Այնպես չէ, որ Կրեմլից կամ Վաշինգտոնից պետք է գան ու Փաշինյանին հանեն, հայ ժողովուրդը բերել է, ինքն էլ կտանի. Նիկողոսյան
Արխիվ 16-20RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում քննադատել էր ՀՀ իշխանություններին՝ տավուշյան դեպքերի ժամանակ ՌԴ-ից ակնկալիքների համար, ինչը լայն արձագանք գտավ: Դրան հաջորդեց այն, որ երբեմնի խմբագիր, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց պատասխանել Մ. Սիմոնյանի քննադատություններին՝ ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում: Արդյունքում հեռակա «բանավեճը» դարձել է բրազիլական սերիալ, հիմա էլ Մ. Սիմոնյանը հերթական գրառումն է կատարել եւ մեջբերել Նիկոլ Փաշինյանի՝ 2005 թվականին գրած «Մոռանալ «հերոսական անցյալը» վերնագրով հոդվածից մի հատված եւ էլի ամոթանք տվել: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար, ռուսաստանաբնակ գործիչ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ հետ:
- Չեմ ուզում անդրադառնալ Մարգարիտա Սիմոնյան-Նիկոլ Փաշինյան փոխադարձ մեղադրանքներին եւ պատասխաններին, բայց նաեւ չեմ կիսում Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությունը, որովհետեւ այս պահին մեզ պետք չէ ամբողջ տարածաշրջանը խառնել եւ նոր ու ավելորդ լարվածություն ստեղծել պետությունների, ժողովուրդների միջեւ: Եթե Մարգարիտա Սիմոնյանն ասելու բան ունի Նիկոլ Փաշինյանին, թող քննադատի, ամեն մեկս էլ մեր քննադատական խոսքը հնչեցնում ենք տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Մինչդեռ նա ասում է, թե Ռուսաստանը թքած ունի Հայաստանի իշխանությունների, կառավարության վրա: Եթե Մ. Սիմոնյանն է այդպես արտահայտնվում, պատկերացրեք, որ մնացած փորձագիտական շրջանակը շատ ավելի վատ ձեւով կխոսեն, ինչը որեւիցե լավ բանի չի բերի: Ես կողմնակից չեմ հարաբերությունների սրման:
- Պարոն Նիկողոսյան, Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությունները այսքան լայն հնչեղություն ստացան, որովհետեւ նա պատահական մեկը չէ ՌԴ-ում: Ի վերջո, Ձեր գնահատմամբ՝ սրանք նրա՞ մտքերն էին, թե՞, այնուամենայնիվ, կար որոշակի մեսիջ Կրեմլից ուղղված Հայաստանին:
- Մարգարիտա Սիմոնյանի հայտարարություները կարծում եմ՝ իր անձնական կարծիքն է: Ավելին՝ համամիտ չեմ այն միտքի հետ, թե ՌԴ իշխանությունները թքած ունեն Հայաստանի իշխանությունների վրա: Ես նույնպես պատահական մարդ չեմ ՌԴ-ում եւ նույն շրջանակների հետ ես էլ եմ շփվում եւ չեմ հանդիպել նման բարձրաստիճան ռուս պաշտոնյայի, որը կարող էր նույն կերպ արտահայտվել Հայաստանի իշխանությունների մասին: Վերջիվերջո, Հայաստանի իշխանությունները լավն են, թե՝ վատն են, Նիկոլ Փաշինյանը լավն է, թե վատն է, հայերի խնդիրն է:
- Իսկ ո՞րն է իրականում ՌԴ բարձրագույն ղեկավարության դիրքորոշումը հայաստանյան օրվա իշխանության վերաբերյալ:
- ՌԴ բարձրագույն ռազմաքաղաքական իշխանության կողմից պաշտոնապես հայտարարված է, որ իրենց համար ընդունելի է եղբայրական Հայաստանի ժողովդրի կողմից ձեւավորված կառավարությունը: Ինչպե՞ս կարող են թքած ունենալ այդ իշխանության վրա: Իհարկե, այս անցողիկ ժամանակահատվածում տարբեր խնդիրներ են առաջացել, հարաբերությունները բարդացել են, բայց ամենայն անկեծությանբ եմ ասում՝ չեմ ճանաչում որեւիցե ռուս բարձրաստիճան իշխանավորի, որը նման կերպ է արտահայտվել իմ ժողովրդի կողմից ձեւավորված իշխանության հանդեպ: Ինքս էլ թույլ չեմ տա իմ մոտ այդպես արտահայտվեն: Ինձ համար սա անընդունելի է, առավել եւս այս լարված ու ծանր իրավիճակում: Պետք չէ այստեղ խառնել ՌԴ իշխանություններին: Եթե ՌԴ բարձրաստիճան ղեկավարները Հայաստանի իշխանություններին ասելու բան ունենան, ուղիղ կասեն՝ առանց միջնորդների: Այնպես որ, Մարգարիտա Սիմոնյանի կարծիքը միանշանակ չէ եւ ՌԴ պետական դիրքորոշում չէ:
- Ամեն դեպքում, դիրքորոշում է, որի հետ համաձայն էին բավական թվով ռուսաստանաբնակ հայեր, որոնք էլ ստորագրեցին Մարգարիտա Սիմոնյանի հայտարարության տակ: Ի՞նչ կասեք այս մասին:
- Այո, կային մարդիկ, որոնք ստորագրեցին եւ կային մարդիկ, որոնք չմիացան, ինչը բնական էր, այդպես էլ պետք է լիներ: Ես չեմ քննադատում Մարգարիտա Սիմոնյանի ասածներն, ուղղակի, ինձ համար անընդունելի է այս ծանր ու պառակտված իրավիճակում արտաքին լարվածություն ստեղծելը: Բոլորս էլ ունենք կերտած պատմություն, անցած ճանապարհ: Ինքս էլ արժանացել եմ ՌԴ բարձրաստիճան ղեկավարության կողմից գնահատականի եւ պարգեւատրվել եմ, այսօր էլ շարունակում եմ աշխատել, արարել, ստեղծագործել: Ավելին՝ անձամբ ՌԴ նախագահի կողմից պարգեւատրվել եմ ազգերի բարեկամության բարձրագույն շքանշանով, բայց իմ կարգավիճակը միայն եւ միայն ուղղված է հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը: Կապ չունի, թե հայաստանյան իշխանության ղեկին ովքեր են նստած: Ամեն դեպքում, նրանք արտահայտում են ժողովրդի կարծիքը: Երբ ժողովուրդը կփոխի այդ իշխանություններին, ուրեմն՝ ժողովուրդն էլ կորոշի, թե ով է լինելու հաջորդը: Իսկ թե ով ինչ ասաց, ինչ մեսիջ ուղարկեցին, եկեք թողնենք մի կողմ եւ ֆանտազիաների հետեւից չընկնենք: Խնդիրը մեր մեջ է պետք փնտրել եւ գտնել հարցերի լուծման պատասխանները: Այլապես եթե օրեր առաջ Մարգարիտա Սիմոնյանը կամ այլ հայեր էին քննադատում Հայաստանին ու հայ ժողովրդին, հիմա արդեն այլազգիներն են առավոտից իրինուն հայերին քննադատում, սա իմը չէ:
- Այսինքն՝ ստացվում է, որ սա այն միակ հարցն է, որի առումով Դուք պաշտպանո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին:
- Ոչ թե Նիկոլին եմ պաշտպանում, այլ ցանկություն չունեմ միանալու Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությանը: Պետք չէ հրահրել ու բոլորին տրամադրել Հայաստանի դեմ: Սա ոչ թե Նիկոլ Փաշինյանին է դեմ գնում, այլ՝ հայ ժողովրդին: Եթե դրսում սկսում են քարկոծել փաշինյանական կառավարությանը, դրա տակ աշխատում են այլ ուժեր, որոնք ամբողջությամբ ֆինանսավորվում թուրքական լոբինգի կողմից: Արդյունքում վարկաբեկվում է ամբողջ հայ ժողովուրդը: Մարագարիտա Սիմոնյանն իր կարծիքն ասաց, քաշվեց մի կողմ, իսկ հիմա ով տեղից վեր է կենում, ինչ ասես ասում է ու հայերի վրա «ցեխ է շպրտում»: Բա ո՞ւր են, ռուսական էլիտայից պաշտոնյա կա՞ խոսացող այդ ոճի մեջ, իհարկե՝ ոչ: Խոսացողները փորձագիտական շրջանակներում են, նրանք էլ ուղղորդվում եւ ֆինանսավորվում են տարբեր աղբյուրներից:
- Անկախ Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությունից, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայ-ռուսական հարաբերություններն առաջվանը չեն եւ կան խնդիրներ, ինչի մասին փաստեցիք նաեւ Դուք: Ելքը ո՞րն է:
- ՌԴ բարձրագույն ղեկավարությունը փորձում է համագործակցության եզրեր գտնել: Բայց խնդիրը ՀՀ կառավարությունում եւ Ազգային ժողովում իշխանության եկած անձանց մեջ է, որոնք նախկինում ունեցել են հակառուսական հայացքներ եւ հիմա հայտնվել են իշխանության ղեկին: Դրա համար էլ առաջացել է դիսկոնֆորտ ե՛ւ ռուսական, ե՛ւ հայկական կողմում: Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը շատ արագ որոշում պետք է կայացնի եւ կառավարության մեծամասնությանը պետք է ազատի իրենց զբաղեցրած աթոռներից: Նա պետք է ազատվի այն մարդկանցից, որոնք ստեղծում են այս նեգատիվ մթնոլորտը, որն ամբողջությամբ ազդում է հայ ժողովրդի վրա: Հակառակ դեպքում՝ Փաշինյանի կառավարությունը երկար չի կարող աշխատել: Այնպես չէ, որ Կրեմլից, Վաշինգտոնից պետք է գան ու Նիկոլ Փաշինյանին հանեն, տեղը չգիտեմ ում դնեն, հայ ժողովուրդը բերել է, ինքն էլ կտանի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

