Մենք չենք լռելու. Աչաջրի ծննդատան տնօրեն
Արխիվ 16-20Ժամեր առաջ տեղեկացանք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կասեցրել է Աչաջուր համայնքի ծննդատան աշխատանքը: Այս մասին գրել էր բուժհաստատության ղեկավար Կորյուն Վարդապետյանը, տեղեկացնելով հետևյալը.
«Սիրելի տավուշցիներ ուզում եմ Ձեզ տեղեկացնել,որ այսօր 31/07/2020 Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից ստացված հրամանի համաձայն կասեցվել է Աչաջրի Առողջության կենտրոնի՝ Մանկաբարձական տեսակով զբաղվելու իրավուքը(Աչաջրի ծննդատունը)։Ելնելով տրված հրամանից ,որպես բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ ես այլևս չեմ կարող իրականացնել իմ մասնագիտական գիտելիքները և ունակությունները Աչաջրի Առողջության կենտրոնում։Այս պահին քննարկվում է որպես մանկաբարձ-գինեկոլոգ իմ հետագա գործունեության իրականումը ՀՀ այլ տարածաշրջանում գտնվող առաջատար կլինիկաներից մեկում:
Ծննդատան գործունեությունը չկասեցնելու նպատակով ես հնարավորինս պայքարեցի,սակայն ապարդյուն..............»։
Iravunk.com-ը կապ հաստատեց բուժհաստատության ղեկավար Կորյուն Վարդապետյանի հետ, որոշ հարցեր պարզելու նպատակով:
Մեր այն հարցին, թե ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, նախարարության որոշմանն ընդդիմանալու համար, տնօրեն Վարդապետյանն ասաց հետևյալը.
«Մենք չենք լռելու: Հիմա այդ մասին Տավուշի մարզպետարանում քննարկումներ են ընթանում, տեսնենք ինչ արդյունքի կհասնենք, որից հետո էլ պարզ կլինեն մեր հետագա անելիքները:
Խնդիր կա հասկանալու, այն օրինական հրաման է, թե՞ անօրինական: Իսկ այս պահին այլ բան ասել չեմ կարող»,֊ եզրափակեց բժիշկը:
Հայկ Գևորգյան

