Մի՞թե բժշկական համայնքը շարունակելու է հանդուրժել այս ամենը. Գեւորգ Թամամյան
Արխիվ 16-20«Ինֆեկցիոնի հարգելի բժիշկներ, բուժքույրեր եւ ամբողջ անձնակազմ, որ վերջին կես տարին պայքարում եք առաջնագծում, օրուգիշեր, տունուտեղ մոռացած... Մարդիկ, որ դարձել են համավարակի դեմ պայքարի խորհրդանիշները: Հիմա կարդում եմ ձեր գրառումները, ու անխտիր բոլոր գրառումներն ափսոսանք են արտահայտում, ցավ ու զայրույթ` Մհեր Դավիդյանցի հեռանալու կապակցությամբ։
Համոզված եմ՝ բոլորի համար պարզից էլ պարզ է, սա ում ձեռքի գործն է։ Պարզից էլ պարզ է, որ իր սեփական շողքից վախեցող առողջապահության «պատասխանատուն», պիտի սկսեր ազատվել այն մարդկանցից, ովքեր տեղյակ են համավարակի ընթացքում իր «քաջագործություններից» եւ իր համար վտանգ են ներկայացնում։ Հիմա հարցն այլ է` մի՞թե բժշկական համայնքը շարունակելու է հանդուրժել այս ամենը: Մի՞թե բժշկական համայնքը կրկին չի կարողանալու համախմբվել: Մինչեւ ե՞րբ: Ժամանակն է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցը համախմբվի ու իր վճռական խոսքն ասի», - այս մասին գրում է Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ամբիոնի վարիչ ԳԵՎՈՐԳ ԹԱՄԱՄՅԱՆԸ :
Հիշեցնենք, որ «Նորք ինֆեկցիոն-կլինիկական հիվանդանոցի» տնօրեն Մհեր Դավիդյանցը երեկ արտահերթ ժողով է հրավիրել հիվանդանոցի անձնակազմի հետ։ Նա մասնավորապես տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ եւ ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում։ Իր խոսքում պարոն Դավիդյանցը խորին շնորհակալություն է հայտնել ողջ անձնակազմին՝ 2 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար, եւ հատկապես այն ահռելի աշխատանքի, որը կատարել է «Նորք» ԻԿՀ-ը անձնակազմը COVID 19 համավարակի շրջանում։

