Եթե մեր օմբուդսմեն ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ...
Արխիվ 12-16| ԶԱՐՄԱՆՔ |
Եթե մեր օմբուդսմեն ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ մեզ երկար ժամանակ անզարմանք է թողնում, ապա երեւի թե իրեն վատ է զգում: Ու թերեւս այդ բացը լրացնելու համար վերջերս օմբուդսմենի գրասենյակը հայտարարեց, որ առաջիկայում ՄԻՊ գրասենյակներ կհիմնվեն նաեւ մարզերում, եւ ՙՖեյսբուքում՚ զարմանալի տեղեկատվություն հայտնվեց ու քննարկվեց, որ մարզային աշխատակիցների ընտրությունը կկատարվի... սկայպով: Այ քեզ բան, երեւի թե աշխարհը դեռ կադրային այդպիսի ՙբարձր տեխնոլոգիաներ՚ տեսած չի, ու պետք է ենթադրել, որ կա°մ հարցին մոտեցումն է անլուրջ, կա°մ իրականում ընտրությունը վաղուց կատարվել է, եւ մնացյալը ձեւականություն է:
ՙՖեյսբուքում՚, որը իրավամբ հայ բլոգերներից շատերը կոչում են ՙսֆաթադավթար՚, այլ զարմանալի բաներ էլ շատ են կատարվում: Մինչ մի երիտասարդ ՀԱԿ-ի հանրահավաքին հպարտորեն ճեմում էր ՙՖեյսբուքի՚ դրոշը ձեռքին, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ նույն պահին արձանագրեց, որ սույն սոցիալական ցանցը ՙմնաց առանց ՀԱԿ ակտիվիստների: Առաջիկա երկու ժամը կարող է աչքի ընկնել հանդուրժողականության եւ անեծքների բացակայության աննախադեպ մթնոլորտով՚: Եվ, իրոք, ՀԱԿ-իստները հաջողեցնում են ամբողջովին ՀԱԿմեջ անել ցանկացած տեղ, ուր հայտնվում են, եւ նույն ՙսֆաթադավթարում՚ հայհոյանքներ զետեղելու ռեկորդներ են սահմանում: Դե, իհարկե, նրանք միայն համակարգչի ստեղնաշարի մոտ են իրենք իրենց հերոս կարծում, եւ դրանցից որ մեկին էլ ռեալ կյանքում բռնացնես, տեղն ու տեղը կուռկուռի ձագ կդառնա եւ կոշիկներիդ տակացուները կլիզի, միայն թե չպարտադրես ՙհամացանցային հերոսությունների՚ համար պատասխան տալ: Բայց, զարմանալով հանդերձ, կարող ենք առաջարկել մի նոր տեխնոլոգիա: Եթե հազարից մեկ ուզում եք գրավոր որեւէ մեկին հայհոյել, ապա պետք չէ բազմազան հայհոյանքներ մոգոնելու համար ձեր ուղեղին զոռ տալ. բավական է մտնել ՙՖեյսբուքի՚ ՀԱԿաշատ որեւէ հատված, եւ իրար հետեւից մի քանի կտորներ արտագրել: Բայց որեւէ հոգեբույժի խորհուրդ չենք տա այդտեղ մուտք գործել. ոչ միայն Հայաստանի, այլեւ թերեւս ամբողջ մեծ տարածաշրջանի հոգեբուժարանները այդքան խելապակասների տեղավորել ի վիճակի չեն, համ էլ մեր բոլոր բժշկական բուհերն ու ուսումնարանները այդքան, Ռոբերտ Քոչարյանի ասած, ՙուրիշ մասնագետ՚ թողարկել չեն կարող անգամ, եթե պատրաստ են բացառապես հոգեբույժների:
Հիմա ով պատահի, գելի, ավելի ճիշտ` ԼՐԱԳՐՈՂԻ գլխին ձգտում է ավետարան կարգալ: Եվ պարզվում է, որ Ամերիկայի փաստացի ենթակայության տակ գտնվող մի քանի միջազգային հիմնարկներին զարմանալիորեն հատկացվել է 1,8 միլիոն եվրո, որպեսզի լրագրողներին բացատրեն, թե ինչպիսին են էթիկայի կանոնները, հավասարակշիռ եւ քաղաքակիրթ մոտեցումը` ընտրությունները լուսաբանելիս: Հետաքրքրիր է` արդյոք այդ մազալու կառույցներին թվում է, որ դասընթացներից հետո ՀԱԿ-ին հարող ԶԼՄ-ների լրագրողները չեն քարոզելու ՙավազակապետության կազմաքանդում՚, իսկ դաշնակցական ԶԼՄ-ները չեն զբաղվելու առավելապես ՀՅԴ-ի գովքով: Եթե այդ արդյունքը չստացվեց, ապա ընդամենը կարձանագրենք, որ այդ 1,8 միլիոն եվրոն պարզապես կերել են ու կմաղթենք բարի ախորժակ: Բայց զարմանալի է, այդ ինչպե±ս են այդ ամերիկապատկան գրասենյակները պատրաստվում լրագրողներին բան սովորեցնել, երբ իրենց իսկ պետության կողմից ֆինանսավորվող ՙԱզատություն՚ ռադիոկայանը հիմնականում ձայն է տալիս ՙնարնջագույն՚ ՙկազմաքանդիչներին՚, ու այդտեղի եթերում գործնականում չես գտնի ազգային պահպանողական ուժերի ներկայացուցիչների խոսքը: Թող իրենցից սկսեն, նոր միայն հավակնեն ուրիշներին բան սովորեցնելու:
Եվ վերջապես մեզ զարմացրեց մեր հարեւան ԱԴՐԲԵՋԱՆԸ: Այդտեղ մի ահավոր սկանդալ է պայթել, երբ պարզվեց, որ այն ռուսական ֆիրման, որի արտադրած մանկական սնունդը ներմուծվում է, պատկանում է հայ գործարարներին: Նույնիսկ քրեական գործ են հարուցել այն բժիշկների դեմ, որոնք իրենց հաճախորդներին խորհուրդ են տվել օգտվել հենց այդ ֆիրմայի մանկական սնունդից... Անշուշտ, զարմանալի է այն ինչ կատարվում է Բաքվում, սակայն ոչ պակաս զարմանալի է մեզանում դրսեւորվող դրան տրամագծորեն հակառակ ծայրահեղությունը: Դեղատներում հայտնվել են ադրբեջանական դեղեր, որոնց նույնիսկ պիտակներն են ադրբեջաներեն, սակայն մեր որեւէ պետական մարմնի հեչ վեջը չի:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

