ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺԱՆՔՆԵՐԸ ԿՎԵՐԱԾՎԵ՞Ն ՊԱՏԵՐԱԶՄԻ
Արխիվ 16-20Եվ այսպես, նախօրեին թուրքական զորքերը մտան Նախիջեւան: Պաշտոնական նպատակը` «Նախիջեւանում Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ լայնամասշտաբ մարտավարական եւ թռիչքային-մարտավարական զորավարժություններն» են, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Միգուցե, առավել եւս, որ սա ամենեւին էլ առաջին նման զորավարժությունը չէ Նախիջեւանում: Բայց այն, որ այս զորավարժությունները հաջորդում են տավուշյան բախումներին, իհարկե, հուշում են, որ պաշտոնականից զատ, կան այլ ծրագրեր եւս:
ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԸ
Անշուշտ, Էրդողանն էլ է քաջ գիտակցում, որ նման «այլ ծրագրերի» առկայության մասին կմտածեն նաեւ Մոսկվայում: Եվ այն, որ զորքերը Նախիջեւան մտցնելուն զուգահեռ, Էրդողանը զանգահարեց ՌԴ նախագահին, իհարկե, պատահական չէ: Այն նախնական տպավորությունն է, որ Էրդողանն այդպիսով փորձում էր Պուտինին հավաստիացնել, թե այդ զորավարժանքներով նա հակառուսական ծրագրեր չի հետապնդում: Դա է ակնարկում նաեւ այդ հեռախոսազրույցի մասին Կրեմլի մամուլի ծառայության տեղեկատվությունը, որ իրոք՝ հիմնականում քննարկվել է հարավկովկասյան, այդ թվում՝ հայ-ադրբեջանական պետական սահմանի շրջանում իրավիճակը: Ու միաժամանակ Վլադիմիր Պուտինը «ընդգծել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողությունների բացառման կարեւորությունը»: Սա ակնարկ է, որ Մոսկվան հետեւում է իրավիճակին եւ Անկարային զգուշացնում է՝ ավելորդ խաղեր չսկսել: Իհարկե, հնարավոր է նաեւ այն տարբերակը, որ Էրդողանը անտեսի Պուտինի ուղիղ նախազգուշացումը եւ որոշի զորավարժություններից սահուն կերպով անցնել պատերազմի: Առավել եւս, որ թուրք-ադրբեջանական այդ զորվարժություններն ունեն այս պրակտիկ տեսքը. ավիացիոն հատվածը անցկացվում է Ադրբեջանի արեւմտյան հատվածներում՝ Արցախին եւ ՀՀ սահմաններին զուգահեռ: Ցամաքային մասը Նախիջեւանում է: Այսինքն, զորավարժությունները երկու ուղղությամբ ակցանի մեջ են առնում Հայաստանը, ինչը ակնարկ է, որ պատերազմի դեպքում եւս մեր երկիրը կհայտնվի կրկնակի հարվածի մեջ: Բայց հենց այդպես էլ կարող էր տեղի ունենալ, եթե չլիներ մեկ կարեւոր գործոն՝ ՌԴ հայաստանյան ռազմաբազան եւ նրա թիկունքին կանգնած ՌԴ հարավային ռազմական օկրուգը: Իսկ այդ մեծ զորախումբը, ինչպես ցույց տվեցին ռուսական վերջին զորավարժանքները, կարող է եւ պատրաստ է Հայաստանից զատ արագորեն ներկայություն ապահովել նաեւ Ադրբեջանում: Այսինքն, Մոսկվան դրանով պարզ ակնարկեց, որ իր շահերի գոտի է համարում ողջ հարավկովկասյան տարածաշրջանը, ոչ թե միայն Հայաստանը, եւ պատրաստ է Ադրբեջանը թողնել Անկարայի հոգածությանը: Այսինքն, որ Թուրքիայի ցանկացած հարձակում, ցանկացած ուղղությամբ, կընկալի` որպես ՌԴ շահերին ուղղված հարված: Այսինքն, սկսելով զորավարժանքները, Էրդողանը պետք է հենց այդ հանգամանքը հաշվի առնի, եթե հանկարծ մտածի հարձակման անցնելու մասին: Առավել եւս, որ այս ամենին զուգահեռ, ԱՄՆ ներկայիս վարչակազմ մոտեցումները ներկայացրեց Մինսկի Խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը. «Կարծում եմ՝ Հարավային Կովկասը, Հայաստանին ու Ադրբեջանին առնչվող հարցերը առաջնային չեն դիտարկվում...»: Սա պարզ ակնարկ է, որ հարավկովկասյան ուղղությամբ պատերազմի մեջ մտնելու դեպքում Էրդողանը հազիվ թե հույսեր փայփայի, որ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն կշտապեն օգնության: Իսկ մյուս կողմից Իրանն է լուրջ անհանգստության նշաններ ցույց տալիս թուրքական զորավարժությունների առնչությամբ: Միաժամանակ Իրանը բուռն պայմանավորվածությունների մեջ է Չինաստանի հետ, մինչեւ իսկ կան խոսակցություններ՝ Իսլամական Հանրապետությունում չինական բազա տեղադրելու մասին: Այս ամենը վերաբերում է «Մետաքսի ճանապարհին», այսինքն հենց Չինաստանն է լրջորեն շահագրգռված, որ տարածաշրջանում ցնցումներ չլինեն: Ու սա նույնպես Էրդողանը չի կարող «ականջի հետեւ» գցել:
ՍՊԱՍԵՆՔ ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ
Արդյունքում, ըստ կրեմլյան նույն հաղորդագրության, Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը շարունակվել է այս հունով. «Երկուստեք շահագրգռվածություն է հայտնվել հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով, բանակցությունների միջոցով լուծելու հարցում: Պատրաստակամություն է հայտնել համակարգել ջանքերը՝ տարածաշրջանում կայունացման նպատակով: Առաջնորդներն ընդգծել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման անայլընտրանք չունենալը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա՝ ի շահ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների»:
Կոպիտ ասած, Էրդողանը Պուտինի նման նախազգուշացումից հետո պատասխանել է՝ «Լավ, իսկ ի՞նչ ենք անում մեր Ալիեւի հարցով»: Պատասխանը, ըստ էության, հետեւյալնէ՝ «Մենք արդեն առաջարկել ենք փոխզիջումային՝ «ի շահ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների» լուծման տարբերակ, մնում է, որ կողմերը համաձայնվեն»: Եվ ահա այստեղ է, որ թուրք-ադրբեջանական զորավարժանքները նոր իմաստ են ստանում: Այսպես, ՌԴ-ից եւ ՄԽ-ից այս օրերին հնչել են արցախյան գործընթացն ավարտին հասցնելու անհրաժեշտության մասին միանշանակ հայտարարություններ: Ընդ որում, Ուորլիքը, խոսելով հարավկովկասյան տարածաշրջանում ԱՄՆ-ի առաջնային հետաքրքրությունների բացակայության, այսինքն՝ տարածաշրջանում ՌԴ-ի հետ առանձնակի վեճեր չունենալու մասին, նաեւ ցույց տվեց, որ խոսքը նաեւ արցախյան գործընթացի մասին է: Ըստ նրա, ԱՄՆ-ն ընդամենը չի ցանկանում «տարածաշրջանում քաոս տեսնել` բազմաթիվ պատճառներից ելնելով»: Դրա կարեւոր նախապայմանն է արցախյան հանգուցալուծումը, եւ այդ ուղղությամբ էլ «ԱՄՆ-ն, ՌԴ-ն ու Ֆրանսիան սերտ համագործակցում են»՝ առաջին ջութակահարի դերը Մոսկվային հանձնելով: Դատելով Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի մասին Կրեմլի ներկայացրածից` Էրդողանը եւս համաձայն է նույն դաշտում խաղալ: Ընդ որում, այստեղ տրամաբանություն էլ կա: Այս պահին Էրդողանը դեպի Ադրբեջան ցամաքային կապի ստեղծման գործնական հնարավորություն չունի. եթե անգամ խաղի մեջ քաշեն ԼՏՊ-ի` «Պատերազմ, թե՝ խաղաղություն» սկզբունքը, ապա Մոսկվան պարզ ցույց տվեց, որ ունի միջոցներ՝ իրավիճակը սեփական վերահսկողության տակ առնելու համար, եւ որ ամենակարեւորն է, կգործադրի դրանք: Մոտավորապես, ինչպես 2008թ.-ին էր՝ Աբխազական պատերազմի ժամանակներոմ, երբ նույն հարցն էր՝ Մոսկվան ռազմական միջամտություն կցուցաբերի՞, եւ ցուցաբերեց: Իսկ եթե ամբողջը ստանալու շանս Էրդողանը չունի, ապա արցախյան ուղղությամբ մի քիչ այս կամ այն կողմը նրա համար էական չէ: Այսպիսով, մնում է Ալիեւի եւ Փաշինյանը հարցը: Սակայն խոշոր հաշվով Ալիեւը եւս ՄԽ-ի կարգավորման ծրագրին հավանություն տվել է: Ճիշտ է, չի դադարեցրել իր ամբողջատիրական հայտարարությունները, բայց եթե Էրդողանը «խնդրի», երեւի Բաքուն կստորագրի ՄԽ-ի առաջարկի տակ: Առավել եւս,երբ իր սահմանների մոտ վերջերս հայտնված ռուսական ծանր հրետանին եւս շատ բան հուշեց: Ինչ վերաբերվում է Փաշինյանին, ապա նա մնում է նույն վիճակում, որում հայտնվեց այն պահին, երբ ՄԽ-ն ներկայացրեց իր նախագիծը: Այսինքն, այդ ծրագրի հետ կապված Փաշինյանից այդպես էլ հոդաբաշխ պատասխան չկա՝ ո՛չ դրական եւ ո՛չ էլ՝ բացասական: Բայց փոխարենը նախօրեի իր ելույթում նա ընդունեց այն պարզ փաստը, որ ոչ միայն ողջ հարավկովկասյան խաղատախտակին, այլ նաեւ՝ մասնավորապես թուրքական ուղղությամբ խաղաղության միակ երաշխիքը եղել եւ մնում է Մոսկվան: Ի դեպ, այն նույն Մոսկվան, որին Փաշինյանը դեռ միայն վերջերս էր մեղադրում 2016թ. պատերազմը հրահրելու մեջ: Թե որն էր նրա նման «գաղափարախոսական» շրջադարձը 180 աստիճանով, ինքը կիմանա: Բայց ահա, Փաշինյանի շրջապատում կան տարաբնույթ սուբյեկտներ՝ սորոսականներ, մասոններ, այլ «տիպի» արեւմտամետներ, որոնք վերջին բախումների ժամանակ մինչեւ իսկ խորհուրդ էին տալիս՝ հայկական զորքերն ուղղել Ադրբեջանի խորքերը: Եվ ահա Փաշինյանը երեւի առաջին հերթին նրանց փորձեց հուշել, թե իրականում տարածաշրջանային պատերազմի ու խաղաղության բանալին որտեղ է, եւ թե ինչ կլինի, եթե Մոսկվան չկանգնեցնի թուրքական նկրտումները, որոնք այս անգամ ի ցույց դրվեցին զորավարժանքների տեսքով, իսկ դրան կարող է հաջորդել, ասենք, Սիրիայից երկու-երեք հազար գրոհայինի «պատահական անցումը» Հայաստանի ուղղությամբ. առնվազն երկրորդ «Ալեքսանդրապոլի պայմանագիր», բայց այս անգամ «մինիստրները» կարող է չհասցնեն «վերցնել հանրապետության փողերը ու հայ դե Կանադա»: Առավել եւս, երբ ռուս վերլուծաբաններն արդեն անթաքույց եւ միահամուռ կերպով են խոսում հայաստանյան «թավշյա սորոսականությունից», մեղավորներին պատժելուց եւ այլն: Բայց մյուս կողմից, եթե գործնականում բոլորն են խոսում «առարկայական բանակցությունների» մասին, այլեւս այդ մասին վերջնական պատասխան տալը ձգելու տարբերակ Փաշինյանը գործնականում չունի. անգամ բանը գրեթե հասավ պատերազմի, բայց էլի այդ պահանջը նրա առաջ է եւ էլ ավելի սուր: Դե ուրեմն, սպասենք Նիկոլի պատասխանին, որը հազիվ թե երկար ձգվի: Կարճ ասած, ուղիղ երկու տարի առաջ հայաստանյան վերնախավը նախաձեռնեց Խաչատուրովին ՀԱՊԿ-ից ետ կանչելու տգեղ խաղը, որի բոլոր «հմայքներն» այսօր աչքի առաջ են:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

