ԳՐՈՂՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ
Արխիվ 16-20ՉԳԻՏԵՄ` ԶԱՐՄԱՆԱԼ, ԹԵ` ԶԱՅՐԱՆԱԼ
Վերջերս հասարակությունը վրդովված է այն գրականության դեմ, որ մտցրել են դասագրքերում: Օրինակ. «Ասի տկլորվեմ, մեյդան ընկնեմ ու քո համար վերջին անգամ վառեմ Րաֆֆու կայծերը, էն անկապ երգի մեջի մոմերն էլ հետը, կենացդ խմեմ ես ամբողջ գիշեր ու ոչինչ չասեմ, բայց էնքան խոսեմ, որ քցեն ականջիդ ապահովիչները»… Ո՞րն է այս բանաստեղծության արժեքը: Սրանով թշնամուն ուզում ենք ծիծաղեցնե՞լ մեզ վրա: Արժեքներ ունենք դարերից եկող, որը փորձում ենք անտեսել եւ մեր սերունդներին հակառա՞կը դաստիարակել: Ո՞ւր մնաց հոգեւորը, գեղեցիկը: Չեմ զարմանա, եթե վաղը Մատենադարանն էլ ոմանց պետք չգա եւ որոշեն տեղը սուպերմարկետ կառուցել:
ԵԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՅԻՆ ԸՆԿԱԼԵԼ ՆԱՐԵԿԱՑՈՒՆ, ԵՍ ՇԱՏ ԿԶԱՐՄԱՆԱՅԻ
ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆ ("Գոյ" թատրոնի գեղարվեստական ղեկավար).
– Կարո՞ղ է այդ գրականությունը նաեւ թատրոն մուտք գործել:
– Չէ… Իհարկե, անհեթեթ ներկայացումները բազմաթիվ են, բայց մեզ համար անհամեմատ ավելի նախընտրելի է ՄԵԾ ՆԱՐԵԿԱՑԻՆ, եթե իհարկե հանդգնենք ստանձնել այդ հանճարը... Մեր թատրոնը սկզբունքներ ունի, ի տարբերություն, ինչպես պարզվեց եւ դեռ պարզվելու է, շատ եւ շատ մարդկանց, որոնք ի ծնե հլու գառներ են: Եվ եթե իրենք կարողանային ընկալել Նարեկացուն, ես շատ կզարմանայի:
ԴԱՍԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ ԿԱՐԵԼԻ Է ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵՏՆԵՐԻ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ ԱՆԵԼ
ՍԱՐԳԻՍ ՆԱՋԱՐՅԱՆ (ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան, հաղորդավար, թարգմանիչ).
– Պարոն Նաջարյան, Ձեր կարծիքը հայ գրականության մեծերին դպրոցական դասագրքերից հանելու վերաբերյալ ինչպիսի՞ն է:
– Եթե ես փայլուն գիտեմ Շեքսպիրին, ինչո՞ւ Նարեկացուն, Մաշտոցին եւ ոսկեդարի մյուս գրողների ստեղծագործությունները չիմանամ: Հետագա սերունդը գիտելիքներով հարստանալու փոխարեն պիտի աղքատանա՞: Դա տխուր պատմություն է: Կարծում եմ, որ երիտասարդ սերունդը պետք է կարողանա պաշտպանել մեր անցյալի հոգեւոր արժեքները եւ պահանջի, որ նրանք անպայման դասագրքերում լինեն: Ես ընդհանրապես ցանկին ծանոթ չեմ, բայց եթե նորամուծություն են ուզում անել, համենայնդեպս, դասականները դասական են մնում բոլոր ժամանակներում: Դասականների կողքին կարելի է ժամանակակից պոետների հավելումներ անել, բայց երբեք չմոռանալ եւ չժխտել դասականը: Ո՞նց կարելի է Նարեկացուն, Հ. Սահյանին, Պ. Սեւակին կամ Վ. Դավթյանին եւ նմանատիպ պոետներին դնել մի կողմ:
ԳԱԼԻՍ Է ԱՅՆ, ԻՆՉ ԱՅՍՕՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑ (հայ ռեժիսոր, մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ).
– Պարոն Սահակյանց, Ձեր կարծիքը գրականության նոր կրթական ծրագրի մասին ինչպիսի՞ն է:
– Իմ կարծիքով` դա կոնկրետ նպատակաուղղված պրոցես է, որը որ տեղավորվում է այն բոլոր գլոբալիզացիայի վատ դրսեւորումների մեջ, որոնք կան ամբողջ աշխարհում: Այսինքն` ազգայինը նսեմացնելու, արմատախիլ անելու եւ նորամուծություններով լցնելու: Եվ մեր Կրթության, գիտության նախարարության որոշումը տեղավորվում է հենց այդ ֆորմատի մեջ: Հին եւ հայ ձեւավորող գրականությունը դուրս է գալիս: Եվ գալիս է այն, ինչը որ այսօր ընդունելի է գլոբալիստների կողմից: Այն գրականությունը, որտեղ քարոզվում է բոլոր այս "ժամանակակից" արժեքները: Եվ մենք, ցավոք սրտի, զերծ չենք մնում այն ընդհանուր պրոցեսներից, որոնք կատարվում են: Դա մեր ամենախոշոր պարտություններից է, որպես էթնոս, որպես ազգ, որպես հայ:
ԻՆՉ ԵՆ ՓՈԽԱՐԵՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ... ԱՄՈ՛Թ Է, ԱՄՈ՛Թ
ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆ (հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ցեղասպանագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ).
– Տիկին Սվազլյան, Ձեր կարծիքը հայ գրականության մեծերին դպրոցական դասագրքերից հանելու վերաբերյալ ինչպիսի՞ն է:
– Մենք միշտ հպարտացել ենք մեր երբեմնի մշակույթով, որի շնորհիվ սերունդներ են կրթվել, դաստիարակվել հայրենասիրության ոգով եւ դարձել հայրենիքին արժանի քաղաքացիներ:
Իսկ այժմ, չգիտեմ` զարմանալ, թե` զայրանալ… Հատուկ միտումով թիրախավորել են մեր ոսկեղենիկ հոգեւոր մշակույթի գագաթները, աշխարհի հիացմունքին արժանի դարձած Նարեկացուն եւ մեր այլ իմաստունների ստեղծագործությունները: Եվ ի՞նչ են փոխարենն առաջարկում… Ամո՛թ է, ամո՛թ…
Ուզում են ստեղծել ապազգային, ազգային արժանապատվությունից զուրկ, սոսկ բնազդներով առաջնորդվող մարդանման էակներ… Դա անընդունելի եւ կործանարար է հայ ժողովրդի համար:
Զգաստացե՛ք, պարոնա՜յք…
ՆՊԱՏԱԿՆ Է ՈՒՍՈՒՑԱՆԵԼ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԱՐԺԵՔՆԵՐ
ՔՆԱՐԻԿ ԱՎԱԳՅԱՆ (պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող).
– Ձեր կարծիքը հայ գրականության մեծերին դպրոցական դասագրքերից հանելու վերաբերյալ ինչպիսի՞ն է:
– Մեծ գիտելիք ունենալ պետք չէ հասկանալու համար, որ ներկա "Գրականություն" առարկայի աղճատման նպատակն է ուսուցանել մարդկության վերացմանը նպաստող "արժեքներ"` ապազգայնություն, գլոբալիզացիա, փչացվածություն, բռնություն, սեռափոխություն եւ այլն, եւ այլն:
Եթե այսպիսին պիտի լիներ "ազատ, անկախ, ինքնիշխան եւ հպարտ" Հայաստանի Հանրապետության ուսումնակրթական համակարգը` աղճատված, աղավաղված, թշնամի ուժերին սպասարկող, մասնավորապես` հայ գրականությունն ազգային արմատներից կտրված եւ այլն, ապա որպես պատմաբան, իմ խոսքը հետեւյալն է:
Նման պայմաններում, միանգամայն արդարացված կլինի, որ վերադառնանք խորհրդային արդյունավետ կրթական համակարգին, երբ տասնամյա ուսումնառության ընթացքում ազգային առարկաներն իրոք ազգային էին:
Մասնավորապես` "Հայ գրականություն" առարկան գաղափար էր տալիս մեր պատմիչների գրվածքների, ինչպես նաեւ թե՛ արեւելահայ եւ թե՛ արեւմտահայ գրողների իրապես ազգային եւ համամարդկային արժեք ներկայացնող ստեղծագործությունների մասին` կրթելով հայրենասեր քաղաքացի եւ արժանապատիվ մարդ: Քանի որ, խորհրդահայ իրապես ազգային ոգով դաստիարակված քաղաքացիներն էին, որ մեկ մարդու նման հաղթեցին ֆաշիզմը, ինչպես նաեւ ազատագրեցին մեր պատմական Արցախը:
Նունե Զաքարյան

