Ռուսները, ամերիկացիները, թուրքերը մեղավոր չեն, որ հայերն իրենց ձեռքով իրենց պատմությունն են ոչնչացնում. Նիկողոսյան
Արխիվ 16-20«Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար, ռուսաստանաբնակ գործիչ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ գնահատմամբ՝ Մայր Հայրենիքը բազմակի ճյուղերով մեծ դերակատարություն ունի Սփյուռքում ձեւավորված հայ համայնքների կյանքում, բայց այդ ճյուղերից հիմնականը, որով Սփյուռքը կապվում է Մայր Հայրենիքի հետ, եկեղեցին է եւ մշակույթը:
- Չունենք որեւիցե մի երկիր, որտեղ հայկական Սփյուռքը եկեղեցի չունենա, եկեղեցին մեր հայ մնալու անձնագիրն է: Եվ չունենք Սփյուռքում մի եկեղեցի, որտեղ չդասավանդվեն Հայոց լեզու, Հայոց պատմություն եւ Հայ եկեղեցու պատմություն: Այս տեսանկյունից այն, ինչ տեղի է ունենում Մայր Հայաստանում հանրակրթական նոր չափորոշիչների հետ կապված, բոլորիս համար անընդունելի է: Կոչ եմ անում Սփյուռքում ապրող հայերին շատ ամուր պահել կապը Հայ Առաքելական եկեղեցու հետ, որովհետեւ եկեղեցին է պահում մեր ինքնությունը: Մինչդեռ այսօր որոշ մարդիկ խոսում են, թե Հայ եկեղեցու պատմություն դասավանդել պետք չի: Մենք հավատացյալ ժողովուրդ ենք եւ ցանկացած ագրեսիայի, պատերազմի, դժվար ժանանակ ամեն ինչ հաղթահարել ենք, երբ միասնական ենք եղել: Բայց երբեք չես կարող հաղթանակ կերտել, եթե հավատք չունես: Մեր պատմության մեջ չկա մի զորավար, որն անհավատ է եղել ու պատերազմ է հաղթել: Զինվորի եւ ցանկացած տեսակ զենքից առավելություն ունի հավատքը եւ եկեղեցին, որովհետեւ մարդիկ կյանք են զոհաբերել ի սեր հայրենյաց, ի սեր հավատո: Ու մենք այսօր մեր պատմությունի՞ց ենք հրաժարվում: Ժողովուրդը պետք է գիտակցի, պետք չէ տաքագլուխների ու ցանցառամիտների խելքին ընկնել, մենք հաղթանակ կերտած ժողովուրդ ենք եւ պետք է դառնանք դեպի մեր հավատքը: Որ օրը, որ րոպեին մեր ժողովուրդը վերադարձավ իր եկեղեցուն, իր հավատքին, այն ժամանակ էլ կդառնա միասնական եւ բոլոր բնագավառներում իր հաղթանակները կկերտի: Բայց քանի դեռ այդ հավատքն ամրապնդված չէ, միշտ դժվար ճանապարհներով ենք անցնելու:
- Պարոն Նիկողոսյան, ակնհայտ է, որ այս կրթական չափորոշիչներով կոնկրետ ապազգային ծրագիր է իրականացվում: Ո՞վ է դրա մեղավորը:
- Այս ամենի դեմը պետք է առնի Հայաստանի ժողովուրդը՝ նույն ՀՀ հպարտ քաղաքացիները: Ռուսները, ամերիկացիները, թուրքերը մեղավոր չեն, որ հայերն իրենց ձեռքով իրենց պատմությունն ու ինքնությունն են ոչնչացնում, ավանդական արժեքներն ու հավատն են վերացնում: Սա անում են հայերը հայերի ձեռքով, սա արվում է Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների կողմից: Երբ ժողովուրդը սա կգիտակցի, այդ ամեն ինչին վերջ կդրվի: Հակառակ դեպքում՝ մեզ դեռ շատ ավելի վտանգավոր ու ծանր օրեր են սպասվում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

