Հայ-ադրբեջանական լարվածությունը հասավ BBC
Արխիվ 16-20Լոնդոնում` BBC բրիտանական հեռուստառադիո եւ ինտերնետ հեռարձակման խոշոր ընկերության դիմաց ադրբեջանցիները երեկ հակահայկական ցույց էին կազմակերպել: Տեղի հայ համայնքի մասնակցությամբ` նրանց «դիմավորեցին» հայորդիներ` հոգեւորականների առաջնորդությամբ «Հայր մեր» աղոթքով, «Ախթամար» համույթի երիտասարդների խրոխտ հայկական պարերով, նաեւ խաղաղության ու պահանջատիրական կոչերով: Անդրադառնալով հակընդդեմ ակցիային` զրուցեցինք Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի Հայոց թեմի հոգեւորական Արժանապատիվ ՏԵՐ ՆՇԱՆ քահանա ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:
- Կարծում եմ` նախեւառաջ մեր առաջին խնդիրը համերաշխ լինելն է: Համերաշխությունն է մեր գաղտնիքը, մեր ուժը եւ հաղթանակը: Մենք համերաշխ ենք, երբ սիրո մեջ ենք ապրում, երբ Աստծո հավատքի եւ հայրենասիրության մեջ ենք համերաշխ: Այս առումով պետք է ասեմ, որ այս բոլոր ակցիաներն ի վերջո ծառայում են միջազգային իմաստով մեր ձայնը համապատասխան ատյաններին հասցնելու համար: Միեւնույնն է, ի վերջո, վերջին խոսքը դիվանագետներինն է, անգամ ռազմական պայքարը գալիս է դիվանագիտական հողի վրա: Եվ մենք մեր ձայնն ենք բարձրացնում` ասելու, որ պատրաստ ենք պաշտպանել մերը եւ ամեն գնով թույլ չենք տա, որ մեր սրբազան հայրենիքը ոտնահարվի: Այս դեպքում մեր կոչերը հարձակողական չեն, այլ` պաշտպանվողական, բայց եթե չեն ցանկանա խաղաղություն, մենք կպարտադրենք այն:

