ՓԱԿՎԵԼ Է ՙՄՈԶՐՈՎ՚-Ի ՔԱՐԱՆՁԱՎԻ ՄՈՒՏՔԸ
Արխիվ 12-16| ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ |
ՓԱԿՎԵԼ Է ՙՄՈԶՐՈՎ՚-Ի ՔԱՐԱՆՁԱՎԻ ՄՈՒՏՔԸ
Մենք մի քանի անգամ անդրադարձել ենք ՙՄոզրովի՚ քարանձավի խնդրին: Վերջերս էլ տեղեկացանք եւ տեղեկացրինք նաեւ ընթերցողին, որ քարանձավը փլուզվել է, ու խոստացանք ներկայացնել պատասխանատու կազմակերպության պաշտոնական տեսակետն այդ մասին:
Եվ ահա, ստացանք ՙՊատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն՚ ՊՈԱԿ-ի տնօրենի` հասարակայնության հետ կապերի գծով օգնական ՄԱՐԻՆԵ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ պատասխանը.
ՙՄարտի 12-13-ին ինտերնետային կայքերով ու ԶԼՄ-ներով տեղեկատվություն տարածվեց, թե փլուզվել է ՙՄոզրով՚-ի քարանձավը: Մասնագիտական խումբն Արփի համայնքում հաշվառված քարանձավի տարածքում հաջորդող օրերին ուսումնասիրություն կատարեց` արձանագրելով, որ քարանձավը չի փլուզվել, սակայն անդունդի մուտքի հատվածի կամարի եզրից քարեր են թափվել` առաջացնելով հատակի սողք: Մասնագետներն արձանագրեցին նաեւ, որ վնասված չէ քարանձավի հիմնական ծավալը ու քարայրի ամբողջությանը վտանգ չի սպառնում: Սակայն, երկրաբանական ու կլիմայական ազդեցությամբ պայմանավորված, խիստ վթարավտանգ է դարձել քարանձավի մուտքի հատվածը:
Նկատի ունենալով մասնագետների եզրակացությունն ու հանգամանքը, որ քարանձավ հաճախ մուտք են գործում նաեւ շարքային քաղաքացիներ, էքստրեմալ տուրիզմի սիրահարներ, ՊՈԱԿ-ի ղեկավարությունը որոշում կայացրեց քարանձավի մուտքը փակել` կանխելու եւ բացառելու հնարավոր դժբախտ պատահարները:
Մարտի 22-ին ՙՊատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն՚ ՊՈԱԿ-ը կազմակերպել է քարանձավի մուտքի փակման աշխատանքների իրականացումը: Ամրացվել եւ եռակցվել են մուտքը փակող մետաղյա թիթեղներն ու բաց հատվածները, որից հետո դրանք ծածկվել են հողի հաստ շերտով:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ

