Ի՞ՆՉ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՐԵԼ ՊՆ-Ն ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
Արխիվ 16-20Օրեր առաջ «Իրավունք» թերթը գրավոր հարցում էր ուղարկել ՊՆ` մասնավորապես ուղղելով հետեւյալ հարցերը.
– Հարգելի պարոն Տոնոյան, Երկու տարի առաջ Պաշտպանության նախարարությունը նախաձեռնել էր ուսումնասիրել նախկինում տրված բոլոր տարկետումները: «Խոսքը բոլոր տարկետումների մասին է` անկախ նրանից` պաշտոնյայի զավակ է, պաշտոնյայի զավակ չէ, աչքի ընկնող բիզնեսմենի տղա է, թե` ոչե,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Նա հույս է հայտնել, որ ուսումնասիրությունների արդյունքները տեսանելի կլինեն հանրության համար: Ցանկանում ենք տեղեկանալ. Կա՞ն արդեն ուսումնասիրություններ եւ բացահայտումներ` նախկին պաշտոնյաների զավակների հետ կապված վերոնշյալ գործընթացից: Կարո՞ղ եք մեզ տրամադրել ցուցակը: Եթե կան այդպիսիք, արդյո՞ք կան հարուցված քրեական գործեր: Եվ արդյո՞ք ուսումնասիրվում են միայն նախկին պաշտոնյաների զավակներին վերաբերող նմանատիպ գործերը, իսկ ներկա պաշտոնյաների երեխաների, կամ հենց իրենց հետ կապված եւս ուսումնասիրություններ եք կատարում, եթե հաշվի առնենք, որ այդպիսիք քիչ չեն:
Օրեր անց, ի պատասխան մեր հարցմանը, ստացանք հետեւյալ պատասխանը.
– Ի պատասխան 14.07.2020 թ. ձեր գրության` հայտնում եմ, որ Պաշտպանության նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում զորակոչային միջոցառումները, այդ թվում նաեւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումների տրամադրման գործընթացը, որն իրականացվում է ոլորտը կարգավորող օրենքների եւ այլ նորմատիվ-իրավական ակտերի պահանջների համաձայն` անկախ զորակոչիկի պաշտոնյայի զավակ լինելու հանգամանքից: Գործընթացում խախտումների հայտնաբերման դեպքում նախարարությունը համագործակցում է իրավական մարմինների հետ: Միաժամանակ հայտնում եմ, որ հարցման մեջ նշված դեպքերն ուսումնասիրվել են նաեւ ՀՀ զինվորական դատախազության եւ այդ դեպքերով քրեական գործերի հարուցման մասին տեղեկատվություն կարող է տրամադրվել ՀՀ զինվորական դատախազության եւ քննչական կոմիտեի կողմից:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլ բան էր ասում: Մասնավորապես, Փաշինյանը շեշտը դնում էր հենց պաշտոնյաների զավակների վրա, սակայն այսօր ՊՆ-ն այլ պարզաբանումներով է հանդես գալիս: Իսկ այսօր հարցման մեջ, փոխարենը տվյալներ տրամադրելուն, հարցը այս ու այն կողմ են նետում: Կարծում ենք` մեր հարցը բավականին պարզ էր, ներկայացնել տվյալներ, իսկ տվյալներ նախարարությունն ավելի շուտ կարող է ստանալ հենց զինվորական դատախազությունից եւ քննչական կոմիտեից, քան յուրաքանչյուր լրատվամիջոց, քանի որ ստիպված ենք լինում օրերով եւ, ինչու չէ անգամ ամիսներով, մի հարցի պատասխան ստանալու պրոցեսին սպասել: Բացի այդ, նախաձեռնությունը եղել է հենց Պաշտպանության նախարարությանը, ով հանձն էր առել մեկ առ մեկ բացահայտել, թե ովքեր են նախկին իշխանությունների զավակներից խուսափել զինվորական ծառայությունից:
ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

