ՆԱԽՆԱԿԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐ
Արխիվ 12-16| ՔԱՂԱՔԱԿԱՆ |
ՆԱԽՆԱԿԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐ
Մարտի 30-ին, Գյումրիում տեղի ունեցած ընդհարումը, որի ժամանակ հնչել էին նաեւ հրազենային կրակոցներ, հանրության կողմից ոչ միանշանակ ընկալվեցին հենց այն պատճառով, որ լրատվամիջոցներին հրամցված տեղեկությունները միանշանակ չէին: Ժողովրդի լեզվով` տեղեկատվությունը ՙեվրեյսկի էր՚:
Այսպես, ոստիկանության Գյումրու քննչական բաժնից Panorama.am-ին հայտնել էին, որ` ՙՆման դեպք իրենց մոտ չի արձանագրվել՚:
Ինչպիսի± դեպք չէր արձանագրվել քաղաքի ոստիկանությունում:
Այն, որ ընդհարում եղել էր` փաստել է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, տեղեկացնելով, որ` ՙՄարտի 30-ին, ժամը 13:00-ի սահմաններում Գյումրու Արամ Սարգսյանի անվան մարզադպրոցում կատարված խուլիգանության փաստի առթիվ մարտի 31-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր. Օր.-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից՚:
Եվ այսպես, դեպքը տեղի էր ունեցել եւ մնում էր պարզել, թե որքանով էր այն պայմանավորված նախընտրական տրամադրություններով…
Ըստ որոշ աղբյուրների, բախումը տեղի էր ունեցել ՙքաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ մեծամասնական պատգամավորի թեկնածու, ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի կողմնակիցների միջեւ՚…
Անշուշտ, ընդունելի չի կարելի համարել այն երեւույթը, որ հանրապետությունում ցանկացած արտառոց դեպք առաջին հերթին կապվում է կայանալիք ԱԺ ընտրությունների հետ: Այսպես, նույն Գյումրիում դրական չի ընկալվում այն փաստը, որ քաղաքի 35-րդ ընտրական տարածքում գրանցված պատգամավորության թեկնածու, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը բաժանում է արբանյակային ալեհավաքներ եւ սերմացու: Հասկանալի է, որ խոսքը չի գնում թանկարժեք սարքը ձեռք գցած ՙերջանիկների՚ մասին: Դժբախտությունն ու ազգային խայտառակությունն այն է, որ արտերկրների դիտորդները արդեն իսկ ուշադրություն են դարձրել ՙբարեգործական՚ այդ արշավի վրա ու գնահատել են դա վտանգավոր:
Սակայն վերադառնանք ՙհրավառության՚ դեպքին: Հավանաբար այսօր արդեն, իր տեսակետը այդ միջադեպի մասին պաշտոնապես կհրապարակի ՀՀ գլխավոր դատախազությունը: Դատելով այդ մարմնի լրատվական ծառայության կողմից ստացված պարզաբանումներից, Գլխավոր դատախազությունը ուշի-ուշով հետեւում է միջադեպի դրդապատճառները եւ մասնակիցներին բացահայտելու գործընթացին: Հայտնի են անուններ, սակայն դրանք դատախազությունը կհրապարակի դեպքի վերաբերյալ ամբողջական պատկերը պարզելուց հետո:
Հասկանալով եւ հարգելով Գլխավոր դատախազության դիրքորոշումը, մենք, այնուամենայնիվ, կաշկանդված չենք տեղեկացնելու, որ որոշ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ընդհարումը տեղի էր ունեցել ՀՀԿ-ական Հովհաննես Մկրտչյանի (Տանկ) եւ ԲՀԿ-ական Արտյոմ Կարապետյանի (Շեկո) միջեւ: Այդ անձինք ակտիվ աշխատում էին իրենց կուսակցությունների համար, եւ մարտի 30-ին ՙհաջողության՚ էր հասել Շեկոն, ով, ըստ լուրերի, հարձակվել էր Տանկի վրա, ծեծել նրան ու… հայտնվել հետախուզման մեջ: Դեպքի հաջորդ օրը Գյումրի էր այցելել Գագիկ Ծառուկյանը: Այցելության պաշտոնական առիթը` Օլիմպիական կոմիտեի մարզային բաժանմունքի բացումն էր…
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

