ԱՅԴ ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԸ Ի ՎԵՐՋՈ ԴՈՒՐՍ ԿՄՆԱ. ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
Արխիվ 16-20««Հայ գրականություն» առարկայից «հայ» բառը հանելն ուղղակի հանցագործություն է, պետական դավաճանությանը համազոր բան է: Որեւէ մեկը չպետք է վախենա «հայ» բառից, որովհետեւ հայ մնալու համար մենք դարեր շարունակ պայքարել ենք, արյուն-քրտինք ենք թափել: Զուտ մասնագիտական առումով էլ այդ մտահղացումն ուղղակի անգրագիտություն է»: «Իրավունքի» հետ զրուցում, անդրադառնալով «Հայ գրականություն» առարկայից «հայ» բառը հանելուն, այս գնահատականը տվեց Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆԸ, մանրամասնելով.
Այդ կեղծիքը անցկացնելու համար կատարել են երկրորդ անհեթեթությունը
- Լինում է տարբեր ժողովուրդների գրականություն, եւ լինում է համաշխարհային գրականություն, պարզապես գրականություն չի կարող լինել: Դրանից բացի, որպեսզի այդ կեղծիքը, այդ աճպարարությունը իրենք կարողանան անցկացնել, դրա համար կատարել են երկրորդ մեծ խառնաշփոթը եւ անհեթեթությունը: Հեղինակներին ոչ թե ըստ ժամանակագրական ընթացքի են ներկայացնելու, այլ` ըստ ժանրային բաժանման: Դա առողջ բանականությանը հակասող բան է: Ի՞նչ է նշանակում, ասենք, սկզբում բանաստեղծություններ ներկայացնել, հետո՝ պոեմներ, հետո՝ պատմվածքներ: Սա անհեթեթություն է, որը շատ վտանգավոր ենթատեքստ ունի իր մեջ, այն է` հայ գրականությունը կտրել իր պատմական ակունքներից: Հայ գրականությունը ստուգաբանվում է հայ ժողովրդի պատմության շրջանակում: Պատմությունից դուրս ինքնին գրականություն չկա, եւ գրականությունը չի ստեղծվում այսօրվա մի քանի անհայրենիքների միջոցով: Գրականությունը ժամանակի արձագանքն է եւ ստուգաբանվում է իր պատմական զարգացման մեջ, ոչ թե՝ ըստ ժանրային բաժանումների: Էլ չասած, որ զուտ մեթոդական առումով էլի անհեթեթություն է, երբ մի հեղինակը կրկնվում է մի քանի անգամ` տարբեր ժանրի ստեղծագործություններով: Առիթից օգտվելով` պետք է ասեմ, որ չգիտեմ գիտակցված, թե ոնց, բայց պատմության մասնագետներն էլ ահազանգեցին, որ նույնը կատարվել է «Պատմության» հետ: «Հայ ժողովրդի պատմությունը» միասնական ժամակագրությունից կտրվել է: Պատմությունը առանձին դեպքեր, իրադարձություններ չեն, այլ ամբողջական շղթա, եւ բոլոր օղակները մի շղթայի մեջ են ստուգաբանվում: Եվ հանուն «հայ» բառը հանելու, չարժեր երկրորդ էական սխալը կատարել: Պետք է վերականգնել գրականության ժամանակագրական ընթացքը, եւ հայ գրականությունը անվերապահորեն սկսվի Վահագնի ծննդից մինչեւ մեր օրեր: Երկրորդ մեթոդական վտանգավոր փոփոխությունն այն է, որ սա ավելի շատ ընթերցարան, ժողովածու է, քան` դասագիրք: Որովհետեւ դասագիրքը առաջին հերթին պետք է ունենա վերլուծական, բացատրողական բնույթ:
Հասարակությունն այլասերվածներին չի հանդուրժելու
- Պարոն Դեւրիկյան, անդրադառնանք այն հեղինակներին, որոնց պետք սերտեն մեր աշակերտները: Օրինակ` ընտրված են Պրոսպեր Մերիմեի «Կարմենը», Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» ժողովածուն: Ձեր գնահատականը, որպես գրականագետ:
- Ես չեմ ցանկանա կոնկրետ անունների անդրադառնալ, կոնկրետ պիտակավորումներ տալ, որովհետեւ ես վստահ եմ, որ այդ այլասերվածության քարոզն ի վերջո դուրս կմնա: Թող թե՛ դասագիրք կազմողները, թե՛ նրանց հովանավորները իմանան, որ մեր հասարակությունն իր մեջ այնքան կենսական ուժեր ունի, որ այլասերվածներին չի հանդուրժելու եւ դուրս է մղելու: Ընդհանրապես, մեր ելակետային սկզբունքն այն պետք է լինի, որ դպրոցում ոչ միայն բարձր գեղարվեստականություն լինի, այլ դաստիարակչական, քաղաքացիական նկարագիր ձեւավորող ստեղծագործություններ: Շիրազն իր բանաստեղծություններից մեկի մեջ ասում էր, «Ես կայրեմ իմ երգերը, եթե չբուժեն իմ վերքերը»: Սա քաղաքացիական դաստիարակության բարձր դրսեւորումներից մեկն էր:
- Առհասարակ, այս չափորոշիչները մշակողներին ճանաչո՞ւմ եք, որպես մասնագետներ:
- Այս ժողովածուները, որովհետեւ դասագրքեր ես դրանց անվանել չեմ կարող, կազմվել են մի քանի մարդկանց ճաշակով: Մենք պետք է նկատի ունենանք, որ դասագրքերը, հանրագիտարանները ոչ թե անհատական նախասիրություններով են կազմվում, այլ՝ ընդհանրացած: Պետք է խիստ մոտեցում լինի:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

