«ԱՅԴՊԻՍԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ ՆՄԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ ԿԱ°Մ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ, ԿԱ°Մ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ «ԻՍԿԱՆԴԵՐԻ» ԿՐԱԿՈՑԻ». Սերժ Սարգսյանը պատասխանեց «Իրավունքի» հարցերին
Արխիվ 16-20ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մամուլի ասուլիսը մեկնարկելիս ներկաներին առաջարկեց հարգանքի տուրք մատուցել ապրիլյան քառօրյայի բոլոր մասնակիցներին` ողջերին եւ մահացածներին. «Առաջին հերթին հիշենք Ադամ Սահակյանին եւ Գեւորգ Վարդանյանին: Այսօր նրանց ծննդյան օրն է: Փա՛ռք նրանց եւ մեր երախտագիտությունը նրանց ծնողներին, հարազատներին, մերձավորներին եւ բոլոր նրանց, ովքեր հիշում եւ այսօր էլ նրանց հարգանքի տուրքն են մատուցում»:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսին ներկա էր եւ հարցեր տվեց նաեւ «Իրավունք» թերթի լրագրող Արմենուհի Հակոբյանը.
– Պարոն նախագահ, Ապրիլյան պատերազմի ընթացքում Դուք հանձնարարական տվեցիք մշակել ՀՀ-ի եւ Արցախի միջեւ ռազմավարական փոխօգնության պայմանագրի նախագիծ: Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ փուլում եք այն փոխանցել նոր իշխանություններին, եւ ըստ Ձեզ` ե՞րբ կգա այն ստորագրելու պատեհ պահը:
– Իհարկե, այդ համաձայնագիրը պատրաստ էր, եւ այն գտնվում էր համապատասխան հաստատությունում: Ես կարծում եմ, որ այդպիսի համաձայնագրի ստորագրումը նման է լինելու կա՛մ տեղեկատվական, կա՛մ դիվանագիտական «իսկանդերի» կրակոցի: Ուստի` այն պետք է անել ճիշտ ժամանակին, որպեսզի մենք հավելյալ վտանգներ չստեղծենք: Դրա անհրաժեշտությունը, ես խորապես համոզված եմ, որ լինելու է:
– Պարոն Սարգսյան, ինչպե՞ս կգնահատեք ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից արված առաջարկը, այն է` սառեցնել Ապրիլյան պատերազմի ԱԺ հանձնաժողովի գործունեությունը, եւ Ձեր կարծիքով` ո՞րն է այդ հանձնաժողովի ստեղծման իրական քաղաքական նպատակը:
– Ինչպես տեսաք, ես այսօր չանդրադարձա ո՛չ քաղաքական գործիչների հայտարարություններին, եւ ո՛չ էլ հանձնաժողովի աշխատանքներին: Կարծում եմ, որ այդպես էլ ճիշտ կլինի, որ շարունակենք, որովհետեւ շուտով հանձնաժողովը հրապարակելու է իր եզրակացությունները, եւ մենք տեսնելու ենք` կա՞ այնտեղ քաղաքականություն, թե՞ իրականությունն է նկարագրված: Կարծում եմ, որ այդ ժամանակ այդ հարցերին շատ հանգամանորեն կպատասխանեմ:
Ա. Հ.

