ՙՎԻԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԵՆԱՄԱՐՏԵԼ ՈՉ ԳԵՂԵՑԻԿ՚
Արխիվ 12-16| ՍՊՈՐՏ |
ՙՎԻԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԵՆԱՄԱՐՏԵԼ ՈՉ ԳԵՂԵՑԻԿ՚
Ինչպես տեղյակ են բռնցքամարտի սիրահարները, ապրիլի 6-ին Տոկիոյում կվիճարկվի թեթեւագույն քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ռինգ դուրս կգան մեր հայրենակից Վիկ (Վախթանգ) Դարչինյանը եւ ճապոնացի Շինսուկե Յամանական:
Այս մենամարտին հայ մարզիկին նախապատրաստել է ավստրալացի մարզիչ ՋՈՆԻ ԼՅՈՒԻՍԸ. ՙՎիկի թիմից ինձ առաջարկ եղավ, ու ես ընդունեցի այն: Ես մի քանի տարի հեռու էի սպորտից, բայց Վիկի հետ մեկ մարզումը բավական էր, որ ինձ համոզեր վերադառնալ մեծ բռնցքամարտ: Տղան այնքան նվիրված է, այնքան ինտենսիվ է աշխատում... Ես սրտանց հավատում եմ, որ նա իրոք լավագույնն է թեթեւագույն քաշային կարգում՚: Մարզչի կարծիքով` ուժն ու համառությունը չար կատակ են խաղում Վիկ Դարչինյանի հետ: ՙՈւժը, անկասկած, Դարչինյանի շնորհն է, սակայն եղել են դեպքեր, երբ այդ ուժը անեծք է դարձել նրա համար՚,- ասել է մարզիչը` հիշելով Անսելմո Մորենոյի հետ մենամարտը:
Իսկ ՎԻԿ (Վախթանգ) ԴԱՐՉԻՆՅԱՆԸ The Daily Telegraph-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել. ՙԵս գիտեմ, որ սխալներ եմ թույլ տվել Մորենոյի հետ մենամարտում, սակայն աշխատելով Լյուիսի հետ` հիմա վստահ եմ, որ այս անգամ արդյունքն այլ է լինելու՚:
Իսկ մարզիչը կարծում է, որ նախկինում Վախթանգ Դարչինյանը պարտություններ է կրել, քանի որ ցանկացել է միայն հարվածել մրցակցին. ՙՎիկը չի կարող մենամարտել ոչ գեղեցիկ: Բայց Յամանակայի հետ մենամարտը նման է լինելու շախմատի, եւ մենք ցանկանում ենք, որ Վիկը խաղաքարերը տեղաշարժի սեփական խաղատախտակի վրա: Եթե նա այդ ամենն անի, ապա կկարողանա առաջ շարժվել եւ ժամանակից շուտ ավարտել մենամարտը՚:
Ապա Լյուիսը եզրափակել է. ՙԵս պարզապես փորձում եմ հիշեցնել Վիկին այն ամենը, ինչը նա իրականում կարողանում է կատարել: Եթե նա հաղթի, ապա նրան շատ հետաքրքիր հանդիպումներ են սպասելու՚:
Իսկ ահա Fifgtnews.com-ին տված հարցազրույցում Վիկ Դարչինյանը մասնավորապես նշել է. ՙՄարզումներն արդեն ետեւում են, եւ ես պատրաստ եմ խլել տիտղոսը Յամանակայից: Մարզումները ծանր էին, բայց ես գտնվում եմ գերազանց մարզավիճակում: Ճապոնիայում հաղթելը ծանր առաջադրանք է, սակայն ես նպատակամղված եմ տուն վերադառնալ եւս մեկ չեմպիոնական տիտղոսով: Դա ինձ համար անչափ կարեւոր մոտիվացիա է: Եվ ես վստահ եմ, որ նորից կդառնամ աշխարհի չեմպիոն՚:
Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

