"Մեղադրվող" հայցվորը չներկայացավ նիստին
Արխիվ 12-16"ՄԵՂԱԴՐՎՈՂ" ՀԱՅՑՎՈՐԸ ՉՆԵՐԿԱՅԱՑԱՎ ՆԻՍՏԻՆ
2012թ. մարտի 13-ին, Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում նշանակված էր դատական առաջին նիստը, ըստ հայցի` "Կյանքի խոսք" աղանդի պարագլուխ Ա. Սիմոնյանն ընդդեմ "Իրավունք" եւ "Արգումենտի նեդելի Արմենիի" թերթերի, այսպես կոչված, "Պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը արատավորող տեղեկությունները հերքելուն եւ ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին": Հայցվոր կողմը դատական նիստին չներկայացավ: Ավելորդ չէ նշել, որ հայցվորին ոչ միայն ծանուցագիր էր ուղարկվել դատարանի կողմից, այլեւ "Կյանքի խոսք" աղանդը եւ նրա ղեկավար Սիմոնյանը հրապարակային "ծանուցվել" էին զանգվածային լրատվական միջոցներով, քանի որ "պատասխանողը", այսինքն` "Իրավունքը", հատուկ տեղեկատվություն էր տարածել այդ մասին, իսկ բազմաթիվ լրատվամիջոցներ այն տեղադրել էին:
Ինչպես մեզ ներկայացրեց դատարան եկած ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը` "Իրականում մենք ենք մեղադրող կողմը: Մենք պետք է "Կյանքի խոսք" աղանդի հակահայկական, հակաքրիստոնեական եւ, ես կասեի, հակամարդկային գործունեության հասարակական դատ իրականացնենք: Այս առումով, մեզ համար մի լավ առիթ է տվել Արթուր Սիմոնյանը, երբ մեզ դատի է տվել: Մենք պետք է պաշտպանենք մեր հասարակությունը այդ աղանդի ոտնձգություններից: Պետք է պաշտպանենք մեր քաղաքացիների խղճի ազատությունը, որի վրա բռնանում է "Կյանքի խոսքը": Պետք է պաշտպանենք մեր մանուկների իրավունքները, որոնց ուղեղները փորձում են մանկուց լվանալ "Կյանքի խոսքի" հանրակրթական դպրոցում եւ, այսպես կոչված, հատուկ "մանկական ծրագրերի" միջոցով: Մենք պետք է պաշտպանենք մամուլի ու խոսքի ազատությունը, կարծիք արտահայտելու ազատությունը եւ այլ ժողովրդավարական արժեքները վերոհիշյալ աղանդի ոտնձգություններից: Այնպես որ, այս դատի ընթացքում մենք լինելու ենք իրական հայցվորը, իսկ նրանք դառնալու են իրական պատասխանողը":
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

