ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ, ՁԵՐ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՈՒԺԵՂԻ ԿՈՂՄՆ Է
Արխիվ 16-20«Իրավունքը» շարունակում է անդրադառնալ հասարակությանը հուզող խնդիրներին, բարձրաձայնել անարդարության դեմ դժգոհությունները: Այս անգամ «Իրավունքի» խմբագրություն է դիմել Արարատի մարզի Այգեզարդ համայնքի բնակիչ, անասնապահ ՆՎԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ, ով հիասթափված է արդարադատությունից եւ իրավապահ մարմիններում գտնվող բարձրաստիճան պաշտոնյաների կրավորական կեցվածքից: Մեր զրուցակցի խոսքով.
- Դեռեւս 2018թ.ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումում հայտնել եմ, որ կորցրել եմ իմ 2 ձիերը` յուրաքանչյուրը 700.000 ՀՀ դրամ արժողությամբ` հայտնելով, որ դրանք գողացված են: Մի քանի օր անց ոստիկանության աշխատակից Դավիթ Պետրոսյանը ինձ հայտնել է, որ գողությունը կատարել է փեսաս` Նարեկ Այվազյանը, ինչի պատճառով ստիպված հրաժարվել եմ բողոքից` հայտնելով, որ գտել եմ կորսված ձիերը: Հետագայում իմանալով, որ Արարատի մարզային վարչության ոստիկանության աշխատակից Դավիթ Պետրոսյանը, (ով այն ժամանակ Արտաշատի ոստիկանության պետի տեղակալն էր, այսօր արդեն պետը), ինձ գցել է թյուրիմացության մեջ, որ իբր իմ փեսան է գողացել ձիերը, սակայն իրական մեղավորներին օգնել է պատասխանատվությունից խուսափել, բողոք եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: Այդ բողոքը մակագրել է ՀՔԾ-ն: Ես գործով տուժող եմ ճանաչվել: Սակայն քննիչի կողմից կայացվել է որոշում՝ քրեական գործով վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Գտնելով, որ քննիչը թերի գործողություններ է կատարել եւ գործը օբյեկտիվ չի քննել, բողոքարկել եմ դատախազին, մերժվելուց հետո` ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը բավարարել է իմ բողոքը, որի վերաբերյալ դատախազը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազի բողոքը, որն էլ հետագայում դատախազը բողոքարկել է ՀՀ վճռաբեկ դատարան: ՀՀ վճռաբեկ դատարանը հետ է վերադարձրել դատախազի բողոքը, որից հետո քրեական գործի վարույթը շարունակվել է: Գտնում եմ, որ քննիչի որոշումն անհիմն է, չպատճառաբանված, կայացվել է թերի նախապատրաստված նյութերի հիման վրա եւ ենթակա է վերացման: Նախ նշեմ, որոշման մեջ քննիչը նշել է, որ «...ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ գծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի կողմից հանցավոր արարքի կատարման փաստը, բացի Ն. Մկրտչյանի ցուցմունքներից, այլ ապացույցներով չի հաստատվել»: Եվ որ «նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորություններն այլեւս սպառվել են…»:
Այս հանգամանքի վերաբերյալ հայտնեմ հետեւյալը` իմ կողմից նախկինում էլ միջնորդություն էր արվել հեռախոսային վերծանումներ կատարելու վերաբերյալ: Թեեւ վերծանումներ կատարվել են, այդուհանդերձ, քննիչը նշել է, որ Դ. Պետրոսյանի հեռախոսահամարից իմ մատնանշած անձանց հեռախոսահամարներին զանգ չի կատարվել, սակայն քննիչը թե՛ նախկինում եւ թե՛ ներկայումս այդ մասին ինձ հարցադրումներ չի կատարել, ես զրկված եմ եղել այդ մասին իմ կարծիքը կամ հեռախոսազանգերի վերաբերյալ ինձ հայտնի այլ տեղեկությունները հայտնելուց: Նման հարցադրումները հնարավորություն կընձեռեին քննիչին՝ ավելի բազմակողմանի քննություն կատարել, որի արդյունքում ձեռք կբերվեին անհրաժեշտ ապացույցները: Նախկին քննիչը իր որոշման մեջ նշել էր, որ մի քանի անգամ Դ. Պետրոսյանը ինձ չի հայտնել դեպքին իմ փեսա Նարեկ Այվազյանի մասնակցության մասին, ընդհակառակը, ես եմ հայտնել նրա մասնակցության վերաբերյալ կասկած: Սա փաստերի խեղաթյուրում է, նա է հայտնել իմ փեսայի կողմից ձիերի գողության փաստը, ես երբեւէ չեմ տվել իմ փեսայի անունը՝ ձիերիս գողության հետ կապված: Եթե ես իմանայի կամ գոնե կասկած ունենայի, որ Նարեկն է ձիերին գողացել, երբեք գողության կամ ձիերիս կորստյան մասին հաղորդում չէի ներկայացնի ոստիկանություն, չէի լարի հարաբերությունները ազգականիս հետ, այլ կփորձեի գողոնը հետ վերադարձնել բանակցությունների միջոցով: Նույնիսկ անտրամաբանական է, որ ես, իմանալով գողությունը փեսայիս կողմից կատարվելու մասին, դիմեի ոստիկանություն, ապա նույնիսկ առանց գողոնը հետ ստանալու՝ բողոքս հետ վերցնեի: Ակնհայտ է, որ նախկին քննիչի կողմից փաստերը խեղաթյուրվել էին, որը կրկնում է ներկայիս քննիչը: Բացի այդ, քննիչը որոշման մեջ նշել է, որ ես հաստատել եմ, որ Դ. Պետրոսյանը ինձ չի հայտնել Նարեկ Այվազյանի` գողությանը մասնակից լինելու մասին: Սա բացարձակ սուտ է, ես պնդում եմ, որ Նարեկի անունը տվել է հենց Դ. Պետրոսյանը, հայտնել է, որ Նարեկն է գողացել ձիերս, ինչի պատճառով ես բողոքս հետ եմ վերցրել: Նույնիսկ անտրամաբանական է, որ ես դիմեի Նորայր Այվազյանի օգնությանը՝ իմանալով, որ գողություն կատարել է նրա հարազատ եղբայր Նարեկը: Քննիչի որոշման այս դրվագը չի համապատասխանում իրականությանը: Ես մինչ օրս կասկած ունեմ, որ Դ. Պետրոսյանը հանցավոր համաձայնության է եկել իմ ձիերը գողացողի կամ գողացողների հետ եւ նրանց արարքը քողարկելու համար ինձ թյուրիմացության մեջ է գցել, որպեսզի ես հրաժարվեմ բողոքից: Ես Դ. Պետրոսյանին հայտնել էի այն մասին, որ Գեւորգ Խեչումյանը եւ Ռուստամ Խաչատրյանը եկել էին իմ տուն, հայտնել, եւ ես էլ հայտնել եմ, որ որ ձիերս գողացել է Հ. Խեչումյանը: Նրանք ինձանից ժամանակ էին խնդրել կա՛մ գողոնը վերադարձնելու, կա՛մ դրա գումարը փոխհատուցելու համար: Հայտնել եմ, որ Հրանտ Խեչումյանն է ձիերս գողացել, ավելին, հայտնել եմ, որ նա ինձ ոստիկանության բաժնում ասել է, որ գնանք գյուղ եւ մի ժամվա ընթացքում ձիերիդ գումարը կտամ: Սակայն Դ. Պետրոսյանը, Խեչումյանին հարցաքննելու փոխարեն, կասկած ունեմ, որ նրա հետ հանցավոր համաձայնության է եկել, որպեսզի մեղքը բարդի Նարեկի` փեսայիս վրա:
- Բացի իրավապահներից ՀՀ այլ կառույցների դիմե՞լ եք:
- Դիմել եմ, բայց ապարդյուն: Ճարահատյալ հիմա դիմում եմ լրատվամիջոցին, որպեսզի իմ խնդիրը բարձրաձայնվի, եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը տեղեկանան, որ այսօր էլ ոստիկանության համակարգում կան իրավապահներ, ովքեր հանցավոր համաձայնության են գալիս հանցագործների հետ եւ թույլ տալիս, որ իրական տուժողները իրենց անպաշտպան զգան: Պարոն վարչապետ, Ձեր ցուցումները չեն կատարվում, արդարությունը կրկին ուժեղի կողմն է, օգնեք հասարակ քաղաքացիներիս, որ մենք էլ չբռնենք Սփյուռքի ճամփան:
Պատրաստեց` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ

