- Ռոբերտ Սեդրակովիչ, իսկ երբ ենք բաժանելու մեր պաշտոնները...

Արխիվ 12-16
ՔԱՂԱՔԱԿԱՆ

- Ռոբերտ Սեդրակովիչ, իսկ երբ ենք բաժանելու մեր պաշտոնները...

ԸՆՏՐԱՐՇԱՎ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ

Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկը համընկավ Զատիկի հետ: Ով գիտե, միգուցե դա բարի նշան է, ու նախանշում է, որ այս անգամ հանրության բեւեռացվածությունը ծայրահեղության չի հասնի: Համենայնդեպս, կրքերն ավելի կատաղի եռում են համացանցում, քան` իրական կյանքում: Թերեւս, դրա պատճառն այն է, որ համացանցը թվացյալ անանունության եւ թվացյալ անպատժելիության պատրանք է ստեղծում, պատկերավոր ասած` ՙՖեյսբուքի երեսը պադոշ՚ է: Ու չնայած ցանկացած անանուն համացանցային գործողություն բացահայտելի է, սակայն եթե ոստիկանությունը զբաղվեր համացանցային հայհոյանքներով եւ սպառնալիքներով, այլեւս ոչ մի այլ բանի ժամանակ չէր մնա: Դե, իսկ ինչպես եւ կռահելի էր, համացանցն ամենից շատ կեղտոտում են ՀԱԿ-ի կողմնակիցները:

ԻՆՉ ՓՈԽՎԵՑ 4 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ


Երեկ լրացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնը ստանձնելու 4 տարին: Դա համընկավ Ծաղկաձորում ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանը: Բնականաբար, հանդիպմանը չշրջանցվեց եւ բուն նախընտրական թեման: Մասնավորապես` պատասխանելով ուսանողներից մեկի` ՙՀավատանք, որ փոխենք՚ ՀՀԿ կարգախոսի մասին հարցին, երկրի ղեկավարն ասաց. ՙՀավատա°նք մեզ, հավատա°նք մեր ընկերներին, հավատա°նք մեր ընտանիքներին, հավատա°նք մեր բուհին, մեր պետությանը, մեր գործին: Նախընտրական ոչ բոլոր խոստումներին է պետք հավատալ, բայց սեփական ուժերին մենք ուղղակի պարտավոր ենք հավատալ: Ես չգիտեմ որեւէ դեպք, երբ մի լուրջ գործ է կատարվել առանց խորը հավատի: Պատկերացրեք զինվորը գնում է մարտի, եւ եթե նա չհավատա իր հաղթանակին, ինչպե±ս կարող է լավ կռվել: Մենք, իրոք, պարտավոր ենք փոխվել, որպեսզի կարողանանք աշխարհին համահունչ ընթանալ: Սակայն միայն հանրապետության նախագահի ցանկությունը բավարար չէ: Փոփոխություններին պետք է մասնակից լինեն բոլորը, եւ բոլորը պետք է ցանկանան դրանք իրականացնել, որովհետեւ աշխարհը շատ արագ է փոխվում, այդ փոփոխություններին մենք պետք է պատրաստ լինենք: Առաջին հերթին, դուք` երիտասարդներդ պետք է պատրաստ լինեք, որովհետեւ այս երկիրը շատ ավելի ձերն է, քան իմը կամ իմ հասակակիցներինը: Եթե այսօր մենք չկարողանանք ընկալել առաջադեմը, ոչնչի չենք կարող հասնել, հատկապես որ մեծաքանակ չենք: Մենք կարող ենք ապավինել միայն ու միայն որակին: Փոփոխությունների շարժիչ ուժը երիտասարդությունն է: Ես պատրաստ եմ ձեզ հետ միասին շատ հեռուն գնալ՚:
Փաստորեն, սա առաջին դեպքն է, որ իշխանական կուսակցության առաջնորդը հորդորում է հավատալ ոչ թե նախընտրական խոստումներին, այլ հասարակության սեփական ուժերին: Արվում են ռեալ քայլեր ընտրությունների նկատմամբ վստահություն ապահովելու համար: Այսպես, ըստ ՀՀ նախագահի. ՙԵս կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր խոսում են միտում ունենալու մասին, կարող են համբերել եւ ընտրություններից հետո տեսնել: Մենք գնացել ենք աննախադեպ քայլերի, որպեսզի վստահության մթնոլորտ լինի. մենք ընտրողների ցուցակը տեղադրել ենք համացանցում: Հայաստանի Հանրապետության, եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ բոլոր ընտրողների ցուցակը՚: ՙՈվքեր կասկածներ ունեն, թող հանեն այդ ցուցակները, հուշեն, օգնեն, որպեսզի բարեփոխենք, ճշգրտենք, ճշգրտված ցուցակներ լինեն ընտրությունների նախօրյակին: Մեր օրենքն այնպես է բարեփոխվել, որ հսկողությունը ընտրական գործընթացների նկատմամբ այնպիսին է, որ եթե բոլորը համաձայնության չգան, ոչինչ չեն կարող անել՚: Եվ իրոք, որոշակի նախադեպ արդեն ունենք Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, երբ ընտրատեղամասերում ընդգրկված էր ընդդիմության ամբողջ ՙծանր հրետանին՚, սակայն գործնականում ոչ ոք որեւէ խախտում չհայտնաբերեց: Ի դեպ, երեկ ՀՀԿ մարզային եւ Երեւանի տարածքային շտաբերի եւ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ ղեկավարը շեշտեց պատասխանատվությունը ընտրությունների որակի համար: ՙՄեր` իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներիս համար, վիճակը երկակի է. մենք ցանկանում ենք շատ քվե ստանալ, բայց պատասխանատու ենք նաեւ նրանց համար, ովքեր եւս ցանկություն ունեն շատ քվե տանելու: Մենք պատասխանատու ենք ե°ւ մեր գործունեության համար, ե°ւ մեր դաշնակիցների, կոալիցիոն գործընկերների, նաեւ ընդդիմության գործունեության համար, որովհետեւ որեւէ  մեկը տարբերություն չի դնելու, թե այդ խախտումներն ովքեր կատարեցին, ովքեր ստվեր գցեցին ընտրությունների վրա: Այդ ամենը վերագրվելու է Հայաստանին, եւ ես խնդրում եմ, որպեսզի սա անպայման հաշվի առնեք՚,- ասել է Սերժ Սարգսյանը:

4 ՏԱՐՎԱ ԿՈՆԿՐԵՏ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ


Ինչեւէ, փոքր-ինչ անդրադառնանք այն հարցին, թե ինչ փոփոխություններ տեղի ունեցան այս 4 տարիների ընթացքում, ինչ երկրի կառավարման ղեկը անցել է Ս. Սարգսյանին: Եթե Ռոբերտ Քոչարյանի օրոք օլիգարխիայի լիիշխանությունը հասել էր կատարելության, ոչ միայն օլիգարխը, այլեւ նրա շրջապատը կարող էին վստահ լինեին սեփական անպատժելիության մեջ, եւ քաղաքացիները հարկադրված էին ինչքան հնարավոր է հեռու մնալ օլիգարխների թիկնազորային շարասյուներից, որպեսզի փորձանքի մեջ չընկնեն, ապա այժմ բավականին շատ սահմանափակումներ դարձան իրականություն: Այսօր նույն օլիգարխները զգուշանում են ուղեկցող մեքենաներ վերցնելուց, այսօր նրանց մեծ մասը դուրս է ՀՀԿ-ի համամասնական ցուցակից, եւ դա նաեւ օրինակ է դարձել մյուս կուսակցությունների համար, այսօր հռչակված է կուրս` բիզնեսն անջատել քաղաքականությունից եւ իշխանությունից: Նման բան հնարավոր չէր պատկերացնել նախորդ նախագահի օրոք:
Այս 4 տարվա ընթացքում նաեւ ձեւավորվեց երկխոսության մշակույթը: Տարբեր քաղաքական ուժերի, հանրության տարբեր խմբերի հետ խորհրդակցությունները եւ հանդիպումները արդեն ավանդույթ են, ընդդիմության հետ հարաբերություններում իշխանությունը էապես ավելի զուսպ է ու կոռեկտ, քան երբեւէ եղել է: Եվ դա վերաբերում է նույնիսկ ընդդիմության այնպիսի, մեղմ ասած, անընդունելի տեսակին, ինչպիսին է ՀԱԿ-ը:
Առճակատման մթնոլորտը ցրելուն ուղղված ջանքերը տվել են իրենց պտուղները, զի այժմ էապես պակասել է այն շերտը, որը ծարավ է հեղափոխական ցնցումներին: Եվ հենց այդ պատճառով անգամ ՀԱԿ-ի վերնախավի պես ցինիկ, ոչ մի բանի առաջ կանգ չառնող ուժը չի կարողանում բավարար հենարան գտնել` ցնցումներ իրագործելու համար:
Դե, իսկ արտաքին քաղաքականության ոլորտը այնպիսին է, որ նույնիսկ ընդդիմախոսները դժվարանում են քննադատելու բան գտնել: Ամրապնդվել է ե°ւ անվտանգության համակարգը, ե°ւ ռազմավարական կապերը հիմնական դաշնակցի հետ, ու այժմ, ի տարբերություն 1990-ականների վերջի եւ 2000-ականների սկզբի, արդեն գործնականում անպատկերացնելի է, որ կուլիսների հետեւում եփվեն այնպիսի գործընթացներ, ինչպիսիք եփվում էին Քի-Վեստի բանակցություններից առաջ:
Ինչ վերաբերում է ընտրական գործընթացին, ապա ապահովված է ոչ միայն ընտրողների ցուցակների մեծ թափանցիկություն, այլեւ ոստիկանությունը շատ արագ արձագանքում է ինչպես մամուլում, այնպես էլ քաղաքացիների հաղորդումներում տեղ գտած ահազանգերին այս կամ այն անճշտության եւ անհամապատասխանության վերաբերյալ:

ՈՒՐ Է ՓՉՈՒՄ ՙՍԱՐԵՐԻ ՔԱՄԻՆ՚

Քարոզչության մեկնարկի հետ միաժամանակ ՙԺառանգությունը՚, որ որպես նախընտրական տեսահոլովակ ընտրել է ՙՍարերի քամին՚ երգը` Ռուբեն Հախվերդյանի եւ Ձախ Հարութի կատարմամբ, դարձավ մեղադրանքների թիրախ` ինչպես ՀԱԿ-ի, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից: Ճիշտ է, ՀԱԿ-ն ու ՙԺառանգությունը՚ արդեն բավականին տեւական ժամանակ է, ինչ իրար մեղադրում են իշխանության հետ գործարքի գնալու մեջ, սակայն մեղադրանքները սաստկացան չորս ուժերի կողմից ՙընտրությունների վերահսկման միասնական հանրային շտաբ՚ ստեղծելուց հետո: Չէ, երեւում է, որ այդ նախաձեռնության ՙծննդավայրը՚` ԲՀԿ-ի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող Հմայակ Հովհաննիսյանի ՙՔաղաքագետների միության՚ գրասենյակը, ոչ այնքան լավ է ազդել նախաձեռնության ճակատագրի վրա: Այսպես, ազատդեմոկրատացած ՙԺառանգության՚ ցուցակի թիվ 2-ը` շտաբի պետ եւ ՙԱզատ դեմոկրատների՚ նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, շտապեց հայտարարել, որ կառավարության գործունեության համար պատասխանատու է ոչ միայն ՀՀԿ-ն, այլեւ կոալիցիան ամբողջությամբ, այդ թվում եւ` նույն ՙմիասնական շտաբի՚ մեջ ընդգրկված ԲՀԿ-ն: Գումարած դրան` Քոքոբելյանը նշեց, որ ՙԺառանգության՚ ստորագրությունը ՙմիասնական շտաբի՚ հռչակագրի տակ դեռեւս վերջնական չէ, ճիշտ է, վերապահում արեց, որ դա իր անձնական կարծիքն է:
Իսկ հետո ՙԺառանգության՚ ՙսարերի քամին՚ էլ ավելի հետաքրքիր ձեւով սկսեց փչել: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. ՙՀիմա կան տարբեր նախաձեռնություններ. կա ՆԱԽԱՓԱՍՏԱԹՈՒՂԹ, որ ստորագրվեց ՙՔաղաքագետների միությունում՚, կա ԱԺ նախագահի նախաձեռնությունը.... Կա պարոն Հարությունյանի (ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյան) արձագանքը: Ես ասում եմ` այս բոլորը եթե ունենալու են շարունակություն` ստորագրվելով 9 ուժերի կողմից կամ նվազագույնը` 3-ի կամ 4-ի կողմից, անհրաժեշտ է, որ ընդունվեն անվանական պատասխանատվություն կրողների կողմից, այսինքն` ցուցակների առաջատարների կողմից, առաջին դեմքերի կողմից՚: Դե ինչ, ՙկոնսենսուս մինուս ՀՀԿ՚ տրամաբանության շրջանակներում ծնված ՙմիասնական շտաբի՚ հիմնարար փաստաթուղթը Րաֆֆին արդեն անվանեց ՙնախափաստաթուղթ՚ ու, փաստորեն, չբացառեց նաեւ միանալը ինչպես Սամվել Նիկոյանի նախաձեռնությանը, այնպես էլ Դավիթ Հարությունյանի առաջարկած նախընտրական վարքի կանոնների նախագծին:
Այսինքն` դեռեւս փաստ չէ, որ ՙԺառանգությունը՚ անպայման մասնակցելու է ՀՀԿ-ի դեմ ուղղված այդ նախաձեռնությանը, չնայած Րաֆֆին` ե°ւ նալին, ե°ւ մեխին խփելու իր սովորությանը հավատարիմ, չբացառեց նաեւ, որ մայիսի 7-ին հնարավոր է սկսել ընտրությունների արդյունքները չճանաչելու գործընթաց: Եվ հենց ՙՍարերի քամու՚ անկանխատեսելիության հանգամանքը հիմք ծառայեց, որպեսզի ՀԱԿ-ի կողմնակիցները սկսեն ամենավերջին բառերով անպատվել ՙԺառանգությանը՚ եւ պնդեն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իր ՙհոգու դավթարում՚ վաղուց է ստորագրել ցանկացած իշխանական փաստաթուղթ, իսկ քոչարյանական քարոզիչները ՙԺառանգությանը՚ հռչակեն ՙիշխանության հաճախորդ՚:
Բայց հարցականի տակ է նաեւ ԲՀԿ-ի մասնակցությունը ՙմիասնական շտաբին՚: Այսպես, երբ ՀԱԿ-ը, ՙԺառանգությունը՚ եւ ՀՅԴ-ն դիմեցին վարչապետին, ոստիկանապետին, արդարադատության նախարարին` ընտրողների ցուցակներում գրանցված, բայց երկրից բացակայող քաղաքացիների ցանկը հրապարակելու պահանջով, ԲՀԿ-ն չկամեցավ դրան մասնակից դառնալ: Ավելին, ԲՀԿ-ն արդեն միացել է Դավիթ Հարությունյանի նախաձեռնությանը, իսկ այդ նախաձեռնության հիմքում ընկած փաստաթուղթը նախատեսում է ոչ միայն քաղաքակիրթ ընտրական մրցակցության կանոններ, այլեւ` ընտրությունների արդյունքների ճանաչում:

ՈՒՐ Է ՏԱՆՈՒՄ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԼԵԶՈՒՆ

Մենք արդեն առիթներ ունեցել ենք անդրադառնալու այն հարցին, թե ինչպիսի երկակի իրավիճակ է ստեղծում ԲՀԿ-ի համար այնտեղ ներգրավված այնպիսի գործիչների գործունեությունը, ինչպիսիք են Վարդան Օսկանյանը եւ Հմայակ Հովհաննիսյանը: Փաստորեն, դրանք կադրեր են, որոնք առաջնորդվում են ոչ թե ներկուսակցական տրամաբանությամբ, այլ առաջ են տանում արտակուսակցական ինչ-ինչ կենտրոնների գիծը: Վարդան Օսկանյանն արդեն հասցրել է նաեւ հայտարարել, որ մայիսի 6-ին ընտրողները ընտրում են ոչ միայն խորհրդարան, այլեւ կառավարություն: Դրան արձագանքել են ՀՀԿ ներկայացուցիչները: Այսպես, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դրա կապակցությամբ ՙՖեյսբուքի՚ իր էջում տարածել է հետեւյալը. ՙԻհարկե, մեզ հարկավոր է նոր կառավարություն: Եվ շատ կարեւոր է, որ այդ նոր կառավարությունում չլինեն Վարդան Օսկանյանի տեսակետները կիսող քաղաքական ուժերը՚:
Դե, պաշտոնական գաղափարախոսության մակարդակով այսօրվա դրությամբ միայն ՙնարնջագույն՚ ուժերը` ՀԱԿ-ը եւ ՙԺառանգությունը՚, կիսում են Օսկանյանի տեսակետները: Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա, ըստ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի` ՙԵրբ հետեւում ես Վարդան Օսկանյանի գործելաոճին, տպավորություն է ստեղծվում, թե նա մոռանում է, որ հանդիսանում է մի կուսակցության անդամ, որը շուրջ 5 տարի պատասխանատու է մեր երկրի քաղաքական եւ տնտեսական ողջ կուրսի համար: Իսկ եթե դա ինքնադատություն է, ապա նա պետք է ֆիքսի, որ այդ ինքնադատությունն ուղղված է նաեւ իրեն՚: Շարմազանովը նաեւ հիշեցրեց, թե ինչպես հենց արտգործնախարարի պաշտոնում Օսկանյանը խոսում էր ՙօկուպացված տարածքների՚ եւ Կարսի պայմանագիրը ճանաչելու անհրաժեշտության մասին... Ինչեւէ, Օսկանյանի նաեւ արտաքին քաղաքական գործերը հեռու են կոալիցիայի, հետեւաբար` նաեւ ԲՀԿ-ի ուղեգծից:
Ու վաղ, թե ուշ, նույն Օսկանյանի հարցում պետք է գա հստակեցման պահը. կա°մ ԲՀԿ-ն պետք է սահմանազատվի Օսկանյանի քարոզած գաղափարներից, կա°մ Օսկանյանը տեղավորվի իշխող կոալիցիայի կուրսի շրջանակներում: Ի վերջո, երկակի, պատկերավոր ասած, ՙմի քիչ հղի՚ իրավիճակները երկար շարունակվել չեն կարող:  

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում