ՓՈՔՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԵԾ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ |
ՓՈՔՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԵԾ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԸ
Մեր երկրում անկախությունից հետո թե ինչքան է խոսվել, խոստումներ տրվել փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու մասին, անհնար է հաշվել: Ավելի ճիշտ` եթե այդ խոստումներից 10-20-ն էլ իրականություն դառնային, ապա հաստատ Շվեյցարիայի պես մի բան էինք դարձել: Փոխարենը` խոստումները հա հնչում են, եւ դրա հետ մեկտեղ էլ` չեն պակասում նաեւ այն բողոքները, որոնք ներկայացնում են փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները:
Ահա թե այդ առումով մեզ վերջերս ինչ պատմեց բիզնեսի այդ տեսակի ներկայացուցիչներից մեկը` պայմանով, որ իր անունը չենք հնչեցնելու` ՙավելորդ փորձանքներից երաշխավորված լինելու համար՚: Սակայն այստեղ կարեւորը բուն փաստն է, քանի որ այն ամենին, ինչ պնդում է մեր զրուցակիցը, հաստատ շատ-շատերն էլ են բախվել:
Պատմությունը մոտավորապես հետեւյալն է. ՙՄեր գործունեությունը սեզոնային բնույթի է, եւ ունեմ մի 10 մլն դրամի շրջանառություն: Հասկանալի է` մի 30-40 տոկոսի չափ հարկերն են, պետք է պարբերաբար ներդրումներ անել, աշխատավարձեր տալ, եւ այլն: Մի խոսքով` մի կերպ գոյատեւում ենք` ավելի շատ հուսալով, թե վաղը-մյուս օրը միգուցե լավ կլինի: Բայց ահա այդ համեստ իրավիճակում, չգիտես ինչու, պարտավոր ենք աուդիտ էլ անել: Թե որն էր դրա իմաստը` այդպես էլ չհասկացանք: Բայց դե դրան էլ էինք մի կերպ հարմարվել: Եվ ահա այս տարվանից դա էլ կրակ ու պատժի պես մի բան դարձավ. եթե առաջներում այդ ծառայության համար վճարում էինք 150 հազար դրամ, ապա այս տարի այն դարձել է 500 հազարի կարգի գումար: Ավելի քան եռակի թանկացում, եւ աուդիտ անողներն էլ հավաստիացնում են, թե մեղքն ամենեւին էլ իրենցը չէ: Ասում են, որ իրենց վերաբերող օրենքում մի շարք փոփոխություններ են արվել, եւ դրանք այս տարվանից մտել են ուժի մեջ: Այդ փոփոխությունները ենթադրում են մի շարք նորամուծություններ, օրինակ` աուդիտ իրականացնող ընկերությունների աշխատակիցների նվազագույն քանակ եւ որակավորում: Ու այդ ամենն էլ իր ազդեցությունն է ունեցել աուդիտորի ծախսերի վրա` ստիպելով բարձրացնել իրենց ծառայության գները: Եթե նրանք ճիշտ են, ապա ստացվում է, որ խոսքը մի օրենսդրական փոփոխության մասին է, որն ուղղակիորեն հարվածում է հատկապես փոքր ու միջին կարգի գործարարներին` այն հաշվով, որ խոշորների մոտ աուդիտը ենթադրում է բոլորովին այլ գներ, որտեղ 200-300 հազար դրամի ավել-պակասը, ի տարբերություն մեզ, էական չէ: Սակայն, ամենակարեւորը, վերջին հաշվով, այն է, որ գները բարձրացրել են, եւ այդ անհասկանալի ծախսի պատճառով շատերի բիզնեսը կարող է վերջնականապես հայտնվել փակվելու եզրին: Իսկ այդ դեպքում տուժելու է նաեւ պետությունը, որ կկորցնի որոշակի հարկեր, խոշոր հաշվով` նաեւ աուդիտ իրականացնողը, քանի որ նախկին 150 հազար դրամը վաստակելու հնարավորությունից էլ է զրկվելու...՚:
Իրոք` անցած տարվա հուլիսին որոշակի փոփոխություններ են կատարվել ՙԱուդիտորական գործունեության մասին ՀՀ օրենքում՚: Ընդ որում` աուդիտորական ընկերություններին այդ փոփոխություններին համապատասխան գործունեություն ծավալելու համար տրվում է վեցամսյա ժամկետ, ասել է թե` դրանց ազդեցությունը տեսանելի պետք է դառնար այս տարեսկզբին: Թերեւս հենց այս օրենսդրական փոփոխություններն էլ նկատի ուներ մեր զրուցակիցը: Ամեն դեպքում` դրանցում կան մի շարք դրույթներ, որոնք ենթադրում են աուդիտորական ընկերությունների այնպիսի վերակառուցում, որը կարող է առաջացնել ընկերության ծախսերի, ասել է թե` նաեւ նրանց ծառայության սակագների աճ: Օրինակ, դրույթներից մեկը սահմանում է, որ աուդիտով կարող է զբաղվել այն ընկերությունը, որն ՙունի առնվազն 5 աշխատող աուդիտորներ, որոնցից առնվազն 3-ը այլ գործատուի մոտ չեն աշխատում` բացառությամբ գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական բնույթի աշխատանքների՚: Մինչդեռ օրենքի նախկին խմբագրմամբ աուդիտորական գործունեության լիցենզիա կարող էին ստանալ այն ընկերությունները, որոնց ՙաշխատողներից առնվազն երկուսն աուդիտոր են, եւ նրանցից մեկը կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարն է՚:
Այսինքն` երկու աշխատակցի փոխարեն` նախատեսվում է հինգը, ընդ որում` այդ հինգից երեքի համար այս աշխատանքը պետք է հիմնականը լինի` դրանից բխող աշխատավարձային եւ այլ բնույթի բոլոր հետեւանքներով հանդերձ: Սրան զուգահեռ` աուդիտորի համար սահմանվում են մի շարք լրացուցիչ խստացումներ եւս, ինչը, խոշոր հաշվով, տանելու է մասնագետների թվաքանակի կրճատման, ասել է թե` նրանց հանդեպ պահանջարկի աճին, որը աուդիտորական ընկերությունների համար նույնպես ենթադրում է ծախսերի, այսինքն` նաեւ մատուցվող ծառայության գների աճ: Թե ի±նչ չափով, դա արդեն կոնկրետ ընկերության ֆինանսական ցուցանիշներից է կախված: Սակայն եռակի թանկացումը մի տեսակ անհավանական է թվում: Ավելի ճիշտ` տպավորությունը մոտավորապես այսպիսին է. մի քիչ այս օրենսդրական փոփոխությունն է սակագները թանկացնելու հիմք հանդիսացել, աուդիտորներն էլ, իրենց հերթին, ՙհին, հայկական ավանդույթի՚ համաձայն` իրենք են ՙմտել՚: Եվ ստանում ենք այն պատկերը, ինչից դժգոհում է մեր զրուցակիցը:
Եվ վերջում էլ հավելենք, որ մեր զրուցակիցը զբաղվում է մի գործունեությամբ, որը, այսպես ասենք, շատ մոտ է զբոսաշրջությանը: Այսինքն` տնտեսության մի ճյուղի, որը զարգացնելու լուրջ մտադրություններից պատկան պետական այրերը շատ են խոսում: Բայց ահա թե ինչ է ստացվում: Իսկ արդյունքում` ՙքյարով՚ են դուրս գալիս միայն խոշոր աուդիտորները, քանի որ մանրերից շատերը հիմնականում աշխատում են փոքր եւ միջին բիզնեսի հետ եւ կարող են եւ այս իրավիճակում կորցնել շատ հաճախորդների:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

