Աղանդի գործունեությունը հայերի դեմ է ուղղված
Արխիվ 12-16ԱՂԱՆԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ Է ՈՒՂՂՎԱԾ
Կյանքի խոսք աղանդի կողմից Իրավունք Մեդիա ՍՊԸ-ին դատի տալու կապակցությամբ է մեր հարցազրույցը ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ
-«Իրավունք» թերթը եւ «Իրավունք Մեդիա» ընկերության մեջ գտնվող այլ լրատվամիջոցներ ի՞նչ «հանցանք» են կատարել, որ «Կյանքի խոսք» աղանդը դատի է տվել նշված ընկերությանը:
-Նախ տեղեկացնեմ, թե ինչ է նախորդել դատական հայցին: «Կյանքի խոսք» աղանդը Հայաստանում մեծ ակտիվություն է դրսեւորում: Սկզբում ընդարձակ տարածքներ գնեց, հետո կարողացավ գնած տարածքների վրա կառուցել մեծ ու շքեղ շինություն, հետո այդ գրասենյակում տեղավորել միջնակարգ դպրոց, տվյալ դպրոցի համար ստանալ լիցենզիա:
Կարողացավ նաեւ իր ցանց ներքաշել հասարակությանը բավական հայտնի բազմաթիվ մարդկանց ինչպես շոու բիզնեսից, այնպես էլ գործարար եւ քաղաքական շրջանակներից: Հետո կարողացավ նաեւ իր մոտ ԶԱԳՍ բացել, գրանցել ամուսնությունները:
Իրականացնում է նաեւ բժշկական ծառայություն: Լիցենզիա ունի, թե ոչ` չգիտենք, քանի որ հայտարարություններում լիցենզիայի մասին որեւէ բան ասված չէ: Ծառայությունը ղեկավարում է Սիրիայից եկած ոմն մեկը, որի անուն ազգանունից չի երեւում, որ հայ է, կարելի է ենթադրել, որ արաբ է:
Մի խոսքով, այդ աղանդն այսպես, առանց խոչընդոտի առաջ գնալով, հանկարծ տեսավ, որ կան ՍԻՄ կուսակցություն, «Իրավունք» եւ «Իրավունք հոլդինգի» մեջ մտնող ռուսալեզու «ԸՐչցՎպվՑօ վպՊպսՌ ԸՐՎպվՌՌ» թերթերը, որոնք փորձում են կասեցնել այդ հաղթարշավը:
Հավանաբար այնքան ինքնավստահ էին աղանդի ղեկավարությունը եւ անձամբ ղեկավարը, որ որոշեցին, թե կարելի է ոտնձգություն կատարել մամուլի ազատության հանդեպ: Այսինքն` կարելի է լռեցնել, կարելի է Հայաստանում փորձել խախտել սահմանադրությունը, թույլ չտալ կարծիքի, խոսքի, մամուլի ազատություն, դրանք ստորադասել աղանդի նպատակների ու շահերի նկատմամբ: Սա է նախապատմությունը:
-«Կյանքի խոսքն» ի՞նչն է առիթ դարձրել` դատարան դիմելու եւ այնպես ներկայացնելու, թե «Իրավունք Մեդիա» ընկերության մեջ գտնվող որոշ լրատվամիջոցներ արատավորել են իր պատիվը եւ արժանապատվությունը, բարի համբավը:
-Իրականում զրպարտչական կամ վիրավորական բնույթի հրապարակումներ չեն եղել: Որպես պատրվակ այդ կազմակերպությունը դատարան է ներկայացրել մի կոլաժ, որտեղ «Կյանքի խոսքի» ղեկավար Արթուր Սիմոնյանը ցույց է տրվում որպես վատ համբավով հայտնի դերասանուհի Անժելա Սարգսյանի հետ առնչություն ունեցող մեկը, ինչն աղանդի ղեկավարը փորձում է հերքել կամ պահանջում է, որ մենք հերքենք:
Մինչդեռ փաստ է, որ Անժելա Սարգսյանն ունեցել է շատ մտերիմ հարաբերություններ ինչպես Արթուր Սիմոնյանի, այնպես էլ այդ աղանդի հետ, բազմիցս եղել է նրանց ժողովներին, ինչը վկայում է անգամ իր նախկին ամուսինը, եւ ինչն ապացուցվում է բազմաթիվ ֆոտո եւ տեսանյութերով:
Ավելին՝ Անժելա Սարգսյանն անցել է իրենց կրոնական դպրոցը, ինչը նշանակում է, որ աղանդի ավագներից, խմբապետերից կամ կառույցի ղեկավարներից մեկից ստացել է երաշխավորություն, առանց երաշխավորության չէր կարողանա ընդունվել դպրոց: Այդպիսի երաշխավորություն ստանալու համար պետք է ինչ-որ առնչություն, շփում ունենար աղանդի հետ:
Մի խոսքով, բազմաթիվ են ապացույցները, որ Անժելա Սարգսյանն առնչություն է ունեցել աղանդի եւ անձամբ Արթուր Սիմոնյանի հետ: Ավելին՝ Արթուր Սիմոնյանը Անժելա Սարգսյանին ներկայացնում է որպես մի իդեալ, օրինակելի մարդ, որը հասել է իր նպատակներին: Այդ նպատակներին հասնելու կապակցությամբ նշում է, որ կարելի է նրանից օրինակ վերցնել, անգամ հեռուստատեսությամբ հեռարձակվում է, թե մարդիկ ինչպես պետք է վարվեն, որ դառնան այնքան հաջողակ, այնքան կայացած, ինչպես Անժելա Սարգսյանը:
Այսինքն` խոսքը մի անձնավորության մասին է, որը հետագայում հասարակությանը հայտնի դարձավ որպես Հայաստանի, այսպես ասած, առաջին պոռնոաստղ: Գուցե դա նպատակներ կամ իմաստ ունի:
-Ձեր հրապարակումներից հետո Արթուր Սիմոնյանը կամ այդ աղանդի որեւէ ներկայացուցիչ դիմե՞ց ձեզ, հերքում պահանջե՞ց մինչեւ դատարան դիմելը:
-Մինչեւ դատարան դիմելը մեզ ոչ ոք չի դիմել եւ որեւէ առաջարկ չի եղել: Կարծում եմ, տվյալ աղանդի հետապնդած խնդիրը մեր հերքում տալը չէ, այլ այն, որ կոտրվի ԶԼՄ-ների շրջանում իր գործունեության դեմ հանդես եկող ամենահետեւողական օջախը, դա ուրիշներին դաս լինի, դատարաններում նախադեպ լինի, եւ իրենք կարողանան իրենց նախաձեռնած գործը, առանց խոչընդոտների, առանց մարդկանց իրազեկվածության եւ հասարակական կարծիքի բացասական ազդեցության, շարունակել:
-Իսկ, ձեր տեղեկություններով, մեծ, հավակնո՞տ ծրագրեր ունեն:
-Այդ աղանդի գործունեությունը հատկապես հայերի դեմ է ուղղված, որովհետեւ հայերը կրոնական առումով պահպանողական ազգ են, եւ առանձնահատուկ ազգ են: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետեւորդ հայերը չեն ղեկավարվում դրսի որեւէ կրոնական կենտրոնից` ի տարբերություն, օրինակ, աշխարհասփյուռ կաթոլիկների, որոնք ղեկավարվում են Հռոմից, ավետարանականները` այլ տեղից, եւ այլն: Հայերը, նրանց գերակշիռ մեծամասնությունը կրոնական առումով ղեկավարվում են Էջմիածնից: Մեր ազգը, մեր ավանդական կրոնն առանձնահատուկ երեւույթ են անգամ քրիստոնեության մեջ: Այսինքն` նախ պետք է հային մասնատել, բաժանել, տարանջատել, կոտրել այսպիսի տարբեր աղանդների, կրոնական հովիվների, հովիվիկների միջոցով, ստեղծել կրոնական խառնաշփոթ եւ ազգային միասնությանը վերջ տալ, ու եթե դա հաջողվեց, այդ մեխանիզմն արդեն հեշտ եւ երաշխավորված կերպով կաշխատի այլ ազգերի պարագայում:
Երկրորդ. նրանք նաեւ նպատակ ունեն անցնել իշխանության: Մենք ունենք տեղեկություններ, որ Արթուր Սիմոնյանը նպատակ ունի Հայաստանում քաղաքական իշխանություն ձեռք բերել, եւ դա շատ լուրջ, մեծ ծրագիր է:
Սակայն դա էլ դեռ ամենամեծ ծրագիրը չէ: Կա գլոբալ խնդիր, ինչպիսին է Համաշխարհային կրոնի ստեղծումը, որի ճանապարհին Արթուր Սիմոնյանն ընդամենը մի փոքր գործիք, միջոց է: Համաշխարհային կրոնի ստեղծման ուղղությամբ տարվող փորձարկումները եւ աշխատանքները կատարվում են ե՛ւ Հայաստանում, ե՛ւ այլ երկրներում, սակայն, կրկնում եմ, Հայաստանը որպես գլխավոր թիրախ է ընտրված այս գործում:
Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
"Հայոց աշխարհ՞ 28.03.2012թ

