Առաջինը հենց Զարեհ Սինանյանը պետք է հրաժեշտ տա իր պաշտոնին. Խուրշուդյան
Արխիվ 16-20Մինչ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն արձակուրդն է վայելում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրչի մի հարվածով երեկ պաշտոնանկ արեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատակազմից առանցքային 10-ը վարչության եւ բաժնի պետերի: Ովքեր էին նրանք եւ ինչով էին թերացել իրենց աշխատանքում, «Իրավունքը» մանրամասներ պարզեց ՀՀ սփյուռքի նախարարության հիմնադիր Հրանուշ Հակոբյանի 2013-14 թթ.-ի մամուլի քարտուղար, հասարական գործիչ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻՑ:
- Նախ «աշխատակիցներ» բառն անգամ քիչ է, այդ մարդիկ Սփյուռքի նախարարության նվիրյալներն են եղել, որոնց աշխատանքն ակնառու հաջողություններ եւ պտուղներ է տվել Հայրենիքսփյուռքյան կառույցների համագործակցության համատեքստում: Թող կանգնեն ու ասեն, որ Ավանեսյան Կարենը կամ Տարոն Շագոյանը թերացել են իրենց գործում, կամ Նատալի Դանիելյանը եւ Դավթյան Անահիտն այսինչ հարցում ձախողել են` անհնարին է: Այս մարդիկ իրենց կենսագրության լավագույն տարիներն անցկացրել են եւ կշարունակեն անցկացնել Սփյուռքի հետ կապերի եւ տարվող ծրագրերի իրականացման դժվարին ու պատասխանատու աշխատանքների բովում: Նրանք տարիներ շարունակ ուղղակի թրծվել են այս ոլորտում, եւ մի գեղեցիկ օր նրանց զանգվածային հրաժեշտ տալը նշանակում է հարվածի տակ դնել տասնամյակներ շարունակ իրականացված ֆունդամենտալ եւ ծավալուն գործը:
– Սա նշանակո՞ւմ է, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը չի տիրապետում իրավիճակին, երբ իր արձակուրդ եղած ժամանակ նման մեծ փոփոխություններ են կատարվում իր ղեկավարած կառույցում:
– Կարծում եմ` սա նախապես պլանավորած գործընթաց է եղել, եւ արձակուրդով պայմանավորելը փոքրինչ սխալ կլինի: Այստեղ մենք պետք է հասկանանք, թե տվյալ պետական ծառայողների աշխատանքն ինչո՞ւ նպատակահարմար չէ, ինչպե՞ս կբացատրեն եւ այդ բացատրությունը ոչ թե մեզ, այլ Սփյուռքին պետք է տան` Եվրոպայի, Ավստրալիայի եւ այլ ցամաքների, երկրների Սփյուռքի օջախների պատասխանատուներին: Մեր հայրենակիցների խնդիրներն այս վարչությունների շնորհիվ ավելի արագ էր տեղ հասնում, իսկ եթե այդ ամենը ԱԳՆի գործառույթների մեջ է ներառված, ապա հանձնակատարին պահելն էլ արդեն անիմաստ է դառնում: Այս տրամաբանությամբ որ առաջնորդվենք, առաջինը հենց Զարեհ Սինանյանը պետք է հրաժեշտ տա իր պաշտոնին:
– Ի վերջո, այդ աշխատակիցնե՞րն էին մեղավոր, թե՞ Զարեհ Սինանյանը, որ ոչ մի կերպ չի արդարացնում այս կառույցի գործունեությունը, ինչը վկայում է նաեւ աշխատանքից ազատման հրամանագրերի քանակը:
– Կառույցը` կլինի Սփյուռքի նախարարություն, թե հանձնակատարի գրասենյակ, մեծ ներուժ ունի եւ աշխատելու անսպառ ծավալներ: Թյուր կարծիք է, թե այն չի աշխատում, այն ճիշտ չեն աշխատեցնում: Սա է խնդիրը: Չկա կատարած գործունեության գրագետ լուսաբանում, ոլորտների աշխուժացում, միջհամայնքային կապերի ակտիվացում, շահագրգռող ծրագրեր եւ խրախուսական միջոցառումներ: Գրեթե ոչինչ չենք տեսնում: Երբեմնի ժիր ու եռանդուն, բազմազբաղ ու իր կաթսայի մեջ եռացող գերատեսչությունը նմանվում է բակի զրուցարանի, որտեղ հանձնակատարը ժամանակ առ ժամանակ տեսակապով հանդիպում է Սփյուռքի ներկայացուցիչներին: Թե որքանով է այս մեթոդը արդյունավետ 810 միլիոնանոց Սփյուռքի հետ կապերի ամրապնդման գործին, հետեւությունները թողնում եմ Ձեզ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

