«Չվերադառնաս, քանի դեռ չզգաս, որ պատրաստ ես». Քարդաշյանն ընտանեկան ճգնաժամի ֆոնին ամուսնու հետ առաջին հանդիպումից հետո միայնակ է տուն վերադարձել (լուսանկարներ)
Արխիվ 16-20Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու ամուսինը՝ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը, ընտանեկան ճգնաժամի ֆոնին օրերս առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպել են՝ քննարկելու կուտակված բոլոր հարցերն ու խնդիրները: Սակայն Վայոմինգում տեղի ունեցած լարված հանդիպումից հետո Քարդաշյանը միայնակ է վերադարձել Լոս Անջելես, գրում է Daily Mail-ը:
Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ Քիմի և Քանյեի հարաբերություններում այժմ ճգնաժամային պահ է, ինչը պայմանավորված է ռեփերի հակասական պահվածքով, սկանդալային գրառումներով ու կնոջ հասցեին ուղղված վիրավորանքներով:
Նշվում է, որ Քիմը, որը ռեփերի հետ ամուսնությունից ունի չորս երեխա, այժմ փորձում է հնարավոր ամեն բան անել երեխաներին ընտանեկան դրամայից հեռու պահելու համար:
Հայտնի է, որ Ուեսթն արդեն մի քանի շաբաթ առանձնացել է զույգի՝ Վայոմինգում գտնվող ռանչոյում:
Մեկ այլ աղբյուր էլ հայտնել է, որ Քիմն ամուսնու հետ հանդիպման ժամանակ ասել է, որ այնքան ժամանակ Լոս Անջելես չվերադառնա, քանի դեռ չի զգա, որ պատրաստ է դրան:

«Քիմը գիտի՝ Քանյեն Վայոմինգում իրեն հանգիստ է զգում, մինչդեռ Լոս Անջելեսում նա սթրեսի է ենթարկվում: Նա նրան ասել է՝ հետ չվերադառնա, քանի դեռ չի զգա, որ պատրաստ է: Իրականում, կարծում եմ՝ նա փորձում է պաշտպանել երեխաներին, քանի դեռ հոր վիճակը չի կայունացել: Քիմն ամեն ինչ կանի երեխաներին պաշտպանելու համար, նրա համար երեխաներն առաջին տեղում են: Իհարկե, նա երբեք չի արգելի Քանյեին տեսնել երեխաներին: Երկու ծնողն էլ ցանկանում են, որ երեխաները չտուժեն ներկայիս իրավիճակից»,-ասել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ զույգի՝ երկուշաբթի տեղի ունեցած հանդիպման ժամանակ պապարացիները ֆիքսել են այն պահը, երբ Քարդաշյանը, ամուսնու հետ նույն մեքենայում գտնվելով, արտասվում է:

Զույգի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Ուեսթը պատմել էր, որ ինքն ու կինը տարիներ առաջ մտադիր էին հեռացնել իրենց առաջնեկին, սակայն Աստծո կողմից նշան ստանալով՝ մտափոխվել են: Բացի այդ, Ուեսթը Քիմին մեղադրել էր Meek Mill ռեփերի հետ իրեն դավաճանելու համար, ինչպես նաև հայտարարել, որ եթե կինը փորձի իրեն փակի տակ պահել, կբացահայտի Քարդաշյանների ընտանեկան գաղտնիքները: Այս սկանդալային գրառումներից հետո Ուեսթը հրապարակավ ներողություն էր խնդրել կնոջից՝ խոստովանելով, որ նրան մեծ ցավ է պատճառել իր վարքով:

Ավելի վաղ Քարդաշյանը խոստովանել էր, որ ամուսինը տառապում է հոգեկան խանգարմամբ։ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում գրել էր, որ ամուսնու մոտ երկբևեռ խանգարում է, որը հոգեբուժության մեջ հայտնի է նաև որպես մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ։
«Ինչպես գիտեն ձեզնից շատերը, Քանյեն տառապում է երկբևեռ խանգարմամբ։ Դրա հետ մեկտեղ՝ նա փայլուն, բայց բարդ անձնավորություն է։ Ովքեր մոտ են Քանյեի հետ, գիտեն, որ նրա խոսքերը երբեմն չեն համընկնում գործողությունների հետ», - գրել է Քարդաշյանը։
Քարդաշյանն ու Ուեսթն ամուսնացել են 2014 թվականին: Քանյեի հոգեկան խանգարման մասին խոսակցություններն ակտիվացան Քարդաշյանից բաժանվելու մասին նրա գրառումից հետո, որն անմիջապես հեռացվել էր սոցիալական ցանցի նրա էջից, սակայն չէր վրիպել լրատվամիջոցների ուշադրությունից։
Ի դեպ, Ուեսթը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին։


