Բեյրութի հիվանդանոցները լեփ-լեցուն են նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո
Արխիվ 16-20Լիբանանի առողջապահության նախարար Մուհամեդ Հասանը հայտարարել է, որ Բեյրութի հիվանդանոցները լեփ-լեցուն են Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածներով, եւ պահանջել է վիրավորներին տեղափոխել Լիբանանի մայրաքաղաքի սահմաններից դուրս գտնվող հիվանդանոցներ։ Այս մասին հայտնել Է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:
«Բեյրութի հիվանդանոցները լեփ-լեցուն են, պետք է վիրավորներին տեղափոխել Բեյրութի սահմաններից դուրս գտնվող հիվանդանոցներ»,- ասել է Հասանը:
Սակայն, ինչպես «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի թղթակիցը հաղորդում է Բեյրութի խոշորագույն հոսպիտալից, շտապօգնության մեքենաները տուժածների հետ շարունակում են ժամանել հոսպիտալ, որտեղ քաոս եւ խառնաշփոթ է նկատվում: Ընդ որում, պաշտոնյաները տեղեկություններ չեն տրամադրում պայթյունի հետեւանքով զոհվածների եւ վիրավորների թվի մասին:
Հիշեցնենք, որ հզոր պայթյուն է տեղի ունեցել Բեյրութի նավահանգստում՝ այսօր երեկոյան։ Նահանգապետի տվյալներով ՝ տուժել է քաղաքի շենքերի կեսը, իսկ հիվանդանոցները լեփ-լեցուն են մեծ թվով տուժածներով: Լրատվամիջոցները հայտնում են առնվազն 10 զոհի մասին։ Երկրի ընդհանուր անվտանգության ծառայության ղեկավար գեներալ Աբբաս Իբրահիմը հայտարարել է, որ նախնական տվյալներով պայթուցիկներ են պայթել, որոնք երկար ժամանակ պահվում էին նավահանգստում: ՆԳՆ-ում հայտարարել են, որ պայթյունի ճշգրիտ պատճառը դեռ պետք է պարզվի:

