ԿՈՎԱԼԵՆԿՈՆ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ, ԻՐ ՏԵՂՈՒՄ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԼԱՎ ՖՈՒՏԲՈԼ
Արխիվ 12-16| ՍՊՈՐՏ |
ԿՈՎԱԼԵՆԿՈՆ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ, ԻՐ ՏԵՂՈՒՄ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԼԱՎ ՖՈՒՏԲՈԼ
ՙԱրարատի՚ երկրպագուները (եւ ոչ միայն նրանք) շատ լավ հիշում են թիմի հաջող ելույթները, հատկապես` 1971-1975 թվականներին, անգիր գիտեն բոլոր խաղացողներին ու նրանց ներդրումը հաղթանակներում: Այդ ֆուտբոլիստների թվում միշտ էլ իր ուրույն տեղն է ունեցել ՙԱրարատի՚ կիսապաշտպան, ապա պաշտպան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՎԱԼԵՆԿՈՆ: Եվ ցավալի է, որ տասը տարի առաջ նա հանկարծամահ եղավ` ընկերների, թիմակիցների, հարազատների համար հավերժ մնալով կենսուրախ, կատակասեր ու ազնիվ, ինչպես մտերիմներն են անվանում, Շուրան:
Կիրակի օրը լեգենդար ֆուտբոլիստի շենքի մոտ` Կոմիտասի 61, հավաքվել էին նրա հարազատները, խաղընկերները, այլ հայտնի ֆուտբոլիստներ, մարզիկներ: Նրանք եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու ֆուտբոլիստի մահվան տասնամյա տարելիցի կապակցությամբ:
Մենք նախ զրուցեցինք ֆուտբոլիստի եղբոր` Վ. ԿՈՎԱԼԵՆԿՈՅԻ հետ.
- Ընտանիքում երկու եղբայր, երկու քույր էինք, Ալեքսանդրը` երրորդն էր:
- Նա ինչ-որ բանով տարբերվո±ւմ էր, որ դարձավ հայտնի ֆուտբոլիստ:
- Նա ֆուտբոլը շատ էր սիրում: Սովորական երեխա էր, բակերում, դպրոցում ֆուտբոլ էր խաղում: Դեդեյան ազգանունով մարզիչ կար, նրա խաղը տեսավ, վերցրեց իր մոտ:
- Դպրոցում ինչպե±ս էր սովորում:
- Խելոք չէր...
- ՙԱրարատի՚ լավ տարիներին Դուք խաղերին գնո±ւմ էիք, նրան որ փողոցում ճանաչում էին, մոտենում, փաթաթվում, նա իրեն ինչպե±ս էր զգում...
- Իհարկե գնում էի: Ինքը հասարակ էր բոլորի` բակի հարեւանների, տղաների հետ, կարծես ճանաչված ֆուտբոլիստ չլիներ:
- Հիշողություններում ինչպիսի±ն է Ալեքսանդրը:
- Կյանքում նա շատ ուրախ էր. միջոցառումների ժամանակ միշտ ուրախանում էր, ուրախացնում, պարում: Բոլորին, այսպես ասած, ՙդուխ՚ էր տալիս, շատ էր սիրում ընկերներին, ընկերությունը, ընկերոջ համար ամեն ինչ էլ կաներ: Բակի տղաների հետ էր շատ շփվում:
Իսկ այժմ լսենք մեկ այլ լեգենդար ֆուտբոլիստի` ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ.
- Նա շփվող էր, զրուցասեր, լիդեր էր, մեզնից մի քիչ մեծ էր, մեզ վստահություն էր ներշնչում որպես պաշտպան, որպես խաղացող, եւ նրա հետ մենք հասանք մեծ հաջողությունների: Իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել էր կիսապաշտպան, հետո` մեր ժամանակ, սկսեց խաղալ պաշտպան, ու նա այնպիսի մարդ էր, որ կարող էր ղեկավարել պաշտպաններին:
- Այսօրվա ֆուտբոլում ո±ւմ հետ կարելի է նրան համեմատել, եթե, իհարկե, կարելի է համեմատել:
- Համեմատել չարժե: Բանն այն է, որ իր ժամանակին, նա իր տեղում ցույց տվեց լավ ֆուտբոլ, գրագետ, մտածող ֆուտբոլ, եւ ես կարծում եմ, որ նման մտածող խաղացողներ, ինչպիսին Շուրիկն էր, հեշտ չէ գտնել թեկուզ այսօրվա պաշտպանների շրջանում:
Պաշտպան ՍՈՒՐԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ այսպես ներկայացրեց իր գործընկերոջը.
- Կովալենկոն հանճարեղ ֆուտբոլիստ էր եւ մեր աստղերից էր: Եթե կային աստղեր, երեւի առաջինը Կովալենկոն էր: Իմիջիայլոց, որ ՙԱրարատ՚-ՙԴինամո՚ գավաթի եզրափակիչի խաղը հաղթեցինք, ավելի շատ նրա ներդրումն էր: Մեր սերնդի մարդիկ, ովքեր այդ խաղը նայել են, կհիշեն մի քանի պահ, որոնցից մեկի ժամանակ Օլեգ Բլոխինը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի հետ, եւ Շուրիկը սահանկումով հանեց այդ գնդակը, փրկեց թիմին: Այդ գոլը որ խփեին, երեւի խաղը բոլորովին այլ կերպ կընթանար: Հետո էլ` մեր առաջին գոլի փոխանցումն էլ իրենն էր, երբ հաշիվը հավասարեցվեց: Միշտ օգնում էր բոլորին եւ ընդհանրապես մեր առօրյա կյանքում էլ միշտ առաջինն էր. քեֆերի, ուրախությունների, ծնունդների ժամանակ միշտ ինքն էր ոգեւորողը:
Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ
Հ.Գ. ՙԱրարատի՚ այլ աստղերի խոսքը Ա. Կովալենկոյի, ինչպես նաեւ հայկական ֆուտբոլի մասին կներկայացնենք վաղվա ՙՀետաքննություն՚ հավելվածում:

