Դուշանբեի տխրահռչակ «վերելակը» մեզ դեռ շատ հարվածներ է տալու
Արխիվ 16-20Այս օրերին ՀՀ պաշտոնական արտաքին քաղաքականությունը փորձում է քայլեր կատարել՝ հայ-ադրբեջանական շփման գծում վերահսկողության եւ խախտումների դեպքում՝ հետաքննության մեղանիզմների համակարգի ներդրման ուղղությամբ։ Այսինքն, որ օրակարգ վերադառնան Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Մասնավորապես այդ ուղղությամբ քայլ էր ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի հոդվածը «Newsmax» կայքում, որտեղ նա, անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանային վերջին բախումներին, դրանց բացառումը կապում է նման մեխանիզմների ներդրման հետ։ «Միջազգային հանրությունը պետք է աջակցի միջնորդների գործունեությանը եւ ճնշում գործադրի ավելի վերահսկելի վստահության մեխանիզմների, ներառյալ՝ հետաքննության մեխանիզմների ներդրման համար, որոնք կօգնեն պահպանել հրադադարը»:
Սակայն մեր արժանահավատ աղբյուրը տեղեկացնում է, որ անգամ ՀՀ ԱԳՆ-ում որեւէ հույս չունեն, որ այս նախաձեռնությունը կհաջողվի։ «Պարզապես Փաշինյանից եկել է նման հրահանգ, եւ ԱԳՆ-ն, թեեւ հասկանալով, որ սա Հայաստանի խարխլված բանակցային դիրքերի պատճառով որեւէ հետեւանի չի հանգեցնի, այնուամենայնիվ ցույց են տալիս, թե ինչ-որ քայլեր այդ ուղղությամբ անում են»,- նշեց աղբյուրը։
Պատճառն էլ հասկանալի է․ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները քաղաքական օրակարգից դուրս մնացին Դուշանբեի տխրահռչակ «վերելակային պայմանավորվածությունների» արդյունքում։ Այն ժամանակ Նիկոլը պատրաստվում էր գրավել ՀՀ ԱԺ-ն՝ ներքին դիրքերն ամրացնելու համար։ Իսկ մյուս կողմից, ինչպես Մինսկի խմբի այնպես էլ՝ Բաքվից կար ծանր ճնշումներ՝ արցախյան բանակցությունները վերսկսելու համար։ Դուշանբեում Նիկոլը հրաժարվելով Վիեննայի եւ Սանկտ պետերբուրգի պայմանավորվածություններից (դրանք պաշտոնապես փոխարինվեցին Ալիեւ-Փաշինյան ուղիղ կապի միջոցով օպերատիվ կերպով միջադեպերը հարթելու ոչ մի երաշխիք ու հիմք չունեցող տեսլականով), ինչպես նաեւ՝ Նախիջեւանի սահմանների ուղղությամբ Բաքվին ազատություններ տալու գնով, հասավ նրան, որ Բաքուն համաձայնեց՝ միառժամանակ շատ չպնդել բանակցություններն ակտիվացնելու հարցով եւ զերծ մնալ սահմանային սրացումներից։ Իսկ ահա ՄԽ-ին մնում էր ընդունել այդ փաստը՝ «դուք եք պայմանավորվել, հետեւանքներն էլ կմնա ձեր վրա» սկզբունքով։
Բայց ահա, այս տարեսկզբից սկսած Ալիեւն ակտիվորեն ակնարկում է, որ Դուշանբեի էջը փակված է ու պետք է անցնել «առարկայական բանակցությունների»։ Իսկ տավուշյան դեպքերը եկան հուշելու, որ ռազմական գործոնը եւս վերադարձել է օրակարգ։ Համանախագահ երկրներն էլ, ու հատկապես՝ ՌԴ-ն պարզ հասկանում է, որ շեշտակի աճել է պատերազմի վտանգը, որը թույլ չտալու դիվանագիտական մեթոդները, գոնե Տաավուշում, չգործեցին, եւ Մոսկվան ստիպված էր անցնել ուժի ցուցադրման մեթոդին՝ Ռուսաստանի հարավում սկսելով մասշտաբային զորավարժանքներ։ Բայց ամեն անգամ զորավարժանք չես անի, մի պահ դա էլ կարող է չգործել, եւ ակամա կարող ես ներքաշվել մեծ պատերազմի մեջ։ Միակ տարբերակն ակտիվ բանակցային գործընթացին վերադառնալն է, եւ այս հարցում բուռն ճնշումներն ակնհայտ են։ Արդյունքում, Նիկոլը հայտնվել է նույն կոտրած տաշտակի առաջ․ բանակցությունների մտնելը, նշանակում է համաձայնել ՄԽ-ի՝ հայտնի 3 կոտից եւ 6 տարրից բաղկացած օրակարգային առաջարկի հետ։ Չմտնելն էլ տանում է, որ կարող ես շատ արագ հռչակվել բանակցոթյունները գիտակցաբար տապալող, ագրսոր, որի տակից դուրս չես գա։
Բանակցությունները հետաձգելու միակ տարբերակը մնում է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին վերադառնալը։ Այն հաշվարկով, որ սահմանային վերահսկողության մեխանիզմներին վերադառնալ Ադրբեջանը ոչ մի դեպքում չի համաձայնվի, իսկ ահա հայաստանյան բանակցողները կպնդեն, որ քանի դեռ սահմանը կայուն չէ, չեն բանակցելու։ Այնպես, ինչպես հայկական կողմն արեց ժամանակին՝ ապրիլյան պատերազմից հետո, եւ հենց դա էլ հանգեցրեց համանախագահ երկրների պարտադրանքով՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների ընդունմանը։ Միայն թե, ինչպես նաեւ, ինչպես մեր հիշատակված աղբյուրն էլ տեղեկացրեց, ՀՀ ԱԳՆ-ում պարզ հասկանում են, որ իրավիճակը միանգամայն այլ է, ինչ 2016թ․-ին։ Այն ժամանակ համանախագահ երկրները քառօրյա պատերազմի ծագումնաբանության մասով որեւէ կասկած չունեին, կուլուարային քննարկումներում միանշանակ մեղադրում, էին Բաքվին, եւ հենց դրա արդյունքում էլ չբանակցելու հայաստանյան թեզը համարում էին արդար եւ ընդունելի։ Այս պահին, թեեւ հրապարակավ փորձում են հավասարության նշան դնել, սակայն կուլուարային քննարկումներում, ինչպես աղբյուրը փոխանցեց, առնվազն միանշանակ չեն համարում, թե ինչից նոր բախումը սկսվեց։ Եվ հաջորդը․ մեր բանակցողների առաջ դնում են նաեւ մոտավորապես հետեւյալը՝ «Դուք որոշեցիք Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից հրաժարվել, հիմա ի՞նչ եք ուզում։ Վերադառնալ նույն կետի՞ն, երբ Դուշանբեի պայմանավորվածություններից ուզածներդ ստացաք։ Մեզ ձե՞ռք եք առնում, թե՞ հիմարի տեղ եք դրել»։
Մի խոսքով, «Վիեննային եւ Սանկտ Պետերբուրգին վեջադառնալով նոր թայմ աուտ ստանալու նիկոլյան ծրագիրը ՀՀ ԱԳՆ-ն էն գլխից է համարում ձախողված», ավարտեց մեր աղբյուրը։
Քերոբ Սարգսյան

