ԽՈՇՈՐ ԲԼԵՖ
Արխիվ 12-16ԽՈՇՈՐ ԲԼԵՖ
Այն, որ Վարդան Օսկանյանն ու Հմայակ Հովհաննիսյանը տեղով արկածախնդրություն են, շատ ցայտուն երեւաց այս չորեքշաբթի, երբ Հմայակ Հովհաննիսյանին պատկանող քաղաքագետների միության անքաղաքագետ տարածքում ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՙԺառանգությունը՚, ՀԱԿ-ը ստորագրեցին ընտրությունների վերահսկողության միասնական հանրային շտաբ ձեւավորելու մասին համաձայնությունը: Ու հետաքրքիրն այն է, որ թեեւ այդ ավանտյուրայի առանցքային դեմքերը ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ եւ 9-րդ համարներն են, նրանք, ըստ էության, փաստի առաջ կանգնեցրին նույն ԲՀԿ-ին:
ՙԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՄԻՆՈՒՍ ՀՀԿ՚ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Հետաքրքիր է, որ նախաձեռնողները անհրաժեշտ չհամարեցին հրավիրել ՕԵԿ-ին, Կոմկուսին, ՀԴԿ-ին եւ ՙՄիավորված հայեր՚ կուսակցությանը, կարծես վերջիններս չեն առաջադրվել ԱԺ ընտրություններին: Ընդամենը ձեւի համար նշեցին, որ համաձայնությունը բաց է ստորագրման համար բոլոր ցանկացողների պարագայում: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին հրավիրելուն, ապա միանգամայն բնական էր, որ Գալուստ Սահակյանը վրդովված հեռացավ` մատնանշելով, որ նախ` այդպիսի հարց կոալիցիայում չի քննարկվել, երկրորդը` չի հրավիրվել կոալիցիայի անդամ ՕԵԿ-ը ու նաեւ փաստելով, որ գործընթացը նմանվում է ստվերային կառավարություն կազմելուն:
Պարզ է, որ այդ ամբողջն ուղղված է ՀՀԿ-ի մեկուսացմանը, ու պատահական չէ, որ երեկ, օրինակ` ՀԱԿ-ի ներկայացուցիչ նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը երկար-բարակ փիլոյաբանում էր, թե ինչով են ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ն ավելի լավը, քան` ՀՀԿ-ն: Գործառույթն էլ հասկանալի է` ամեն քայլափոխի արտադրել միասնական փաստաթղթեր` իբր այս կամ այն նախընտրական գործընթացում տեղի է ունեցել այս կամ այն ՙահավոր՚ խախտումը, ու մատնագրի պես դա շալակած վազել ամերիկյան դեսպանատուն ու արեւմտյան դիտորդների մոտ: Տրամաբանությունը այդ բոլոր զարգացումների բավականին հասկանալի է` մինչեւ մայիսի 6-ը փորձել հող նախապատրաստել կա°մ խորհրդարանական հեղաշրջման միջոցով ՀՀԿ-ին մեկուսացնելու, կա°մ նոր զանգվածային անկարգությունների համար, որոնք այս անգամ նախատեսված է հասցնել էապես ավելի մեծ մասշտաբների, քան տեղի են ունեցել 2008-ի մարտի 1-ին:
Սակայն ամեն ինչ հարթ ընթանալ չի կարող: Նախ` առանց ԲՀԿ-ի միջուկը կազմող գործիչների եւ ԲՀԿ-ի առաջնորդի կարծիքը հաշվի առնելու ԲՀԿ-ն ամերիկամետ կամ նույնիսկ ամերիկյան կամակատար դաշինքի մեջ մտցնելը չի կարող չհանգեցնել նույն ԲՀԿ-ի ներսում երկփեղկմանը, որը վաղ, թե ուշ պայթելու է, զի ԲՀԿ-ն իր ստեղծման օրվանից մշտապես հանդես է եկել ռուսամետ ուղեգծով: Եվ հետո, այդ արեւմտամետ ավանտյուրային բացառված է ռուսամետ ուղեգիծ ունեցող ՙփոքր՚ կուսակցությունների ներգրավումը, ու գումարած ամեն ինչին, հաշվի առնելով, որ այդ ամենը շեշտակի աշխարհաքաղաքական երանգ ունի, ընտրությունների օրը կարող է անակնկալի պես պարզվի, որ հույժ թերագնահատվել է Կոմկուսի իրական ներուժը...
Սակայն ամեն ինչ հարթ չէ նաեւ նույն արեւմտամետ ճամբարի ներսում: Այսպես, ՙԺառանգության՚ ցուցակով ընտրությունների գնացող ՙԱզատ դեմոկրատների՚ ղեկավար, շտաբի պետ Խաչատուր Քոքոբելյանը` ի տարբերություն ԼՏՊ-ի, ամենեւին հակված չէ ՀՀԿ-ից տարանջատել ԲՀԿ-ին եւ ՕԵԿ-ին. ՙԿա հստակ մոտեցում` կա իշխանական կոալիցիա, որն ամբողջությամբ պատասխանատու է այսօրվա իրավիճակի համար սկսած մարտի 1-ից մինչեւ այսօր ու որեւէ քաղաքական ուժ թող չփորձի առանձնացնել իրեն իշխանությունից կամ մյուս այլ ուժերն առանձնացնեն այն ուժին, որը պատասխանատվություն է կրում: Եթե կա որեւէ իշխանական ուժ, որը ցանկանում է առանձնանալ դրա համար մի մեթոդ կա` հրապարակային հանդես գալ ու ասել, որ իրենք իշխանական կուսակցություն չեն ու իշխանության մաս չեն կազմում, դրանից հետո կարելի է քննարկել, թե ինչ վերաբերմունք կլինի՚: Ավելին` Քոքոբելյանը նաեւ կասկածի տակ է դրել միասնական շտաբի համաձայնագիրը. ՙԱյդ փաստաթուղթը նախնական է, մենք այն վերջնական չենք ստորագրել եւ այն պարտավորություն համարել չի կարելի: Ավելին, այդ փաստաթղթում կան կետեր` բարեգործության, ոչ ազնիվ տեխնոլոգիաների օգտագործման մասին եւ այլն ու եթե ապրիլի 11-ին, որը փաստաթղթի վերջնական տեսքի գալու օրն է, այդ փաստաթուղթը վերջնական այն տեսքին չգա, որը մենք ենք ուզում, մենք դրա տակ չենք ստորագրի՚: Եվ, ի դեպ, Քոքոբելյանը կիրառեց նույն մեթոդը, ինչ ժամանակին խաղարկում էր Օսկանյանը ԲՀԿ-ի ներսում` ՙԴա իմ անձնական կարծիքն է՚ բանաձեւը:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ նախընտրական շտաբի միջազգային դիտորդների հետ աշխատանքները համակարգող Դավիթ Հարությունյանը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որ մասնավորապես ասվում է. ՙՀիշեցնեմ, որ ՀՀԿ-ն լավ ընտրությունների անցկացման համապարփակ ծրագրով հանդես էր եկել շատ ավելի վաղ, եւ այդ ծրագիրը պարունակում էր ոչ միայն գործընթացի հանրային վերահսկողությունը, այլ հարցերի շատ մեծ շրջանակ: Այսօր խնդիրն ամենեւին էլ այս կամ այն ուժի ՙհեղինակային իրավունքի՚ մասին չէ, այլ` էության: Մեր կարծիքով մասնակից կուսակցությունները պետք է առաջին հերթին սահմանեն ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոններ: Կանոններ, որոնք ստանձնվում են կամավոր: Կանոններ, որոնց պահպանումը մասնակից կուսակցությունների կողմից ի վերջո կհանգեցնի քաղաքական միջավայրի փոփոխության: Կանոններ, որոնց անվերապահ կիրառումը թույլ կտա հասնել այն իրավիճակի, երբ մասնակիցները կշնորհավորեն միմյանց ընտրությունների արդյունքներով` անկախ իրենց ստացած ձայների թվից՚: Ու հանրությանը եւ կուսակցություններին միանգամից ներկայացվեց ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոնների համապարփակ նախագիծ, ուր անուշադրության մատնված չէ ընտրությունների հետ կապված ոչ մի հարց եւ որը կարող են պարտավորության պես ստանձնել ոչ միայն կուսակցությունները, այլեւ մեծամասնական ընտրակարգով մասնակցող թեկնածուները: Հարկ է նշել, որ նախագիծը կազմված է այնպես, որ գործնականում հնարավոր չէ գտնել բանական փաստարկ` այն մերժելու համար: Մերժելու ցանկացած տարբերակ ենթադրում է պարզ հայտարարություն ՀՀԿ-ին դեմ լինելու վերաբերյալ կամ չի կարող չհանգել դրան: Ու դժվար չէ կանխատեսել, որ առնվազն շատ լուրջ քննարկում այդ կանոնների շուրջ կլինի, իսկ միացողների ձեւաչափը կլինի շատ արտահայտիչ:
Ինչեւէ, կարծես թե, Զատիկին` նախընտրական պաշտոնական քարոզչության մեկնարկի հետ մեկտեղ, միանգամից նաեւ ուրվագծվում է բեւեռացման բանաձեւը: Մի բեւեռում` պետական ազգային մտածողություն, մյուս բեւեռում` ՙ5-րդ շարասյուներ՚ եւ մոլի ու ցինիկ իշխանամոլություն:
ԲՀԿ-Ի ԴՐԱՄԱՆ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ
ՀԱԿԱՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ՔՎԵՆԵՐՈՎ ԱՍՊԱՐԵԶ
ԲԵՐԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Նախ` սկսենք ՙհմայականոցում՚ մեկնարկած ավանտյուրայի գլխավոր գործող անձանցից: Հմայակ Հովհաննիսյանին ներկայացնելն ավելորդ է` հանրահայտ ռեկորդակիր է ճամբար փոխելու եւ սկզբունքներից զուրկ լինելու գծով: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, որը միաժամանակ ամերիկյան ազդեցության տարածողն է եւ Ռոբերտ Քոչարյանի ՙաջ ձեռքը՚, ապա նա Ռոբերտ Քոչարյանի ամբողջ պաշտոնավարման շրջանում եղել է արտգործնախարար, իսկ մինչ այդ` 1994-97 թվականները, փոխարտգործնախարար էր ԼՏՊ-ի իշխանավարության օրոք: Ընդհանրապես, հենց Օսկանյանին են պատկանում արտաքին քաղաքականության ՙվրիպումները՚ կամ միտումնավոր գործողությունները, որոնք հանգեցրել են միջազգային ասպարեզում այն բոլոր դրույթների հաստատմանը, որոնք Արցախի հարցում դարձել են խանգարիչ: Բազմիցս քննադատված ՙՄադրիդյան սկզբունքները՚ միանգամայն այլ ու առավել նպաստավոր տեսք կունենային, եթե չլիներ Օսկանյանի անդուլ աշխատանքը: Ի դեպ, Օսկանյանը նաեւ քաղաքական կուլուարներում հայտնի է որպես տխրահռչակ Գոբլի ծրագրին հակված գործիչ, որն, ըստ լուրերի, 1998-99 թվականներին կատարում էր ֆինանսական հաշվարկներ, թե ինչքան միջոցներ են պետք Մեղրիի շրջանի հայ բնակչությունը տեղափոխելու համար:
Մյուս կողմից` Վարդան Օսկանյանը, լինելով Ռոբերտ Քոչարյանի մերձավորագույն զինակից, միաժամանակ ամենեւին էլ խորթ չէ ԼՏՊ-ին, ում մոտ 3 տարի փոխարտգործնախարար է աշխատել ու գործնականում ԱԳՆ-ում ավելի կարեւոր դերակատարություն է ունեցել, քան այն ժամանակվա ՙբառադի՚ արտգործնախարարները: Դրա բերումով նաեւ կա կապը ՙԱզատ դեմոկրատների՚ հետ, ուր շատ կարեւոր դերակատարություն ունի նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը, որը մարտիմեկյան արյունահեղության կարեւոր գործող անձանցից էր: Դե, իսկ ընդհանուր ամերիկյան ծագումը եւ փաստացի ամերիկացի մնալու հանգամանքը նրան շատ հոգեհարազատ է դարձնում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
Եվ այսպես, Օսկանյանի դերակատարությունը ԲՀԿ-ում: Կուսակցության ընդհանուր գծի եւ կորիզը կազմող գործիչների գործունեության ու մոտեցումների հետ, մեղմ ասած, չհամընկնող հայտարարությունների ու քայլերի հեղինակ է: ՀակաՀՀԿական ՙմիացյալ շտաբի՚ ստեղծման վերաբերյալ էլ ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը նշում է, որ դա ոչ թե ԲՀԿ-ի, այլ Վարդան Օսկանյանի ու Հմայակ Հովհաննիսյանի նախաձեռնությունն է: Կոալիցիայի ՙձեւական՚ լինելու առումով էլ Օսկանյանը պնդում է իր ասածը. ՙԶուտ քաղաքագիտական առումով` եթե մի կուսակցությունը կոալիցիայի մեջ մեծամասնություն ունի, դա արդեն ձեւական է՚:
Ի±նչ է դրանով ասում Օսկանյանը` որ ԲՀԿ-ն կոալիցիայի կազմում 5 տարի շարունակ ոչ մի բան էր: Եթե գումարենք դրան օսկանյանական պնդումները մշտական ընտրակեղծիքների մասին, ապա կստացվի, որ իր իսկ կուսակիցներին Օսկանյանն ասում է` դուք պատգամավոր եք դարձել ընտրակեղծիքով: Այդ ամենի ենթատեքստը հետեւյալն է` Օսկանյանը տեր չի կանգնում ԲՀԿ-ի այն ուղեգծին եւ կոալիցիայի շրջանակներում ստորագրված փաստաթղթերին, որը եղել է մինչեւ իր մուտքը ԲՀԿ:
Եվ ի±նչ է տեղի ունենում: Եթե մինչ Օսկանյանի ու Հմայակի հայտնությունը ԲՀԿ-ում այդտեղ առանց ԲՀԿ առաջնորդի իմացության ճանճը չէր տզզում, իսկ տզզոցի դեպքում լինում էր շարունակություն առյուծների մռնչալու տեսքով, ապա այժմ այդ երկուսը` ԲՀԿ-ի անունից, անում են ինչ ուզում են:
Ու ստացվում է, որ հիմա զուգահեռ գործում են երկու տարբեր ԲՀԿ-ներ: Օսկանյանի ու Հովհաննիսյանի ԲՀԿ-ն մասնակից է տարատեսակ ՙնարնջագույն՚ դաշինքների ու գործողությունների, հանդես է գալիս ՀՀ նախագահի դեմ եւ չգործող է հռչակում կոալիցիոն հուշագիրը: Մյուս կողմից` Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ-ի պատգամավորների, ԲՀԿ-ական նախարարների, մարզպետների ու այլ ավանդական դեմքերի ԲՀԿ-ն տեր է կոալիցիոն հուշագրին, ցանկություն չունի դուրս գալու ՀՀ նախագահի դեմ, եւ բազմաթիվ մարդիկ մուտք են գործել ԲՀԿ` համարելով, որ գալիս են իշխանական, այլ ոչ թե ընդդիմադիր կուսակցություն: Օսկանյանական ԲՀԿ-ն թունդ` արեւմտամետ է, մինչդեռ ավանդական ԲՀԿ-ն` առավել քան ռուսամետ է, ու անգամ այդ կողմնորոշման ու Բելառուսի նախագահի հետ կապեր ունենալու համար զրկվել է Եվրոպայի ժողովրդական կուսակցությանն անդամագրվելու հնարավորությունից:
Դե, սկզբունքորեն պարզ է, թե ում շնորհիվ ԲՀԿ-ի ներսում ՙքարտ-բլանշ՚ ունեն Վարդան Օսկանյանն ու Հմայակ Հովհաննիսյանը, եւ հաջողությամբ կերտում են ԲՀԿ-ի զուգահեռ գործող այլ դեմքը` առանց Ռոբերտ Քոչարյանի դա ոչ մի կերպ չէր կարող գլխի գալ: Փաստ է, որ ԲՀԿ-ի ավանդական գործիչները եւ անգամ առաջնորդը որոշ չափով դուրս են մղվում ՙնոր՚ կադրերի կողմից:
Ու հիմա ստացվում է պարադոքսալ բան: Բազմաթիվ մարդիկ, հատկապես` մարզերում, պատրաստ են այդ կուսակցությանը քվե տալ` հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի կատարած ընդարձակ բարեգործական ծրագրերը: Սակայն նրանց ոչ ոք չի բարեհաճում տեղեկացնել, որ շատ հնարավոր է նրանք քվե են տալիս ոչ թե Ծառուկյանին, այլ Օսկանյանին ու էապես նպաստում են Օսկանյանի թիկունքում գտնվող Ռոբերտ Քոչարյանի ծանրակշիռ վերադարձին քաղաքական դաշտ ու վերջինիս շատ մեծ հավակնություններին: Իսկ Օսկանյանի ու Հմայակի դեմք ունեցող ԲՀԿ-ն էլ կոչված է ձգել բողոքավոր տրամադրություններ ունեցող քաղաքացիներին, որոնց մեծ մասը նախկինում` 2008-ին, եղել են ԼՏՊ-ի ընտրողներ: Ռոբերտ Քոչարյանին` մինչեւ հոգու խորքը չսիրող այդ կոնտինգենտի մտքով էլ, բնականաբար, չի անցնում, որ իրականում իրենք նպաստում են նույն Ռոբերտ Քոչարյանի վերադարձին իշխանությանը:
Իսկ ի±նչ է վերապահվում, ըստ էության, ՙհին՚ բարի ու կոալիցիոն ԲՀԿ-ին: Խայծի դեր, իսկ հետագայում նաեւ` շատ հնարավոր զոհաբերություն խոշոր խաղում, ավելի ճիշտ` խոշոր բլեֆում...
Անշուշտ, հարց կառաջանա, իսկ ինչպե±ս է այդ խաղին մասնակցում ՀԱԿ-ը, որը մշտապես հայտարարում է Ռոբերտ Քոչարյանին ատելու եւ վերջինիս Հաագայի դատարան տանելու իր ցանկության մասին: Դե, նախ` ԼՏՊ-ն պատրաստ է գործարքի մեջ մտնել ում հետ ասես, անգամ` սատանայի, երկրորդը` գոյություն ունի վերադաս` ի դեմս ամերիկյան դեսպանատան, գումարած դրան` ով է ասում, որ նույն ԼՏՊ-ն Ռոբերտ Քոչարյանի ուժեղացումից կամ անգամ իշխանության վերադառնալուց կտուժի: Հիշենք 1998-ը, թե ինչպես էր պաշտոնանկ արված ԼՏՊ-ն եկել Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության արարողությանը, եւ ինչպես ՀՀ երկրորդ նախագահը, չնայած հանրային համառ պահանջներին, այդպես էլ քաղաքական եւ իրավաբանական գնահատական չտվեց ԼՏՊ-ի վարչակարգի հանցավոր գործունեությանը: Ի±նչ է պատահել որ, հիմա էլ կարող են լավ էլ համագործակցել, իսկ երբ առկա է շահը, ապա համագործակցությանը չի կարող խանգարել նաեւ այնպիսի ՙմանրուքը՚, ինչպիսին է մարտիմեկյան ողբերգության արյունը: Առավել եւս, որ երկուսով են հենց պատասխանատու այդ արյան համար:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

