«ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ» ՓԱՍՏԱՑԻ ԱՋԱԿՑԵԼ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ»
Արխիվ 16-20Հայտնի ռուսաստանյան կրոնագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Ռոման Լունկինը իր`«Բողոքական եկեղեցիների դիրքորոշումը Հայաստանում քաղաքական ճգնաժամի ժամանակ» հոդվածում (https://clck.ru/Py5pv) հաստատում է, որ «Կյանքի խոսքը» ներգրավված է քաղաքական գործընթացների մեջ: Նա նշում է, որ այդ աղանդը «դուրս է եկել մեծ քաղաքական բեմ այնպես, ինչպես Ուկրաինայի բազմաթիվ բողոքական եկեղեցիներ»: Նա նշել է նաեւ, որ «2018 թվականի մայիսյան հեղափոխության ժամանակ «Կյանքի խոսքը» փաստորեն աջակցել է հեղափոխական փոփոխություններին եւ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եկեղեցին անմիջապես ներգրավվել է քաղաքական իրադարձությունների շրջապտույտի մեջ… Կան մի շարք փաստեր քաղաքականության մեջ իր մասնակցության մասին»: Այնուհետեւ, Լունկինը մեջ է բերում Արթուր Սիմոնյանի` 2018 թվականի ապրիլին եւ մայիսին հնչեցրած կոչերը, որտեղ, ըստ Լունկինի, Արթուր Սիմոնյանը կոչ էր անում «մտածել սեփական երկրում փոփոխությունների մասին», ինչպես նաեւ «ոգեւորում էր մարդկանց քաղաքացիական գործողությամբ»: Նա մեջբերում է 2018 թվականի ապրիլի 23-ի Արթուր Սիմոնյանի հետեւյալ խոսքը. «Կասկած չկա, որ ձեր բարձր քաղաքացիական գիտակցությունը երկրի եւ ազգի հանդեպ սրտացավ վերաբերմունքը արժանի են հիացմունքի, եւ ոչ ոք իրավունք չունի պատռել այն, սա վերածնունդ է, վերածնունդ: Հայաստանը այլեւս երբեք չի լինի նախկինը»: Հիշեցնենք, որ դա Սերժ Սարգսյանի հրաժարականի օրն էր ասում Սիմոնյանը: Լունկինը մեջբերում է նաեւ Սիմոնյանի` 2018 թվականի մայիսի 9-ի ելույթի հետեւյալ խոսքերը. «Վերջին ժամանակներս Հայաստանում տեղի ունեցավ այն, ինչը կարելի է կոչել հաղթանակ»:
Իր հոդվածում Լունկինը հղում է կատարում նաեւ քաղաքագետ Ստեփան Դանիելյանին, որը Լունկինի հետ զրույցում նշել է, թե ոչ միայն. «ԿԽ-ն, այլեւ այլ եկեղեցիներ մասնակցել են քաղաքացիական բողոքներին»: «ԿԽ-ի քաղաքական ազդեցության առարկայական մարմնավորը արտահայտվեց կառավարությունում` նոր պաշտոնների եւ եկեղեցու շուրջ սկանդալների տեսքով: Օրինակ` Նիկոլ Փաշինյանն իր օգնական է նշանակել Սոֆյա Նավասարդյանին, որը, ըստ մամուլի, իր կնոջ` Աննա Հակոբյանի անձնական վարսավիրն է: ԿԽ-ի անդամ է նաեւ վարչապետի վարչակազմի գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանը»:
Լունկինը ուշադրություն դարձրեց նաեւ 2018 թվականի հուլիսի 20-ի Արթուր Սիմոնյանի հայտարարության վրա, որտեղ վերջինս նույնացնում է իր եկեղեցին եւ երկրի իշխանություններին, նշելով, որ հարձակումները եկեղեցու վրա «ներկայիս իշխանությունների հեղինակության դեմ նպատակասլաց հարված է»: Ըստ Լունկինի` դրանով «Արթուր Սիմոնյանը անուղղակի հաստատեց եկեղեցու քաղաքական դերակատարությունը»:
Իր հոդվածի ամփոփման մեջ, ընդհանրացնելով Հայաստանում աղանդների գործունեությունը, Լունկինը նշում է, որ նրանց` երիտասարդների հետ աշխատանքի ռազմավարությունը «ենթադրում է երիտասարդության, դեռահասների լայն մասնակցությունը քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական շարժումների եւ քաղաքական ակցիաների մեջ»:
Այսպիսով, ոչ միայն ներսից է պարզ երեւում «Կյանքի խոսքի» մասնակցությունը քաղաքական գործընթացներին, այլ նաեւ դա հաստատում են արտասահմանյան լուրջ գիտնականները, իսկ թե ինչո՞ւ է Լուսյանը փորձում մոլորեցնել հանրությանը, տարածելով կեղծիքներ, թե իրենց աղանդը չի մասնակցում քաղաքական գործընթացներին, արդեն իսկ ակնհայտ է:

