ՙՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ԱՅՆՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ՔԱՆԻ ԴԵՌ ԿԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՎՏԱՆԳ՚
Արխիվ 12-16| ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ |
ՙՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ԱՅՆՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ,
ՔԱՆԻ ԴԵՌ ԿԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՎՏԱՆԳ՚
Երեկ, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց տարածաշրջանային քաղաքական իրադրությունը եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցելության բուն նպատակը.
-Ռուսաստանի արտգործնախարարի այցը Հայաստան նվիրված է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին եւ այստեղից էլ Ս.Լավրովը պետք է մեկնի Բաքու: Չի բացառվում, որ այդ շրջայցի ընթացքում Ռուսաստանի հետագա գործունեության վերաբերյալ բավական լուրջ խնդիրներ կքննարկվեն թե° Հայաստանում, թե° Ադրբեջանում, եւ թե° տարածաշրջանում ընդհանրապես:
Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, պարզ է, որ Ս.Լավրովի այս այցը, բացի դիվանագիտական միջոցառումների շրջանակներից, նպատակ է հետապնդում նախկին վարչակազմից զեկույց կամ հաշվետվություն տալ նոր նախագահին: Քանի որ, Վ.Պուտինը դարձյալ վերադառնում է նախագահի պաշտոնին, խնդիր կա հստակ ներկայացնել այն իրավիճակը, որը ստեղծվել է տարածաշրջաններում:
Իսկ տարածաշրջանային խնդիրները, ըստ Հ.Մելիք-Շահնազարյանի շատ են. ՙԿոնկրետ Հարավային Կովկասում շատ խնդիրներ եւ անհասկանալի հարցեր կան Ռուսաստանի համար, որոնց թվում նախեւառաջ արցախյան հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումներն են: Վերջին շրջանում Ադրբեջանը բավական լուրջ ջանքեր է գործադրում ստեղծված ձեւաչափը փոխելու համար, որն իրականացնում է Թուրքիայի հետ համատեղ ուժերով: Ընդամենը մեկ շաբաթ առաջ, Ադրբեջանի ջանքերի շնորհիվ, հաջողվեց Եվրամիության արտաքին հանձնաժողովում քննարկել ստեղծված ձեւաչափը արցախյան հակամարտության շուրջ եւ առաջարկ եղավ Ֆրանսիայի մանդատը փոխարինել Եվրամիության մանդատով: Սա ակնհայտ է, որ Ադրբեջանի քարոզչության արդյունքում եղավ, քանի որ նախքան այդ քննարկումը, երկու օր առաջ, նույն այդ հանձնաժողովի պատվիրակները եղել էին Ադրբեջանում ու հանդիպել Ալիեւի հետ: Ռուսաստանի համար շատ կարեւոր է հետեւել մեր տարածաշրջանում ընթացող զարգացումներին, հատկապես` հակամարտությունների խնդիրներին, քանի որ նախեւառաջ մեր տարածաշրջանը Ռուսաստանի համար կենսական շահերի գոտի է: Ռուսաստանը լավ հասկանում է, որ այստեղ ապակայունացված իրավիճակը լուրջ սպառնալիք է Հյուսիսային Կովկասին: Շատ հավանական է, որ հնարավոր մարտական գործողությունները կամ կոնֆլիկտները շղթայական ռեակցիայի պես կշարունակվի Դաղստանում, Չեչնիայում եւ այլն: Բացի դրանից Լավրովի համար տարածաշրջանում շատ կարեւոր է հասկանալ ադրբեջանա-իրանական հարաբերությունների ներկա զարգացումները, որոնք նույնպես կարեւոր խնդիր են: Ակնհայտ է, որ գործընթացներ են տեղի ունենում, որին մասնակցում են Ադրբեջանից բացի նաեւ Իսրայելը: Իսրայելը ստեղծել է որոշակի ռազմակայաններ Ադրբեջանում, որոնք վերջինս հետագայում կկիրառի Իրանի դեմ որոշակի գործողություններ իրականացնելու համար: Սրանք կլինեն այն հիմնական խնդիրները, որոնք, այնուամենայնիվ, կլինեն հայ-ռուսական եւ ռուս-ադրբեջանական բանակցությունների հիմքում՚:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի ակտիվությանը կովկասյան տարածաշրջանում, քաղաքագետը գտնում է, որ այն առանձնապես աչքի չի ընկնի. ՙՌուսաստանի նախկին ակտիվությունը Վ.Պուտինի վարչակազմի ժամանակ այնքան ընդգծված չի լինի, որը կարելի է բացատրել մի քանի պատճառներով: Նախ դա այն ներքին բարեփոխումների անհրաժեշտությունն է, որոնք առաջացել են Ռուսաստանում սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով: Վ.Պուտինի առաջնային խնդիրներից մեկը սոցիալ-տնտեսական նոր մեխանիզմներ մշակելն է: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա Ռուսաստանը իսկապես ունի շատ լուրջ խնդիրներ, որոնց մեջ մեր տարածաշրջանային խնդիրները կարելի է երկրորդական համարել: Ստեղծված լուրջ խնդիրները հիմնականում վերաբերում են Միջին Ասիային, որտեղից շուտով ՆԱՏՕ-ի զորքերը դուրս են բերվելու` անվտանգության համակարգի լուրջ սպառնալիքներ առաջացնելով այնտեղ: Մեր տարածաշրջանում Ռուսաստանի ակտիվությունը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կա պատերազմի վերսկսման վտանգ: Ռուսաստանը պարզապես կփորձի ամեն կերպ նեյտրալացնել այդ վտանգը, իսկ մնացած բոլոր դեպքերում, կարծում եմ, որ նրանց առաջիկա երկու-երեք տարիների վարած քաղաքականությունը շատ պասիվ կլինի մեր տարածաշրջանում՚:
Իսկ Ֆրանսիայի մանդատի փոփոխությունը Եվրամիությունում Ադրբեջանի համար ոչ թե հարցի լուծում է, այլ բոլոր տեսակի ձեւաչափերից ժամանակավոր խուսափելու միջոց, ինչի մասին նշեց բանախոսը. ՙՆրանց համար ավելի կարեւոր է ստեղծված ձեւաչափի փոփոխությունը ընկալել որպես նախադեպ: Սա արվում է ոչ թե առաջընթաց ապահովելու համար, այլ` ընդհակառակը: Ադրբեջանական գործողությունները ցույց են տալիս, որ ամեն անգամ ցանկացած հանդիպումներից հետո, որ տեղի է ունենում նախագահների միջեւ Ադրբեջանն իր քայլերով մեկ տարով հետաձգում են բոլոր հնարավոր հաջողության հասնելու միջոցները: Ադրբեջանին այսօր անհրաժեշտ է ցույց տալ միջազգային հանրությանը երկու կարեւոր բան. նախ ընդգծել իրենց նշանակությունը տարածաշրջանային քաղաքական գործընթացներում եւ երկրորդ` դա զուտ ներքաղաքական նպատակներ է հետապնդում: Բաքուն շատ լավ հասկանում է, որ պատերազմական իրավիճակը այն իրողությունն է, որը կարելի է օգտագործել եւ կոծկել մնացած բոլոր հանցագործությունները, ամեն ինչ բացատրել պատերազմական իրավիճակով ու սահմանի անկայունությամբ: Ադրբեջանի իշխանությունները վերջին մի քանի տարիներին զբաղվել են բացառապես տոտալիտար համակարգը ձեւավորելով եւ ճնշումների միջոցով հասարակությունը ամբողջությամբ ենթարկելու քաղաքականությամբ, որն արտահայտվում էր, բառիս բուն իմաստով, քաղաքական ընդդիմության ոչնչացմամբ եւ ընդհանրապես սոցիալական ահաբեկչության եւ ահուսարսափի մեջ պահելու գործողություններով՚:
Անդրադառնալով առաջիկա ԱԺ ընտրություններին եւ ԱՄՆ դեսպանի բավական խիստ քննադատությանը, Հ.Մելիք-Շահնազարյանը ինչ-որ չափով համամիտ է դեսպանի հետ. ՙԿարծում եմ որոշակի արդարություն կա այդ քննադատության մեջ, որովհետեւ մի կողմից իշխանությունները անընդհատ հայտարարում են արդար ընտրությունների կազմակերպման պատրաստակամության մասին եւ այդ ուղղությամբ ինչ-որ գործողություններ իրականացնում, իսկ մյուս կողմից կա չհավատալու եւ չվստահելու անընդհատ քարոզչություն: ԱՄՆ դեսպանի մեղադրանքները, որոնք ուղղված էին ընդդիմության հասցեին, հիմնականում ունեին այսպիսի ենթատեքստ. ի±նչ պետք է դուք անեք, որ չեք անում, որպեսզի այդ ընտրությունները իսկապես արդար կայանան: Սա գործողությունների ինչ-որ կոչ էր, որը կարող է դրական ազդեցություն ունենալ՚:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

