ՈՒՐ ԿԳՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ. ԴԵՊԻ ՌԴ, ԹԵ ԱՄՆ
Արխիվ 12-16| ՔԱՂԱՔԱԿԱՆ |
Այն, որ Իրանում հնարավոր պատերազմը չափազանց ծանր հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, սպասելի է: Մոտավորապես նույն բանն էլ օրերս ՙԳազետա.ռու՚ լրատվամիջոցին տված հարցազրույցում հաստատեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. ՙԵթե ռազմական լուծման ինչ-որ փորձ արվի, դա մեզ համար ամենաանցանկալին կլինի: Մեր հարաբերություններն աշխարհի հետ կառուցվում են Իրանի եւ Վրաստանի միջոցով, որովհետեւ Թուրքիան շարունակում է Հայաստանի շրջափակումը, իսկ Ադրբեջանի հետ մենք որեւէ տնտեսական կապ չունենք... Կոնֆլիկտը շատ ուժեղ կհարվածի մեր տնտեսությանը, քաղաքական, սոցիալական իրավիճակին՚:
ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ ԵՆ
ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ
Այնուամենայնիվ, վարչապետը պնդում է, որ քանի դեռ իրավիճակը պատերազմի չի հասել, Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները նորմալ են ու մասնավորապես պրակտիկ գործողության մեջ են հայ-իրանական տնտեսական այն ծրագրերը, որի մասին տեւական ժամանակ է, որ խոսվում է: Մասնավորապես խոսքը Հայաստան-Իրան երկաթուղու մասին է, եւ Տ. Սարգսյանը հավաստիացնում է, որ անկախ Իրանի շուրջ ստեղված իրավիճակից, այդ նախագիծն առաջ է ընթանում. ՙՄենք Իրանի հետ փոխըմբռնման հուշագիր ենք ստորագրել: Իրանական կողմն իր վրա պարտավորություն է վերցրել իր տարածքում առանձին ճյուղ կառուցել: Մենք բանակցում ենք ներդրողների հետ` շինարարական աշխատանքների հարցով, սերտ շփումների մեջ ենք ՙՌուսական երկաթուղիների՚ հետ...՚:
Նկատենք, որ հենց այս ծրագրի հետ կապված խոսվում է նաեւ ՙՌուսական երկաթուղիներ՚ ընկերության մասին, այն միանգամից նմանվում է եռակողմ գործընթացի: Ընդ որում, այս խառը ժամանակներում Հայաստանի, Իրանի եւ Ռուսաստանի մեջ նման եռակողմ տնտեսական ծրագիրը, այն էլ, երբ այն վերաբերվում է ռազմավարական նշանակության այնպիսի ուղղության, ինչպիսին է կոմունիկացիան` երկաթուղին, չի կարող իր հիմքերում քաղաքական մեծ բաղադրիչ եւս չպարունակել: Ամեն դեպքում, եթե ԱՄՆ-ն այս օրերին ամեն քայլափոխի հայտարարում է Իրանին` աշխարհից առավելագույնս մեկուսացնելու, տնտեսական կապերը կտրելու մասին, ապա ցանկացած քայլ, որը անկախ պատճառներից, միտված է հակառակին, բնականաբար վեր է ածվում աշխարհաքաղաքական գործընթացի, առավել եւս երբ դրանում ներառված է Ռուսաստանը: Հատկապես այն պարագայում, երբ ԱՄՆ-ն, սպառնալիքներից զատ, գործնականում եւս արդեն իսկ հասցրել է երեք կողմերից իր բազաներով շրջափակել Իրանը (տե°ս քարտեզը): Ավելին, շրջափակման այդ օղակը փորձում է հնարավորինս խտացնել: Օրերս հայտարարություն հնչեց, որ ԱՄՆ-ն Պարսից ծոցի մի շարք երկրների` Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Կատարի, Օմանի, Բահրեյնի եւ Քուվեյթի հետ հակաօդային պաշտպանության միասնական համակարգ է ստեղծում: Ընդ որում, իր հայտարարությամբ Բահրեյնի արտաքին գործերի նախարար շեյխ Հալիդ Ահմադ ալ-Հալիֆը փաստել է, որ այն ուղղված է հենց Իրանի դեմ. ՙՄենք Իրանից բացի այլ սպառնալիքներ չունենք: Մեր պայմանավորվածությունն այդ երկրի համար լավ ազդանշան կլինի՚:
ՈՒՐ Է ԳՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Մի խոսքով, դեպի աշխարհ ելքի առումով Իրանի համար միակ ազատ հատվածը, այն էլ զգալի վերապահումներով, մնում է հյուսիսային ուղղությունը` դեպի Ադրբեջան եւ Իրան: Այս խնդրին մենք անդրադառնալու առիթ ունեցել ենք` նկատելով, որ այս պահին բավականին լուրջ պայքար է ընթանում այդ երկու երկրներին Իրանը շրջափակող պետությունների ցանկ ներգրավել-չներգրավելու ուղղությամբ: ՀՀ վարչապետի վերը նշված հայտարարությունը խոսում է այն մասին, որ Իրանի նկատմամբ բլոկադային մասնակցելը կործանարար ազդեցություն կարող է գործել Հայաստանի վրա: Այդ խնդիրը, իհարկե, առաջներում էլ ԱՄՆ-ն քաջ գիտակցում էր` ՙհասկանալով՚, որ, առանց թուրքական ճանապարհը գործարկելու, հազիվ թե Հայաստանը միանա Իրանի շրջափակմանը: Բայց Թուրքիան համառեց, հայ-թուրքական հաշտեցման թեման այդպես էլ ՙսառեցված՚ վիճակից այն կողմ չի անցնում: Սակայն մյուս կողմից էլ ժամկետներն են նեղում ԱՄՆ-ին, ուստիեւ արդեն իսկ նկատելի է, որ այնպիսի ՙչնչին՚ հանգամանք, ինչպիսին է բլոկադայի հետեւանքով Հայաստանի տնտեսությանը խոստացվող ահռելի վնասները, արդեն իսկ կարող է բավարար պատճառ չլինել, որ ԱՄՆ-ն Հայաստանից չպահանջի միանալ բլոկադային:
Այլ հարց է, թե Հայաստանն ինչ ընտրություն կկատարի: Վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցի արդյունքներն ավելի շատ խոսում էին այն մասին, որ Հայաստանը, այնուամենայնիվ, հազիվ թե այդպես հեշտ ու հանգիստ միանա իրանական բլոկադային: Գումարած դրան` կան տվյալներ, որ Հայաստանում ՌԴ ԱԳ նախարարը լրջորեն ուսումնասիրել է նաեւ մեր երկրում գտնվող ռուսական ռազմաբազայի վիճակն ու այն վերջին արդիական վերազինումներից հետո համարել է բավարար: Այդ փաստը կարծես թե գտնվում է ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում եւս: Համենայնդեպս, օրերս Պենտագոնի նախկին պաշտոնյաներից մեկը նման մի գնահատական էր հնչեցրել. ՙՌուսաստանն սկսել է ավելի շատ զինավորականներ տեղակայել եւ արդիականացնել Հայաստանի բազան` Մերձավոր Արեւելքում հնարավոր ճգնաժամի կանխազգացումով, որը կարող է ընդգրկել Սիրիայից մինչեւ Իրանը՚: Ընդ որում, նույն աղբյուրը նաեւ հարկ է համարել գրեթե անթաքույց ակնարկել, թե Արեւմուտքից են գալիս զինում սիրիական ընդդիմությանը զինելու եւ ֆինանսավորելու խողովակները: Եվ ստացվում է, որ այս պահին ե°ւ ԱՄՆ-ն, ե°ւ Ռուսաստանը գործնականում պատրաստվում են իրադարձությունների ծայրահեղ` ռազմական զարգացումներին, ընդ որում, Ռուսաստանի այդ նախապատրաստական քայլերի հիմնական բազաներից մեկը կենտրոնացած է հենց մեր երկրում: Հետեւաբար, ենթադրել, թե ռուսներն այդքան հեշտ ու հանգիստ կհրաժարվեն իրենց դիրքերից, թերեւս սխալ կլիներ:
ՈՒՐ Է ԳՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ
Բայց ահա Ադրբեջանի հետ կապված իրավիճակն այս օրերին սկսեց ավելի որոշակի դառնալ: Այդ երկիրն Իրանի դեմ կամ առնվազն չեզոք պահելու հիմնական չափորոշիչներից մեկը համարվում է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի հարցը: Եվ երբ այս ընթացքում Գաբալայի հետ կապված ադրբեջանա-ռուսական բանակցություններում ադրբեջանական կողմը կայանի օգտագործման համար ռուսներից նախկին 7 մլն-ի փոխարեն պահանջեց 300 մլն դոլար աբսուրդանման վարձավճար, վերլուծաբանները հիմնականում հակվեցին այն տեսանկյունին, որ Ադրբեջանը փորձում է նման ասղաբաշխական վարձավճարով պարզապես ձախողել բանակցությունները: Հայաստանից հետո Լավրովն այցելել էԱդրբեջան, եւ այնտեղի բանակցությունների հիմնական թեման հենց Գաբալան էր: Եվ տպավորությունն այնպիսին է, որ նույնիսկ այդ այցի արդյունքում բանակցությունները գնալով ավելի շատ են սկսում ձախողվել: Իսկ դա նշանակում է, որ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի տարածքը հաստատ Իրանին օգնություն ցույց տալուն չի ծառայելու: Ավելին, չնայած ադրբեջանական բազմաթիվ հավաստիացումներին, կարող է եւ այդ երկիրը վերածվել նաեւ Իրանին հարվածող հիմնական օղակներից մեկը: Համենայնդեպս այդ մասին է խոսում հետեւյալ հանգամանքը: Ինչպես հայտնի է, Ադրբեջանն ու Իսրայելն ունեն մոտ 1,6 մլրդ դոլարի զենքի առք ու վաճառքի պայամանագիր: Այդ զենքը, ըստ ադրբեջանի բացատրությունների, նախատեսվում է ուղղել ոչ թե Իրանի, այլ` Ղարաբաղի դեմ: Բայց ահա ի հայտ են գալիս տվյալներ, թե պայմանագրի մեջ մասնավորապես ինչեր կարող են մտնել: Նախ խոսվում է 10 անօդաչու ինքնաթիռների մասին, որոնք իրոք կարող են ղարաբաղում օգտագործվել: Բայց ահա դրանցից զատ պայմանագրով նախատեսված է ՙԳաբրիել՚ տեսակի հրթիռների ձեռքբերում, որոնք համարվում են նավերի դեմ օգտագործվող զինատեսակներ: Դրանից զատ պայմանագրի մեջ է մտնում նաեւ ՙԲարակ-8՚ 75 հակաօդային հրթիռներ, որոնցից յուրաքանչյուր 1 կոմպլեքսի արժեքը 24 մլն դոլարի կարգի է: Գումարած դրանք պայմանագրով նախատեսված է նաեւ ՙԳրին Փին՚ ռադարային համալիրներ, որոնք հնարավորություն ունեն մոտ 500 կմ հեռավորությունից հետեւել բալեստիկ հրթիռներին: Եվ ահա, վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, թե այդ ինչպե±ս են ադրբեջանցիները պատրաստվում նավերի դեմ օգտագործվող հրթիռները կիրառել Ղարաբաղում: Կամ, երբ ո°չ Հայաստանը եւ ո°չ էլ Ղարաբաղը եթե չունեն հզոր ավիացիա եւ բալեստիկ հրթիռներ, ապա զավեշտի է նմանվում, երբ Ադրբեջանը հարյուրավոր միլիոններ է ծախսում վերը նշված հակաօդային հրթիռների եւ ռադարային համալիրի ձեռք բերման նպատակով: Ընդ որում, վերլուծաբանները շատ ճիշտ նկատում են, որ այդ զինատեսակները շատ լավ կարող են օգտագործվել հենց Իրանի դեմ:
ԱՄՓՈՓՈՒՄ
Մի խոսքով, ինչպես Գաբալայի շուրջ ստեղծված իրավիճակը, այնպես էլ Ադրբեջանին իսրայելյան զենք վաճառելու այս պատմությունը շատ ավելի խոսվում է շրջանառվող այն վարկածի օգտին, որ Իսրայելն ու Ադրբեջանը վաղուց են պայմանավորվել պատերազմի դեպքում Իրանի դեմ սերտորեն համագործակցելու շուրջ: Անշուշտ, դա խոստանում է ինչպես ադրբեջանա-իրանական, այնպես էլ` ռուս-իրանական հարաբերությունների լարվածություն: Բայց այդ դեպքում էլ Հայաստանը գնալով գործնականում է վերածվում այն միակ կետին, որը կա°մ կարող է ավարտուն տեսք տալ Իրանի շրջափակմանը, կա°մ էլ դառնալ ռուս-իրանական կապի օղակ: Ի դեպ, երբ պարզ դարձավ, թե Գաբալայի շուրջ ռուս-ադրբեջանական բանակցությունները դեպի ուր են գնում, Հայաստանից հնչեց պաշտոնական առաջարկ, թե մեր երկիրը պատրաստ է քննարկել Գաբալայի օրինակով Հայաստանում ռադիոլոկացիոն կայանի կառուցման հնարավորության հարցը: Հասկանալի է, երբ Իրանի դեմ պատերազմը կարող է ամեն պահ սկսվել, հայաստանյան այդ առաջարկը ռազմական առումով չի կարելի պրակտիկ համարել: Սակայն ռուս տարբեր հեղինակավոր մասնագետներ արդեն իսկ կարծիք են հայտնել, որ ապագայի համար պետք է այսօրվանից սկսել այդ կայանի կառուցումը: Եվ, բացի այդ էլ, որ Հայաստանի առաջարկը Գաբալայի շուրջ ռուս-ադրբեջանական բանակցություններում լուրջ օգնություն է դառնում Կրեմլի համար: Եվ այս փաստն արդեն բավականին պերճախոս է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

