Թուրք կանայք բողոքի ակցիաներ են անցկացրել երկրի ամբողջ տարածքում` ընդդեմ Թուրքիայի՝ «Ստամբուլյան կոնվենցիայից» դուրս գալու (լուսանկարներ)
Արխիվ 16-20Օգոստոսի 5-ին Թուրքիայի ամբողջ տարածքում կանայք բողոքի ակցիաների են դուրս եկել ընդդեմ Անկարայի` գենդերային բռնության վերաբերյալ եվրոպական պայմանագրից («Ստամբուլյան կոնվենցիա») դուրս գալու: Այս մասին գրում է CNN-ը:
Ցուցարար կանայք իրենց հավանությունն են տվել «Ստամբուլյան կոնվենցիա»-ին և բացականչել են «Ընտրությունը մերն է, որոշումը մերն է, գիշերը մերն է, փողոցը մերն է»:
Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայում Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա»-ն, որն առավել հայտնի է «Ստամբուլյան կոնվենցիա» անունով, հասարակական բանավեճերի առիթ է դարձել:
Օգոստոսի 5-ի ցույցերին կանայք իրենց ձեռքերում պաստառներ են պահել, որոնց վրա գրված է եղել «Ստամբուլյան կոնվենցիան ծնվել է կանանց արյունից» և «Մենք թույլ չենք տա կանանց սպանություններ իրականացնել»:
2020 թվականին Թուրքիայում 205 կին է սպանվել: Ցուցարարների տվյալներով` 2019 թվականին ընտանեկան բռնության հետևանքով Թուրքիայում սպանվել է 417 մարդ:
Թուրքիայում «Ստամբուլյան կոնվենցիայի» քննադատները հղում են անում այն բանին, որ կոնվենցիան խարխլում է ընտանեկան արժեքները, ներմուծում է արևմտյան արժեքներ և ԼԳԲՏ համայնքի քարոզ է անում:





