքաղաքը կարողացավ դիմակայել այդ ազգադավությանը, կարողացավ կանխել ադրբեջանասերների գործողությունները, տեսնենք, թե ինչ կանեն գյումրեցիները, ովքեր աչքի են ընկել իրենց թասիբով ու նամուսով: Իսկ այդ, այսպես կոչված, փառատոնը ոտնահարում է հենց վերոնշյալ հատկանիշները: Ինչպես ասում են` ձեզ տեսնենք, գյումրեցինե°ր:
Ո°Չ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԻՆ
Մենք ցանկացանք իմանալ, թե ինչ են մտածում այդ մասին մեր ներկա ու ապագա ազգընտիրները: Բայց մինչ այդ արդեն tert.am կայքից տեղեկացանք, որ ՙհաշվի առնելով, որ միջոցառման կազմակերպելու գաղափարը ընդհանուր առմամբ խիստ մերժելի եւ դատապարտելի է, ԱԺ պատգամավորության թեկնածու ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ գրասենյակից հայտնում են, որ ապրիլի 11-ին ժամը 12:00-ին Գյումրու ՙՎարդանանց՚ հրապարակում կանցկացվի բողոքի ակցիա: Արման Սահակյանն ու իր կողմնակիցները կոչ են անում բոլոր հասարակական եւ քաղաքական կազմակերպություններին, քաղաքացիներին` միանալու բողոքի ակցիային եւ ՙՈչ՚ ասելու ադրբեջանական ֆիլմերի փառատոնին՚:
ԴԵՄ ԵՄ ՓԱՌԱՏՈՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ
Մենք ցանկացանք իմանալ ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ ներկայացուցիչ եւ այսօր էլ պատգամավորության թեկնածու ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ կարծիքը, ով մասնավորապես նշեց.
-Բնականաբար, միանշանակ կարծիքս բացասական է:
- Օրինակ, պատգամավորության թեկնածու Արման Սահակյանի գրասենյակը տարածել է փառատոնի անցկացումը դատապարտող համապատասխան հայտարարություն, եւ նրանք պատրաստվում են համապատասխան գործողություններ իրականացնել: Իսկ Դուք ինչ-որ քայլեր կանե±ք: Ընդհանրապես ո±վ եւ ի±նչ պետք է անի նման երեւույթը կանխելու համար:
- Չեմ կարող ասել, թե ով եւ ինչ պետք է անի, բայց ես միանշանակ դեմ եմ այդ փառատոնի անցկացմանը:
ԱՆՀԱՍԱՆԵԼԻՆԵՐԸ
Իհարկե, կցանկանայինք ներկայացնել տարբեր առիթներով գյումրեցիների թասիբի ու նամուսի մասին խոսող, դրանք փառաբանող ՕԵԿ-ական պատգամավոր եւ այսօր էլ պատգամավորության թեկնածու ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ կարծիքը, սակայն այդպես էլ նրա բջջային հեռախոսահամարը մնաց անհասանելի:
Անչափ կարեւոր ու որոշիչ կարող էր լինել Գյումրիի բազմամյա քաղաքապետ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ կարծիքը, սակայն նրա հետ կապվել մեզ նույնպես չհաջողվեց:
ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ՄԵՂԱՎՈՐ, ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՂԱՎՈՐ
Մտավորականի կարծիքն էլ մեզ համար անչափ կարեւոր է, ուստի զանգահարեցինք գրող, հրապարակախոս ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻՆ:
-Մենք ենք մեղավոր, որ մեր խոսքը տեղ չի հասնում կամ էլ` բանի տեղ դնող չկա, համապատասխան հասարակական կարծիք չի ձեւավորվում: Եվ այդ իսկ պատճառով նրանք շարունակում են գործել անամոթաբար: Այդ մարդը չէր համարձակվի նորից նման քայլի դիմել, եթե ձեւավորված լիներ համապատասխան վերաբերմունք:
- Բոլոր կուսակցությունները պետք է նման հարցերում միասնական լինեն: Եվ այս ընտրություններն էլ ոչ թե պառակտող, այլ միավորող հանգամանք պետք է հանդիսանան, որպեսզի ապազգային տարրերը տեղ չունենան, որպեսզի հենց նրանց բանի տեղ չդնեն:
- Այդ մարդը եւ նրա նմանները ամոթ չեն զգում, որովհետեւ շրջապատում նրանց վրա այնպես չեն նայում, որպեսզի իրենք ամաչեն: Նորից եմ ասում` ժողովուրդն է մեղավոր, մենք ենք մեղավոր:
- Ուզում եք ասել, որ նմանների հանդեպ հարկավոր է ստեղծել անհանդուրժողականության մթնոլո±րտ:
- Այո, բոյկոտ է պետք, բոյկոտ, բայց դա չկա, եւ նրանք ազատ ապրում են, շարժվում, ինչ ուզում, այն էլ անում են:
Պատրաստեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

